Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր վերափոխված հարկային նոր օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Մի քանի պատգամավորներ հանդես եկան ելույթներով:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ լավ հարկային օրենսգիրքը այն օրենսգիրքն է, որն ունի հստակեցում, որը խթանում է բիզնեսը, որը կրճատում է վարչարարությունը, անհիմն ստուգումները, ստվերը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը զարմացած է, որ կարևորագույն օրենսգրքի քննարկմանը ընդամենը մի քանի պատգամավորներ են մասնակցում: Նա առաջարկում է հարկային համաներում հայտարարել տույժ ու տուգանքների մասով` մինչև հարկային նոր օրենսգիրքը կմտնի գործողության մեջ սակայն ներկայացված տեսքով այդ օրենսգիրքը ընդունելի չի կարող լինել:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ հարկային նոր օրենսգիրքը կոնցեպտ չունի, ինչը ձախողման կտանի: Ու թեև Հրանտ Բագրատյանի որոշ առաջարկներ ընդունվել էին կառավարության կողմից, սակայն պատգամավորը բացասական կարծիք ունի այդ օրենսգրքի վերաբերյալ:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը տարակուսեց, թե ինչո՞ւ է կառավարությունն արտահերթ ռեժիմով բերել հարկային նոր օրենսգիրքը, և քանի որ նոր կառավարության ծրագիրը դեռ չեն քննարկել, հայտնի չէ, թե ո՞րն է կառավարության կոնցեպտը, որքանո՞վ է օրենսգիրքը համահունչ նոր կառավարության ծրագրին ու հայեցակարգին: «Քաղաքական մեծամասնությունը կապում է նոր վարչապետի ձեռքերը` պարտադրելով մի օրենսգիրք, որի մշակմանն ու քննարկմանը նա չի մասնակցել: Էդ մարդը էս ամբիոնից ասաց, որ ծանր վիճակում է գտնվում տնտեսությունը, հիմա այդ վիճակին հասցրած կառավարության կողմից մշակված օրենսգիրքը բերել եք խորհրդարան»,- ասաց նա` հավելելով, որ մինչև կառավարությունը չներկայացնի իր տեսլականը, ինքը չի կարող կողմ քվեարկել հարկային նոր օրենսգրքին:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանին` ասելով. «Վարչապետի ձեռքերը կապված չեն, շատ ազատ են, նրան օդից չենք բերել, նա մեր թիմի անդամ է»:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, որովհետև կառավարությունում կան պրիմիտիվ գողեր, իսկ իրավապահները չեն պատրաստվում նրանց պատասխանատվության ենթարկել:
«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Թևան Պողոսյանը, կարևորեց օրենքները հաճախակի չփոխելու հանգամանքը, ինչը նա չտեսավ հարկային նոր օրենսգրքում: Մինչդեռ օրենքները հաճախակի փոփոխելը մեծապես վնասում է բիզնեսին: Քաղաքացիներն էլ չեն տիրապետում տեղեկատվությանը, թե այս նոր օրենսգրքով իրենց կյանքը ինչպես է փոխվելու: