Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Որոտանի կասկադ»-ի գույքի վաճառքի ժամանակ մի ուշագրավ դրվագ դուրս մնաց շատերի ուշադրությունից: Խոսքը 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին է, մասնավորապես' ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի ի N 740 - Ն որոշման, որը Գերմանիայի Զարգացման վարկերի բանկի (KFW) աջակցությամբ իրականացվող` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրին է առնչվում:
Ծրագրի տևողությունը 2012- 2016թթ.-ն է, իսկ նպատակը' վերականգնել Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի Տաթև, Շամբ և Սպանդարյան հիդրոէլեկտրակայանների հիմնական սարքավորումների ու սարքերի նախագծային հզորությունները, որի արդյունքում կբարձրանա կայանների շահագործման հուսալիությունը, ինչպես նաև հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը:
«Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014-2016թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ' 2014 թվականին' 7 միլիարդ 523 միլիոն 344.6 հազ. դրամ, 2015 թվականին' 7 միլիարդ 188 միլիոն 711 հազ. դրամ, 2016 թվականին' 10 միլիարդ 20 միլիոն 883.7 հազ. դրամ»,- նշվում է որոշմանը կից փաստաթղթերում:
Հարց է առաջանում' եթե կար այսպիսի հաստատված ծրագիր' ֆինանսական աղբյուրներով, ապա ո՞րն էր «Որոտանի ՀԷԿՀ-ն» այսպես շուտափույթ վաճառելու պատճառը: Վաճառքի գործարքի օրվանից մինչ օրս Yerkir.am-ը փորձում էր հասկանալ, թե ինչո՞ւ կասկադը վաճառվեց հենց ամերիկյան «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը...
Yerkir.am-ին տրված պատասխանում, թե ի՞նչ հիմքերով է կատարվել ամերիկյան «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերության ընտրությունը` որպես «Որոտանի ՀԷԿՀ»-ի գնորդ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նշել է. «Քոնթուր գլոբալ» ընկերությունը Նյու Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում։ «Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ` քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում, ընկերությունն ունի շուրջ 1,100 մեգավատտ ընդհանուր հզորությամբ կայաններ։ Հայաստանյան «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը» կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ»:
Թե ի՞նչ պետք է հասկանայինք այս պատասխանից, պարզ չէ, բայց պարզ է, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում ձեռք բերեց իր ամբողջ էներգետիկ հզորության մոտ 11.5 տոկոսի չափով էներգետիկ հզորություն, ինչը բավականին խոշոր ցուցանիշ է: Այսինքն' ընկերությունն այնքան էլ նշանավոր չէ, ինչպես հպարտորեն նշվում էր:
Yerkir.am-ը մոտ 2 ամիս առաջ սկսեց փնտրել ու հետաքրքրվել, թե ինչ ընկերություն է «Քոնթուր Գլոբալ»-ը, ինչ է իրենից ներկայացնում: Ինտերնետում գտանք ընկերության կայքը, որտեղ նշված էլեկտրոնային փոստի հասցեով հարցում ուղարկեցինք ընկերությանը' առաջին անգամ փետրվարի 6-ին` ընկերության գործադիր տնորեն Ջոզեֆ Բրանդտի անունով` Հայաստանում իրականացվելիք ծրագրերի, «Որոտանի կասկադի» հետագա ճակատագրի ու այլ նմանատիպ հարցերի վերաբերյալ: Այն մնաց անարձագանք: Այնուհետեւ փորձեցինք հեռախոսով պարզել' մեր նամակը ստացե՞լ են, թե՞ ոչ, դարձյալ անարդյունք: Դրանից հետո եւս երկու անգամ գրեցինք ընկերության էլեկտրոնային փոստին, էԷլի անարձագանք... Որոշեցինք նույն հարցերով մի նամակ էլ փետրվարի 18-ին ուղարկել ընկերության եվրոպական գրասենյակին, որը գտնվում է Փարիզում: Այնուհետեւ դարձյալ հեռախոսով հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ճակատագիր ունեցավ մեր նամակը: Փարիզի գրասենյակից մեր հեռախոսազանգին պատասխանեցին, որ իրենք մեր հարցումը ստացել, սակայն վերահասցեագրել են գլխավոր' Նյու Յորքի գրասենյակին, քանի որ իրենց իրավասությունների մեջ չէր մտնում մեր հարցերին պատասխանելը: Սա հիշենք ու անցնենք առաջ:
Զանգահարեցինք Նյու Յորք: Այս անգամ հեռախոսավարուհին պատասխանեց մեր զանգին, բայց ասաց, ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ, այն աշխատակցուհին, ով նամակների հարցերով է զբաղվում, աշխատանքի չի գալիս, մի քանի շաբաթ չի լինելու, իսկ ինքը չգիտի' ստացե՞լ են մեր նամակներից որեւէ մեկը, թե՞ ոչ... (Հետաքրքիր է, թե այնպիսի ընկերությունը, ինչպիսին ներկայացվում է «Քոնթուր Գլոբալը» Հայաստանում, միայն մե՞կ աշխատակցուհի ունի, ով զբաղվում է փոստով, նրա բացակայության դեպքում նրան փոխարինող չկա՞): Մի քանի շաբաթից կրկին զանգահարեցինք, ու մեզ ասացին, որ ավելի լավ է' մեր նամակը նորից ուղարկենք, քանի որ իրենք չեն ստացել: Սա այն դեպքում, երբ իրենց Փարիզի գործընկերուհին նշում էր, թե մեր նամակը վերահասցեագրել է Նյու Յորք... Ինչեւիցե, փետրվարի 24-ին նորից նամակ ուղարկեցինք Նյու Յորքի գրասենյակ: Այս նամակը եւս մնաց անպատասխան:
Դրանից հետո, քանի որ կառավարությունում «Որոտանի ՀԷԿՀ»-ի վաճառքի գործարքին մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, Yerki.am-ը փորձեց նրանից հետաքրքրվել, թե ինչ ընկերություն է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադը»: ԱՄՆ դեսպանատնից մեզ պատասխանեցին. «ԱՄՆ դեսպանատունը շարունակում է իր գոհունակությունը հայտնել Հայաստանի կառավարության և ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության միջև Որոտան հիդրոկասկադի գնման համաձայնագրի վերաբերյալ: 180 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումը Հայաստանում երբևէ կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումն է և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգետիկ ոլորտում...»: Եվ վերջ...
Մարտի 7-ին դարձյալ զանգահարեցինք «Քոնթուր Գլոբալ»-ի նյույորքյան գրասենյակ' հետաքրքրվելու մեր նամակի ճակատագրով: Աշխատակցուհին ասաց, թե մեզնից որևէ նամակ չի ստացել ու տառ առ տառ թելադրեց էլեկտրոնային փոստի մեկ այլ հասցե: Բայց այդ` տառ առ տառ թելադրված փոստը գոյություն չուներ, մեր նամակը հետ եկավ: Անմիջապես մեկ անգամ եւս զանգահարեցինք աշխատակցուհուն եւ ասացինք, որ համակարգը նշում է, թե նման հասցե գոյություն չունի: Նա նորից թելադրեց ու խնդրեց կրկին փորձել: Նամակն էլի տեղ չհասավ` դարձյալ նման հասցե չլինելու պատճառով: Դրանից հետո մեր հեռախոսազանգին չպատասխանեցին...
Այդ ընթացքում «Հետք»-ի մեր գործընկերները նյութ հրապարակեցին, որտեղ կարճ, բայց որոշակի ուշագրավ մանրամասներ էին նշված, թե ում է վաճառվել «Որոտանի կասկադը»:
Ստացվեց հետևյալ պատկերը' Որոտանի ՀԷԿՀ-ի գույքը կառավարությունը վաճառեց «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» (Contour Global Hydrocascade) ընկերությանը, վաճառքի գործարքի կողմ է նաև «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» (C-G solutions global holding company) ընկերությունը:
Հիմա նայենք հաջորդականությամբ' Որոտանի ՀԷԿՀ-ն վաճառվել է հենց Հայաստանում գրանցված ««ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ»» ՓԲԸ-ին: Այս ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2013 թվականի հուլիսի 16-ին' 100 հազար դրամ կանոնադրական կապիտալով: Ընկերության հիմնադիրը Լյուքսեմբուգում է գրանցված (ի դեպ, օֆշորային գոտի է), «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՏԵՐՐԱ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ն է (100% բաժնետեր): Սակայն 2013թ. հոկտեմբերի 15-ին բաժնետերը փոխվել է եւ դարձել «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» ընկերությունը: Ընկերությունը գրանցված է ԱՄՆ Դելավեր նահանգի Վիլմինգտոն քաղաքում: Դելավերը նույնպես օֆշորային գոտի է: Ի դեպ, Լյուքսեմբուրգում գրանցված «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՏԵՐՐԱ ՀՈԼԴԻՆԳՍ ՍՊԸ-ն էլ է պատկանում նույն «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի»-ին:
Հայաստանում գրանցված «Contour Global Hydrocascade» ընկերության գրանցման եւ գործունեության իրականացման հասցեն ճշտելով' փորձեցինք այցելել ընկերության գրասենյակ: Նշված հասցեում մեծ բիզնես-կենտրոն է, որի ընդունարանի աշխատակիցը մեզ ասաց, թե իրենց մոտ նման ընկերություն գրանցված չէ: Լրացուցիչ ճշտելով, որ չենք սխալվում, մարտի 14-ին կրկին գնացինք նշված հասցեով: Այս անգամ էլ ընդունարանի աշխատակցուհին ցույց տվեց էկրանը, որտեղ նշված էին այդ շենքում գտնվող բոլոր գրասենյակների ու ընկերությունների անունները: Այնտեղ նույնպես նման ընկերություն նշված չէր:
Աշխատակցուհին, սակայն, ինչ-որ բան հիշելով, խորհուրդ տվեց դիմել այդ շենքում տեղակայված «Ամերիա Գրուպ»-ի ընդունարան' միգուցե այնտեղից նման կազմակերպության մասին տվյալներ հնարավոր լիներ գտնել: Դիմեցինք: Ընդունարանի աշխատակցուհին հայտնեց, որ «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերությունը, իրավամբ, իրենց հաճախորդն է, սակայն ընկերության գրասենյակը գտնվում է Գորիսում` հավանաբար, «Որոտան ՀԷԿՀ»-ի ադմինիստրատիվ գրասենյակը նկատի ունենալով: Այնուհետև մեզ հետ կապ հաստատեց «Ամերիա Գրուպի» աշխատակցուհիներից մեկն ու ասաց, որ «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերության հետ կապը իրականացվում է իրենց միջոցով, խնդրեց ներկայանալ: Ներկայացանք, ասացինք, որ ուզում ենք հարցազրույց կամ ուղղակի զրույց կազմակերպել ընկերության որեւէ ներկայացուցչի հետ, տվեցինք մեր կոնտակտային տվյալները: Աշխատակցուհին էլ խոստացավ, որ անպայման մեր խնդրանքը կհաղորդի ընկերության ներկայացուցիչներին ու շեշտեց. «Եթե, իհարկե, ցանկանան հանդիպել Ձեզ հետ, մենք Ձեզ տեղյակ կպահենք»: Սակայն մինչ օրս ոչ ոք մեզ հետ այս հարցի կապակցությամբ կապ չի հաստատել' ոչ մեր խնդրանքն ընդունելու, ո'չ էլ մերժելու համար:
Բազմաթիվ հարցեր են առաջանում, իրականում ի՞նչ ընկերություն է «Քոնթուր գլոբալը», որը, մեր ունեցած տեղեկություններով, դուստր ընկերություններ ունի գրանցած առնվազն երեք օֆշորային գոտիներում' Լյուքսեմբուրգում, Դելավերում, Կիպրոսում և, հավանաբար, այլ օֆշորներում եւս, ով սերտ համագործակցում է ԱՄՆ կառավարության հետ, քանի որ նրա գործարքներին, հիմնականում, մասնակցում են ամերիկյան պետական պաշտոնյաներ, ինչպես` Հայաստանում, եւ որի մասին տվյալները խնամքով շղարշված են...
Գ. Ա.