կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-12 16:14
Առանց Կատեգորիա

Արդարացում` ամեն ինչ արվել է` ըստ օրենքի

Արդարացում` ամեն ինչ արվել է` ըստ օրենքի

Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ տեղաց առաջին ձյունը, բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ գրանցվեցին, բայց դրանցից մեկը մեզ համար դարձավ ուշագրավ:  Դեկտեմբերի 27-ին Զինա Հ.-ն իր մեքենան հարմար կայանում է փողոցում ու գնում իր գործերին: Մի քանի րոպե անց ուժեղ հարվածի ձայն է լսում: Տեսնում, որ իր մեքենային է բախվել մեկ այլ մեքենա, դրան էլ' մեկ ուրիշը: Չխորանալով ՃՏՊ-ի մանրամասների մեջ` նշենք միայն, որ Զինա Հ.-ն լիովին անմեղ էր' նրա «խելոք կանգնած» Nissan Primera-ին էր բախվել Mercedes-Benz G 500-ը, որի վարորդը պարզաբանել էր, թե իր մեքենային հետեւից հարվածել է մեկ այլ մեքենա, ու ինքը, փորձելով խուսափել հարվածից, բախվել է կայանած Nissan Primera-ին: Մի խոսքով' եկել են ԱՊՊԱ գործակալներն ու անցել իրենց գործին: Կազմվել են համապատասխան արձանագրությունները, որոնցով 3 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի համար տուժող են ճանաչվել Զինա Հ.-ն ու Mercedes-Benz G 500-ի վարորդը:  Ըստ այդ նույն արձանագրությունների' Զինա Հ.-ի մեքենային հասցվել է 80 հազար դրամի, իսկ Mercedes-Benz G 500-ին' 2 միլիոն 910 հազար 520 դրամի վնաս, ընդհանուր առմամբ' 2 միլիոն 990 հազար 520 դրամի:

 

Թեեւ Զինա Հ.-ն իր մեքենային հասցված վնասի չափի հետ համաձայն չի եղել, քանի որ նրա մեքենայի վերանորոգումն արժեցել է 100-120 հազար դրամ, բայց, ի վերջո, համաձայնել է թեկուզ արձանագրված վնասի չափով փոխհատուցում ստանալ` 80 հազար դրամ: Արդեն վնասի փոխհատուցման ժամանակ բացահայտել է, որ մեղավորի ԱՊՊԱ ապահովագրողը փոխանցել է ընդամենը 48 հազար 152 դրամ' պատճառաբանելով, թե այդ չափով փոխհատուցում վճարելիս առաջնորդվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 8.1.2 ենթակետով, այն է` եթե գույքային վնասներ են կրել մեկից ավելի անձինք, եւ այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է «Հայաստանի ավտոպահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից սահմանված ապահովագրական հատուցման առավելագույն գումարը` 1 միլիոն 800 հազար դրամը, ապա տուժողներից  յուրաքանչյուրի ապահովագրական հատուցումները վճարվում են վճարների ընդհանուր գումարում նրանց գույքին պատճառված վնասների չափերին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն 800 հազար դրամը:

 

Քանի որ կոնկրետ այս դեպքում երկու տուժողներին ընդհանուրը հասցվել է 2 միլիոն 990 հազար 520 դրամի վնաս, ապա դրանից միայն 1 միլիոն 800 հազար դրամն է տալու ապահովագրող ընկերությունը, որը պետք է բաշխվի երկու տուժողների միջեւ: Թե յուրաքանչյուրը որքան փոխհատուցում պետք է ստանա, հաշվարկվել է հետեւյալ կերպ' ընդհանուր` 2 միլիոն 990 հազար 520 դրամ գումարի մեջ Զինա Հ.-ին հասցված 80 հազար դրամի չափով վնասը կազմում է մոտավորապես 2,675 տոկոսը, իսկ 1 միլիոն 800 հազար դրամի մեջ այդ տոկոսին համապատասխանում է 48 հազար 152 դրամը:

 

Այս դեպքում փոխհատուցումը վճարողը եղել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Ընկերությունից մեր զանգին պատասխանած օպերատորը հարցին' հնարավոր չէ՞ր, արդյոք, Զինա Հ.-ին հասցված վնասը փոխհատուցել ամբողջությամբ, քանի որ նա պատահարում ոչ մի մեղք չունի, պատասխանեց, թե որոշումը կայացվել է' ըստ օրենքի: «Այսինքն' օրենքն է հանդիսացել դրդապատճառ, որ նման որոշում կայացվի, ըստ օրենքի է որոշումը կայացվել, դրա համար մենք համապատասխան օրենքի հոդվածը կցում  եւ ուղարկում ենք, որպեսզի հաճախորդը կարողանա մանրամասն ծանոթանալ»,- նշեց նա:

 

Հայաստանի «Ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ -ի իրավաբանական ծառայության պետ Սամվել Աղախանյանը այս առումով Yerkir.am-ին ասաց, թե ապահովագրական պայմանագրով անձը գնում է որոշակի գումարի շրջանակներում իր պատասխանատվության ապահովագրությունը: Այսինքն' տվյալ պատահարում մեղավորը գնել է 1 միլիոն 800 հազար դրամի ապահովագրական ծածկույթ' գույքային վնասների գծով:

 

Ավտոապահովագրողի կողմից 1.8 միլիոն դրամի շրջանակներում հաշվարկած վնասի փոխհատուցման չափի հաշվարկի մասով էլ Սամվել Աղախանյանը նշեց. «Ավտոապահովագրողը այս հարցում, միանշանակ ճիշտ է' նա գործել է ըստ օրենքի»:

 

Ամենաառաջին տրամաբանական հարցը, որ ծագում է, հետեւյալն է' այն անձը, ով ոչ մի խախտում չի արել, ոչ մի վթարային իրավիճակ չի ստեղծել, այլ ընդամենը իր մեքենան կայանել է «չարաբաստիկ» վայրում, իր մեքենային հարվածող մեքենայի կրած նյութական վնասի մեծության պատճառով զրկվում է անգամ ԱՊՊԱ-ի համար նախատեսված առավելագույն փոխհատուցման չափի մեջ ընդամենը մոտ 2.3 տոկոս կազմող գումարից: Եվ այստեղ էական էլ չէ, որ հետո նրա մեքենային հարվածող մեքենայի վարորդը անմեղ է ճանաչվել պատահարի մեջ, նրա մեքենային էլ են հարվածել և այլն: Փաստը մնում է այն, որ մարդը ստիպված է եղել ուրիշի մեղքով տեղի ունեցած պատահարի հետևանքով իր վնասված մեքենան վերանորոգել սեփական միջոցներով:

 

Եվ տուժողը իր կրած վնասի չփոխհատուցված մասը ստանալու համար արդեն պետք է դիմի դատարան ու մեղավորից պահանջի իր կրած վնասների փոխհատուցում' դատական կարգով, եթե մեղավորը չի համաձայնում առանց դատարանի փոխհատուցել պատճառած վնասը:  Իսկ այս պրոցեսը, ինչպես նշեց «Ավտոապահովագրողների բյուրոյի» իրավական վարչության պետը, արդեն ԱՊՊԱ համակարգի շրջանակներից դուրս է:

 

Կոնկրետ այս ու սրա նման այլ դեպքերի վերաբերյալ առաջանում է երկրորդ հարցը: Ըստ էության` վնաս պատճառողը տուժողներից մեկին հասցրել է վնաս, որը գերազանցում է ԱՊՊԱ ապահովագրական ծածկույթով նախատեսված գումարի մեծությունը: Ընդ որում' դեռ ինչ-որ տեղ վիճելի է' Mercedes-Benz G 500-ը սկզբում հարվածել է Զինա Հ.-ի մեքենային ու հետո՞ հարված ստացել հետևից, թե՞ հարված է ստացել ու նոր ինքը հարվածել: Որովհետեւ թե' «Մերսեդեսը» եւ թե' նրան հարվածողը շարժման մեջ են եղել: Բայց այ Զինա Հ.-ն միանշանակ մեղավոր չի եղել: Ինչու նա չպետք է ստանա իրեն հասցված վնասն ամբողջությամբ, որը ոչ մի դեպքում չի գերազանցում ԱՊՊԱ փոխհատուցումների համար նախատեսված առավելագույն գումարի չափը: Սա, թերեւս, ոչ թե ապահովագրողների կամ բյուրոյի խնդիրն է, այլ ուրիշ մարմինների, ովքեր ԱՊՊԱ-ն «փաթաթեցին» մարդկանց վզին, ու իրենց հորինած օրենքով էլ այնպիսի նորմեր են սահմանել, որ ավտոապահովագրողը հնարավորինս քիչ ռիսկ ունենա, ու նման իրավիճակները հաշվի չեն առնվել օրենքում, թեեւ կարող էին ԱՊՊԱ ապահովագրողի ռիսկերի մեջ մտցվել, քանի որ մյուս կողմից ժողովրդին պարտադրում են ապահովագրողներին  փող մուծել:

 

Երբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի 5 տոկոս պարտադիր բաղադրիչի մասին խոսելիս հայրենի իշխանավորները «վկա» են բերում ԱՊՊԱ-ն, ուրեմն պետք է նաև նշենք, որ այսպիսի բաներ էլ են լինում, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի քանի տարի հետո, երբ մարդիկ իրենց կուտակած կենսաթոշակային միջոցները կորցնեն, օրինակ' ակտիվները ճիշտ կառավարել չկարողանալով կամ բարձր գնաճի պայմաններում, չի բացառվում որ նույն կերպ ֆոնդի կառավարիչն ասի' «օրենքն է այպիսին, մենք ամեն ինչ արել ենք' ըստ օրենքի»: Հայաստանում պարտադրված բոլոր երեւույթներն էլ դրա վառ ապացույցն են, երբ առաջին հերթին հաշվի են առնվում տնտեսվարողի, անձի, ինչ-որ ընտրյալի, իսկ ամենավերջինը` հասարակության իրավունքներն ու շահերը:

 

Գեւորգ Ավչյան