կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 12:28
Քաղաքական

Ուկրաինայի հայ համայնքին ոչ մի վտանգ չի սպառնում. Իվան Կուխտա

Ուկրաինայի հայ համայնքին ոչ մի վտանգ չի սպառնում. Իվան Կուխտա

Լեռնային Ղարաբաղի հարցում Ուկրաինան իր հստակ ու պարզ դիրքորոշումը բազմիցս հայտարարել է: Ըստ այդմ` Ղարաբաղյան հիմնախնդրի կարագավորումը պետք է իրականանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Ուկրաինան Մինսկի խմբի գործընկերն է ու ամեն ինչ կանի, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացները նորմալ զարգանան: Այսօր լրագրողներին այդ մասին ասաց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

 

«Ուկրաինան ԵԱՀԿ-ի համանախագահ է, ու այս առումով մեր դիրքորոշումը հստակ է` գործընթացները պետք է զարգանանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ մենք համագործակցելու ենք Մինսկի խմբի հետ»,- ասաց դեսպանը:

 

Ղարաբաղի մասին Մայդանում ակտիվ դերակատարություն ունեցած` «Աջ սեկտոր»-ի առաջնորդ Դմիտրի Յարոշի հայտարարության վերաբերյալ, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` դրանում ներառելով նաեւ Լեռնային Ղարաբաղը, Իվան Կուխտան հղում արեց ուկրաինական նորմատիվ-իրավական փաստաթղթերին ու Սահմանադրությանը եւ նշեց, որ, որպես շարքային քաղաքացի, Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ցանկացած երկրի, պետության կամ իրադարձության մասին արտահայտել իր անձնական կարծիքը, տեսակետը կամ դիրքորոշումը, որը, սակայն, Ուկրաինայի պաշտոնական տեսակետը կամ դիրքորոշումը չէ:

 

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ Ուկրաինայում հայ համայնքի անվտանգությունը` ազգայանականների հարձակումների առումով: Իվան Կուխտան նշեց, որ Ուկրաինայում ապրում են 17-20 ազգային փոքրամասնություներ, եւ Ուկրաինան, որպես իրավական պետություն, միշտ ուշադրության կենտրոնում է պահել ազգային փոքրամասնություններին` լեզվի, մշակույթի, ազգային ինքնության պահպանության եւ այլ խնդիրների լուծման առումով: Դեսպանը նշեց, որ Ուկրաինայում ապրող ազգային փոքրամասնություններին, անգամ` ռուսներին, որոնք Ուկրաինայի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, պաշտպանել պետք չէ, քանի որ նրանց ոչ մի վտանգ չի սպառնում: Իսկ ռուս կամ ռուսալեզու բնակչության հանդեպ սպառնալիքների վերաբերյալ դիվանագետը նշեց, թե հաճախ դրանք հորինված ու սուտ են: Ըստ նրա` իր ընտանիքը կիսով չափ ռուս է, ինքը եւս ռուսալեզու է, ու իրեն ոչ ոք Ուկրաինայում չի խանգարում… Ոչ ոք ոչ մեկի չի խանգարում խոսել ռուսերեն, ղրիմա-թաթարերեն կամ հայերեն: 

 

Կոնկրետ հայ համայնքի մասին Կուխտան նշեց. «Որպես դեսպան` ես կասեմ, որ մենք հպարտանում ենք հայ համայնքի համար, որն ամենամեծերից է: Ճիշտ է ուկրաինահայ համայնքի թիվը նշվում է 120-150 հազար, բայց դա 2001 թվականի մարդահամարի արդյունքներով է: Իսկ ես կարծում եմ, որ այդ ազգային փոքրակամասնության թիվը հիմա 300-350 հազար է, ու բոլորը Ուկրաինայի քաղաքացիներ են` ներկայացված են իշխանության գրեթե բոլոր օղակներում: Հայ մշակույթը եւ համայնքը լավ ներկայացված են Ուկրաինայում, մեր հարաբերությունները վերջին մի քանի դարերի ընթացքում շատ լավ են զարգանում, ու համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվեն: Ես կարծում եմ, որ այդ առումով ոչ մի պրոբլեմ չկա: Կան մարդիկ, ովքեր ասում են, թե այս կամ այն պրոբլեմները կան, դրանք հորինված են, ու այդպիսի բան չկա»:

 

Դիվանագետը, անդրադառնալով ծայրահեղական կազմակերպությունների գործունեությանը Ուկրաինայում, նշեց նաեւ, որ բոլոր այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք անօրինական են, պետք է կասեցվեն, եւ դրանք իրավունք չունեն գոյություն ունենալու:

 

Ինչ վերաբերում է ուկրաինացի ծայրահեղականների կողմից ուկրաինական հեռուստաընկերության տնօրենի ծեծին, ապա Իվան Կուխտան դա անընդունելի, Ուկրաինայի իմիջին վնասող երեւույթ որակեց ու նշեց, թե դա խայտառակություն է Ուկրաինայի համար: