Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն, 4 երեխաների հայր` 35-ամյա Արչիլ Մաղրաձեի մահվան դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս: Խոստումնալից երիտասարդի մահվան փաստը շատերի համար դեռևս առեղծված է թվում: Հիմնական հարցը, որը հուզում է շատերին, այն է, թե ինչպե՞ս կարող էր Մաղրաձեն կորչել մի վայրում, որտեղ մշտապես անվտանգ և հարմարավետ հանգստի պայմաններ են ապահովվել շատերի, հատկապես` զբոսաշրջիկների համար: Եվ հենց այդ հարցի պատասխանը գտնելու համար էլ սկսվեց yerkir.am-ի հետաքննությունը:
Ճիշտ է, դեռևս հայտնի չեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, սակայն այն վարկածը, որ երիտասարդը մահացել է տեղանքում մոլորվելու հետեւանքով սառչելու պատճառով, գրեթե կասկած չի հարուցում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 2-ին՝ ուշ երեկոյան, ահազանգ էր ստացել, որ Արչիլ Վախթանգի Մաղրաձեն անհետ կորել է, չի պատասխանում հեռախոսազանգերին, եւ նրա գտնվելու վայրն անհայտ է: Հաջորդ օրը միայն` ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում` Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում հայտնաբերվեց երիտասարդի դին:
Մեր տեղեկություններով` Մաղրաձեն ճոպանուղիով բարձրացել էր 3-րդ կայան և հանդիպակաց ուղղությամբ սնոուբորդով սահել ցած ու մոլորվել, ինչից հետո, երկար ճանապարհ հաղթահարելով, հասել էր մարզաբազայից մոտ 2 կմ վերև գտնվող` Թթուջուր կոչվող տեղանքը և սառչել:
Առաջին փաստը, որը չէր կարող վրիպել մեր ուշադրությունից այն էր, որ երիտասարդը 3-րդ կայան է բարձրացել երեկոյան` ճոպանուղու վերջին երթևեկի ժամանակ: Մեր տեղեկություններով` այդ օրը ճոպանուղու 3-րդ կայանում մառախուղ է եղել, հետեւաբար` կայանի աշխատանքը պետք է դադարեցվեր, որը, սակայն, չի արվել: Ի դեպ` եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ ճոպանուղու սկզբնամասում տեղադրված հատուկ գրատախտակի վրա պատասխանատուները պարտավոր են գրել, որ, օրինակ, տվյալ կայանը չի սպասարկվում մառախուղի կամ այլ պատճառով, ինչը ևս չի արվել: Բանն այն է, որ երրորդ կայանի սկզբնամասում գործում է ռեստորան, որն աշխատեցնելու, այսինքն` հաճախորդներով ապահովելու գործում գլխավոր դերակատարությունը հենց ճոպանուղունն է:
Սակայն նշենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Ճոպանուղիների շահագործման տեխնիկական կանոնակարգի» 284-րդ կետի համաձայն` «ճոպանուղու անձնագրում և շահագործման հրահանգում վերապահված անբարենպաստ եղանակային պայմանների առկայության դեպքում ճոպանուղու շահագործումը չի թույլատրվում»: Հիշյալ որոշման նույն կետը սահմանում է, որ ճոպանուղու շահագործումը չի թույլատրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրում ստացած անձնակազմի բացակայության դեպքում:
Նշենք, որ Ծաղկաձորի ճոպանուղու` հավաստագրում ստացած անձնակազմը կազմված է բժիշկներից, մարզիչներից, հրահանգիչներից, կայանների հերթապահներից, ուղեկցողներից, տեխնիկական սպասարկման աշխատակիցներից, փրկարարներից և այլն: Սակայն,yerkir.am-ի տեղեկություններով, ողջ ձմեռ ճոպանուղու տարածքում փրկարարական ծառայությունը գործունեություն չի ծավալել, այսինքն` դեպքի օրը տարածքում փրկարար չի եղել:
Դեռևս մեկ տարի առաջ տարածքում գործում էր 6 անձից կազմված փրկարարական բրիգադ, որի անդամներն ամեն օր` ճոպանուղու բոլոր կայանների փակվելուց հետո, բարձրանում էին վերջին կայան և ստուգում` արդյոք վերևում որևէ մեկը մնացե՞լ է, թե՞ ոչ: Եթե տարածքում մեքենա էր հայտնաբերվում, որն առանց ուղևորի էր, աշխատակիցները բարձրախոսով` մի քանի լեզուներով, հայտարարում էին մեքենայի հայտնաբերման մասին, և եթե արձագանք չէր լինում, ենթադրվում էին, որ կորած մարդ կա, և գնում էին նրան փրկելու: Մեզ հայտնի մի քանի նման դեպք եղել է, երբ մառախուղի պատճառով ռուս զբոսաշրջիկներ են կորել, սակայն նրանց ճոպանուղու փրկարարական ծառայության աշխատակիցները գտել են: Այսինքն` հնարավոր էր բացառել նաև վրացի երիտասարդի հետ պատահածը, բայց…
Ճոպանուղու փրկարարական ծառայությունը կազմակերպվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` մասնագիտացած կազմակերպության հետ պայմանագրի հիման վրա կամ էլ ճոպանուղու սպասարկող անձնակազմից, որոնք սովորել են կատարել փրկարարական աշխատանքներ: Yerkir.am-ը ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացավ, որ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում հերթապահող փրկարարների հետ իրենց փրկարար ծառայությունն առնչություն չունի: Մեզ հայտնի դարձավ, որ ճոպանուղին որևէ մասնագիտացած կազմակերպության հետ ևս պայմանագիր չունի: Գոյություն չունի նաև ճոպանուղու աշխատակիցներից կազմված փրկարարական ծառայություն: Ընդամենը կան մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելուց քիչ, թե շատ գլուխ հանող աշխատակիցներ, ովքեր վնասվածք ստացածներին «Բուրան» մակնիշի ձյունագնացով իջեցնում են վար, որտեղ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը բուժօգնություն է ցույց տալիս:
Մեկ հետաքրքրական հանգամանք ևս` առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հասկացող մարդկանց համար, անշուշտ, զավեշտալի կթվա վնասվածք ստացած մարդկանց տեղափոխելու` վերը նշված տարբերակը: Հայտնի է, որ, օրինակ, վնասված ոտքը պետք է անշարժ վիճակում պահել` մինչև պատշաճ բուժօգնություն ցուցաբերելը, սակայն պատկերացրեք` ինչ ասել է ձյունագնացով սարից իջեցնել հիվանդին: Մինչև տեղ հասնելը մի քանի կոտրվածք ևս ստանալու հավանականությունը մեծ է: Դրա լուծումը մասնագետները գտել են շատ վաղուց, երբ ստեղծել են AKI տեսակի` սահնակ հիշեցնող հատուկ սարքը («ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրենի դիակը հենց դրանով են իջեցրել), որի շնորհիվ հնարավոր է հիվանդին անշարժ և անվտանգ տեղ հասցնել: Սակայն այս սահնակով հիվանդին կարող են իջեցնել միայն փրկարարները, քանի որ այն կառավարելը բավական բարդ է և որոշակի մասնագիտական հմտություններ է պահանջում:
Ի դեպ, պարզվում է Ծաղկաձորի ճոպանուղում այնպիսի հաստիքային ճգնաժամ է, որ երկու ձյունագնացներից մեկը վարում է ճոպանուղու էլեկտրիկը, մյուսը` պահեստապետը: Նշենք, որ վնասվածք ստացածներին ձյունագնացով իջեցրել են նաև Համահայկական խաղերի մրցումների ժամանակ, ինչն անթույլատրելի է:
Ինչևէ, չշեղվելով բուն թեմայից` ներկայացնենք նաև փրկարարարական ծառայության, եղանակային անբարենպաստ պայմաններում ճոպանուղու շահագործման և այլ հարցերի վերաբերյալ Ծաղկաձորի ճոպանուղու տնօրեն Ասատուր Պողոսյանի պարզաբանումը: Նա հաստատեց, որ ճոպանուղին մառախուղի ժամանակ չի կարող շահագործվել, իսկ որևէ կայանը չսպասարկելու վերաբերյալ պետք է գրված լինի ճոպանուղու սկզբնամասում: Պողոսյանը նշեց, որ ԱԻՆ-ից համապատասխան ծառայության աշխատակիցները պարբերաբար գալիս և ճոպանուղու անվտանգության վերաբերյալ ստուգումներ են անցկացնում: Սակայն մեզ հուզող հիմնական և առանցքային հարցին պատասխանելու համար տնօրինից, ոչ ավելի, ոչ պակաս, մոտ կես ժամ պահանջվեց:
«Ճոպանուղու տարածքում քանի՞ փրկարար է աշխատում» մեր պարզ հարցը լսելով` տնօրենն ասաց. «Ինչի՞ համար եք հարցնում է, ես պահելու բան չունեմ, ես կոնկրետ հեսա կասեմ` մեր ճոպանուղին ամենաանվտանգն ա: Էսքան ժամանակ լսե՞լ եք, որ Ծաղկաձորի ճոպանուղին թերացել է: Ի՞նչ եք գրելու որ: Հա, բայց ես կարամ չպատասխանեմ է~ Ձեր հարցերին»: Հարցին չպատասխանելու համար տարբեր պատրվակներ բերելուց հետո տնօրենն, ի վերջո, որոշեց, որ իր տեղը հարմար չէ և չի կարող խոսել: Սակայն հետո ինքն անձամբ զանգահարեց խմբագրություն և հայտնեց, որ Ծաղկաձորի ճոպանուղիում 10 փրկարար է աշխատում: Գրեթե այնքան, որքան անձնակազմի թիվն է:
Հարցին, թե նշված փրկարարներն արդյո՞ք առանձին հաստիք ունեն և տիրապետո՞ւմ են փրկարարական հմտություններին, Պողոսյանը պատասխանեց. «Դու կհիշես, որ Տաթևի ճոպանուղին փչացել էր, լիքը դեպքեր ա եղել, մի անգամ ես էլ եմ մեջը մնացել, եկավ 911-ը` իջացրեց, այսինքն` պետք է չգնար այդ 911-ը, այլ իրենք պետք է փրկեին, հասկանո՞ւմ եք»: Տնօրենը երևի նկատի ուներ` ճիշտ կլինի, որ փրկարարները լինեն հենց ճոպանուղու աշխատակիցներ:
Մեր մյուս հարցին` Ձեր փրկարարներն իրենց մասնագիտական հմտությունները բարելավելու համար վերապատրաստվո՞ւմ են, նա պատասխանեց. «Ամեն տարի արտասահմանից աշխատողներ են գալիս, մեզ մոտ տեխզննում են անցկացնում: Փրկարարներին էլ են անում»:
Ինչևէ, պարզից էլ պարզ է, թե ինչու էր սկզբում տնօրենը խուսափում մեր հարցերից, իսկ տված պատասխանների մասին ենթադրություններն էլ թողնում ենք ձեզ: Սակայն մի բան ակնհայտ է, եթե նմանատիպ դեպք պատահեր մեկ այլ երկրում, հավատացած եղեք, որ յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրեր` սկսած հասարակ ծառայողից մինչև ղեկավար: Սակայն այս դեպքում քրեական գործ չհարուցվեց, և ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:
Նշենք, որ փետրվարի 13-ին ոստիկանությունը որոշում էր կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (բացակայում է հանցագործության դեպքը) նախապատրաստված նյութերով Մաղրաձեի մահվան փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։
Ոչ ոք պատասխանատվություն չկրեց մի պարզ պատճառով` մեր երկրում տիրող ամենաթողությունը և որոշ մարդկանց մենաշնորհն իրավունք են տալիս կոծկելու նման «մանրուքները», որպեսզի հանկարծ հետո որևէ մեկի բիզնեսի կամ անվան վրա սև բիծ չմնա:
Սակայն հույս ունենանք, որ պատկան մարմիններն ուշադրության կարժանացնեն այս հարցը` հետագայում նման դեպքերը բացառելու և որոշ մարդկանց առավել պատասխանատու և պարտավորված դարձնելու համար:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ