Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կնոջը կանացի դարձնելու այլ տարբերակ չկա, նրան պետք է սիրել: Նա օրգանապես է այդպիսին, պարտադիր չէ, որ ինքը սիրի, բայց նրա սիրվելը պարտադիր է: Հենց սերը պակասում է, ծնվում է գենդերը: Ի՞նչ է դա: Դա կնոջ հիմնական «զբաղմունքի վրա» առաջացած ուռուցքն է, կինը չի կարող խոսել կնոջ իրավունքներից, եթե սիրված է: Գենդերը ծնվում է, երբ մյուս սեռը «չկա», այսինքն` չի սիրում: Կինն այդ չսերը կարող է դարձնել քաղաքական գնահատական: Ի՞նչ է սերը՝ գնահատական: Երբ այն չկա, կինը փնտրում է ինքնագնահատման ուղիներ: Գենդերն ինքնագնահատական է, որը սեռ չունի: Գնահատված կինն իրավունքների ժամանակ չունի, չգնահատվածն ունի ամեն ինչի ժամանակ, ներառյալ՝ իրավունքների եւ ատելության: Գենդերն առաջանում է, երբ կնոջ աչքերը չեն փայլում:
Հիմա խոսում են այն մասին, որ երեխան ինքը պետք է ընտրի իր սեռը, երբ մեծանա կամ երբ ուզի: Դպրոցներում դա արդեն դասավանդում են: Այսինքն` տղաներին եւ աղջիկներին բառացիորեն ասում են՝ այն, որ տղա կամ աղջիկ եք ծնվել, դեռեւս չի նշանակում, որ տղա եք կամ աղջիկ: Շատ կարեւոր է ընտրության ինստիտուտը: Այսինքն` կամաարտահայտումը: Իբր, եթե երեխան կարողացավ կատարել այդ ընտրությունը, անիմաստ կլինի բոլոր մնացած ընտրությունները կեղծել:
Ես դուստր ունեմ: Ես, կարելի է ասել, աղոթել եմ, որ երեխաս աղջիկ ծնվի: Եվ արդեն գիտեմ, որ երկրորդ դասարանից նրան ուսուցանելու են «գենդեր» տերմինը: Երկրորդ դասարանցի աղջիկ երեխային բացատրել, թե ինչ է նշանակում ունենալ սեռի ընտրություն, նշանակում է ընդունել, որ նա բնավ էլ աղջիկ չէ: Գենդերը սա է: Երբ ի սկզբանե սեռ գոյություն չունի: Եվ երբ քեզ, այսինքն` պետությանդ, պետք չէ, որ աղջիկը լինի սեռ: Այսինքն` էս գլխից երեխաներին սովորեցնում ենք չսիրել: Եվ եթե դա սովորեցնում ենք մանկահասակ տարիքից, նշանակում է, նրան սովորեցնում ենք ընդհանրապես չսիրել՝ ծնողներին, կենդանիներին, բնությունը, երկիրը: Գենդերը սիրո բացակայությունն է: Եվ վերջ: Այսինքն` սիրո բացակայության վրա գլուխ բարձրացնող իրավունքները: Որովհետեւ, եթե սեր չկա, ինքդ պիտի քո ճարը տեսնես: Իսկ ճարը տեսնում են` իրավունքները ճշտելով:
Գենդերի ակունքները խանդի մեջ են, երբ կինը հանկարծ իրեն զգում է լքված, խաբված եւ չգնահատված: Գենդերը խանդի արմատներից աճել է, աճել ու դարձել է իրավունք: Եվ համապատասխան ուղեղները մտածել են՝ եթե դա իրավունք է, ինչո՞ւ երեխան այդ մասին չիմանա էն գլխից: Այսինքն` երեխան դեռ չի սիրել, դեռ սիրած տղա չունի, արդեն հասկանում է, որ պետք էլ չէ, որ ունենա: Թող գրողի ծոցը կորչեն տղաները, ես ինքս կդառնամ տղա: Ես կդառնամ իմ իսկ տղան: Հավանաբար` հենց այստեղ է Նարցիսի ակունքները: Կամ՝ Դորիան Գրեյի, որի հեղինակը հոմոսեքսուալ էր: Թեպետ՝ հանճարեղ: Կամ՝ բնականաբար, հանճարեղ: Երբեմն նույնն է:
Գենդերն ավարտուն վիճակ է ձեռք բերում, երբ սիրուց նույնիսկ հիշողություն էլ չի մնում: Սիրո բացակայությամբ հանդերձ, գենդերն անխուսափելի չէ: Այսինքն` գենդերը ոչ միայն սիրո բացակայության արդյունք է, այլեւ՝ մտքի: Հզոր ինտելեկտով կինը նույնքան հակագենդերային է, նույնիսկ եթե սարսափեցնում է տղամարդկանց, նույնիսկ եթե տղամարդիկ վախից անզոր ու կամազուրկ են դառնում նրա առաջ: Գենդերը, այլ խոսքով, ոչ միայն սիրո բացակայության արդյունք է, այլեւ՝ ինտելեկտի: Խելոք կինը պաշտպանված է սիրո բացակայության անհարմարություններից, քանի որ իրավունքները նա ունի կամ ճշտում է` անկախ նրանից՝ սիրում է, թե՝ ոչ: Խելոք կինն իշխում է առանց պահանջելու, նա ստանում է առանց ձեռք մեկնելու, նա սիրվում է երկյուղածորեն, ինչպես հոգեւոր առաջնորդը: Նա չգիտի, թե ինչ է սիրո կարիքը, քանի որ սիրո իմաստավորումն անընդհատ նրան լցնում է սիրով: Նրանից կարող է ճառագել սիրո տրիումֆը, որում ինքը փոքրիկ փորձառություն անգամ չունի: Գենդերի գաղտնիքը, հետեւաբար, ազատ եւ պաշտպանված կին լինելու մեջ չէ, այլ ընդհանրապես կին չլինելու մեջ է: Եվ նրա` դեպի համասեռամոլություն տանող փաստը գենդեր կոչվող անեծքի սոսկ ծաղիկներն է:
Սեյրան Հանոյան