Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ նիստում փորձեց հիմնավորել, թե ինչու են ոչ իշխանական չորս ուժերը առաջարկում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված` կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Արամ Մանուկյանի խոսքով՝ ընդդիմությունն անում է այն, ինչ պետք է աներ իշխանությունը, և ժամանակավոր հանձնաժողովը լավ օրից չէ, որ առաջարկվում է ստեղծել:
«Ով է խանգարում ձեզ ճշտել, թե որքան է տրանսպորտի գինը Երևանում: Ես գիտեմ, որ 80 դրամ է կազմում: Ահա` ինչու ուզում ենք հանձնաժողով ստեղծել, որ հասկանանք, թե որքան է կազմում ուղեվարձը»,- ասաց նա:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը չի բարձրաձայնում այդ խնդիրների մասին, որովհետև վախենում է կառավարությունից ու ազդեցություն չունի այդ հարցերի վրա: Հակառակը, ըստ նրա, կառավարությունն է ազդում ԱԺ մեծամասնության վրա` արգելելով նրան մտնել այն դաշտը, որտեղ նա մուտք չունի: Մինչդեռ ընդդիմությանը արգելող չկա, ընդդիմությունը կարող է այդ հարցերի լուծմանն ուղղված նախաձեռնություններով հանդես գալ:
Մանուկյանը նշեց, որ ոչ թե երևույթների դեմ են պայքարում, որովհետև, առանձին-առանձին վերցրած, բոլորն էլ նորմալ են, բայց խնդիրն այն է, թե ինչպես է քաղաքացին կեղեքվում այդ հարկային բեռի ներքո: Որպեսզի վարորդը կարողանա դուրս գալ հարկային բեռի տակից, ստիպված է լինում աշխատել 15 ժամ, ինչն արդեն իսկ հանցագործություն է: Քաղաքացիներն իրենց եկամտի 70 տոկոսը ծախսում են պարտադիր նվազագույնի վրա, և նման սոցիալ-տնտեսական պայմաններում չի կարելի նման տուգանքներ կիրառել: Նման պայմաններում կառավարության փրկությունը, ըստ Արամ Մանուկյանի, տրանսֆերտներն են:
«Չի կարելի հույս պահել, թե Հայաստանում սոցիալական բունտ չի լինի: Բայց միշտ չէ, որ սոցիալական բունտ չի լինի: Համբերությունն էլ չափ ու սահման ունի: Բնակչության միայն հինգ-վեց տոկոսն է կարողանում նորմալ ապրել, իսկ միջին խավ այլևս չկա, կան չափազանց աղքատներ ու չափազանց հարուստներ»,- ասաց Արամ Մանուկյանը: