Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոտանի կասկադի վաճառքի հետ կապված` երկու կարեւորագույն հարցեր բաց են մնում' ՀՀ օրենսդրություն պահպանե՞լ է, եւ երկրորդ' ի՞նչ տնտեսական եւ էներգետիկ անվտանգության բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը' անդրադառնալով «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու մասին պայմանագրին:
Առաջին հարցի կապակցությամբ պատգամավորը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում իրենք պահանջել էին, որ նմանատիպ օբյեկտները միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո կարող են մասնավորեցվել: Այն ժամանակ էներգետիկայի նախարարը նշել էր, թե կասկադի վաճառքի որեւէ ցանկություն չկա, եւ, իհարկե, ծրագրում կընդգրկվի, նոր կորոշվի վաճառել այն:
«Դրանից առաջ էլ կրկնվում էր, որ ծրագրում ընդգրկված է: Հետո պարզվեց, որ ծրագրում չէ, իսկ հետո էլ վերահաստատվեց, որ ծրագրում կընդգրկվի ու նոր կվաճառվի... Հետո, երբ մեր հանձնաժողովը քննարկեց համաձայնություն տալու հարցը, նույն հարցը ԱԺ-ում հնչեց, եւ էներգետիկայի նախարարը նորից պատասխանեց, թե նման որեւէ գործարք չկա, եւ իրենք չեն կարող ԱԺ-ն շրջանցել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Բայց այժմ, երբ Որոտանի կասկադն արդեն վաճառվեց, պարզվում է, որ ԱԺ-ն, ամեն դեպքում, շրջանցվեց: Այսինքն' պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ձեռնարկությունն օտարվեց, եւ դա այն դեպքում, երբ, Սահմանադրության համաձայն, կառավարությունն ունի միայն պետական սեփականության կառավարման իրավասություն, այլ ոչ տնօրինման: Իսկ վաճառքը տնօրինման իրավասություն է նշանակում: Հետեւաբար` այս հարցը պետք է պարզաբանում ստանա, թե իր ո՞ր իրավասությամբ է կառավարությունը նման գործարք իրականացրել:
Երկրորդ կարեւոր հարցը` ի՞նչ տնտեսական եւ էներգետիկ անվտանգության բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:
«Ի վերջո, չմոռանանք, որ 500 մեգավատտից ավելի հզորությամբ պետական խոշորագույն սեփականություն հանդիսացող «Որոտան» հիդրոէլեկտրակայանների ցանցը գրեթե կես ատոմակայան է, եւ էներգետիկ անվտանգության բաղադրիչում պետական երեւի թե ամենահզոր ու ամենամեծ սեփականությունն էր: Այս ամենից ելնելով` պետք է հստակ ներկայացվի, թե ինչո՞ւ է որոշվել պետական այս հսկայական սեփականությունն օտարել, ի՞նչ է կատարվելու գումարի հետ, որ դրա դիմաց վերցվել է, ինչպե՞ս է որոշվել այդ գումարի մեծությունը, եւ, որ ամենակարեւորն է, Հայաստանի էներգետիկ համակարգը դրանից ի՞նչ է շահելու: Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում, եւ հետեւողականորեն պետք է փորձենք հասկանալ, պարզել, թե ինչ շարժառիթներով է կառավարությունն այս գործարքն իրականացրել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ դեռ անհրաժեշտ է հասկանալ` ի վերջո, ի՞նչ պայմանների հիման վրա է որոշվել իրականացնել այս գործարքը, եւ հավելեց, որ նմանատիպ խոշոր գործարքները չեն կարող իրականացվել առանց բարձրագույն օրենսդիր մարմնի մասնակցության: Սա չի կարող դիտվել որպես հերթական փոքր գործարք ՀՀ տնտեսական կյանքում:
«Մնացած հարցերն արդեն քննարկման արդյունքում կորոշվեն առաջիկայում, երբ, ըստ էության, այդ քննարկումը կտեղափոխվի ԱԺ»,- եզրափակեց պատգամավորը: