Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Բարձրատիճան պաշտոնյաների գույքն ու եկամուտները ներկայացնելիս այս անգամ որոշեցինք անդրադառնալ խմբակցությունների քարտուղարներին:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ էր։ Այսինքն՝ Ա. Մանուկյանն այդ ժամանակ ոչինչ չի ունեցել՝ ոչ տուն, ոչ փող։ Իսկ արդեն անցած տարի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նա գրանցել է 1 անշարժ գույք եւ նախորդ 1 տարվա ընթացքում ԱԺ-ից ստացած 2 մլն 180 հազար դրամ աշխատավարձը։ Նույն հանձնաժողովին Մանուկյանի կինը հայտարարագրել էր 1,9 մլն դրամ եւ 10,900 դոլար, իսկ որդին՝ 2,6 մլն դրամ աշխատավարձ։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն, ունի 3 բնակարան Երեւանի բավական կենտրոնական հատվածներում։ Դրամական միջոցներ բաժնում հայտարարագրել է միայն ԱԺ-ից ստացած մոտ 3,5 մլն դրամ աշխատավարձը, իսկ էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի դրամական միջոցներ բաժնում նշված է նաեւ 5 մլն դրամ։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը 2012թ. ԿԸՀ-ում որպես աշխատավարձ հայտարարագրել է ԱԺ-ից ստացած մոտ 3,4 մլն դրամը։ Բացի այդ, նա նշել է 960.000 դրամ եւ 18.000 դոլար։ Գրանցել է նաեւ 800 քմ հողակտոր Դիլիջանում։ Մինչդեռ էթիկայի հանձնաժողովի հայտարարագրում ՀՀԿ քարտուղարը նշել է նաեւ 36 հազար դոլար արժողությամբ մի TOYOTA PRADO ավտոմեքենա։ Հ. Սահակյանի կնոջ հայտարարագրում նշված է մոտ 1 մլն դրամական միջոց։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 2012թ. ԿԸՀ-ում հայտարարագրել է 73 քմ տարածքով մեկ բնակարան Դավթաշենում, 10-15 մլն դրամ արժողությամբ ինչ-որ թանկարժեք գույք՝ ամենայն հավանականությամբ գեղանկարներ, 7000 դոլար եւ 1 մլն դրամ։ Իսկ էթիկայի հանձնաժողովի անցած տարվա հայտարարագրում նշել է 2 մլն դրամ եւ 5000 դոլար։ Պատգամավորի կինը հայտարարագրել է 2 անշարժ գույք, որոնց հասցեները նշված չեն, եւ 4,5 մլն դրամ։
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը 2012թ. ԿԸՀ-ում հայտարարագրել է 85,5 քմ տարածքով մի բնակարան Մաշտոցի պողոտայում եւ ընդամենը 450.000 դրամական միջոց։ Նշված է, որ նա մոտ 4,1 մլն դրամ աշխատավարձ է ստացել տարբեր տեղերից։ Իսկ էթիկայի հանձնաժողովի անցած տարվա հայտարարագրում նշել է հավելյալ մոտ 6,2 մլն դրամ։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը անցած տարի հայտարարագրել է 3 անշարժ գույք, որոնց հասցեները նշված չեն, 2 շարժական գույք՝ հավանաբար ավտոմեքենաներ։ Արժեթղթերի բաժնում նույնպես ինչ-որ գրանցում կա, բայց այն նույնպես փակ է։ Իսկ դրամական միջոցներ բաժնում նա հայտարարագրել է 30 մլն դրամ, 23.800 դոլար եւ 1000 եվրո։ Վերջինիս կինը նույնպես տիրապետում է նկատելի միջոցների՝ 27 հազար դոլար եւ 12,5 մլն դրամ։ Այսպիսով, ստացվում է, որ ԱԺ 6 խմբակցությունների քարտուղարներից ամենահարուստը Թեւան Պողոսյանն է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: