կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 16:05
Քաղաքական

Թևան Պողոսյանն առաջարկեց ադրբեջանցի պատգամավորներին` այցելել Ստեփանակերտ և շնորհավորել ԼՂՀ անկախությունը

Թևան Պողոսյանն առաջարկեց ադրբեջանցի պատգամավորներին` այցելել Ստեփանակերտ և շնորհավորել ԼՂՀ անկախությունը

Այսօր «Սպուտնիկ» մամուլի ակումբում «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» թեմայով Երևան–Մոսկվա–Բաքու տեսակամուրջ-քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Հայաստանից` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Ադրբեջանից` Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը:

Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը նախ նշեց, որ տարբեր հարթակներում առիթ է ունեցել հանդիպելու թե' Խոսրով Հարությունյանի, թե' Թևան Պողոսյանի հետ, երբ աշխատում էր որպես Ադրբեջանի նախագահի խորհրդական, միայն թե այդ ժամանակ հակամարտությունը դեռ չէր սրվել: Նրա խոսքով` շատ մեծ հույսեր է փայփայել, որ հակամարտությունը կլուծվի, սակայն, ցավոք, հույսերը չարդարացան:

Ռուսաստանի դերի մասին նա ավելորդ համարեց քննարկել, որովհետև բնական է, որ գերտերությունների դերն արդեն իսկ պայմանավորված է պատմականորեն, տնտեսական, մշակութային, ժողովրդագրական և վերջապես` ռազմական կապերով, մասնավորապես` շեշտեց Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունը:

«Շատ հաճախ հայերին թվում է, թե Ռուսաստանը Ադրբեջանի կողմից է, Ադրբեջանում էլ թվում է, թե Ռուսաստանը Հայաստանի կողմնակիցն է: Ամեն դեպքում Ռուսաստանն ուղիղ կերպով ներգրավված է այս կոնֆլիկտի մեջ»,-կարծիք հայտնեց Մուսաբեկովը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ կառուցողական քննարկում ծավալելու համար պետք է հաշվի առնել հետևյալ իրականությունը, այն է` 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն հռչակեց իր անկախությունը: 25 տարի այն գոյություն ունի` հաղթելով երկու պատերազմ 1991-1994թթ. և 2016թ. ապրիլի 1-4-ը: Եվ կառուցողական կլիներ, եթե այսքանից հետո Ադրբեջանը առաջինը ճանաչեր ԼՂՀ-ն` նրա հետ նստելով բանակցությունների սեղանի շուրջ:

«Եվ եթե Ադրբեջանն այդքան ֆինանսական ռեսուրս ունի, ինչպես անընդհատ հայտարարում է, ապա կարծում եմ` բանակցային սեղանի շուրջ շատ համոզիչ կգտնվեն` ներկայացնելով այնպիսի մեխանիզմներ, որ խաղաղությունը վերականգնվի»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ինչ վերաբհերում է ադրբեջանցի փորձագետների բերած օրինակներին, թե Ադրբեջանն ինչ առավելություններ ունի Հայաստանի նկատմամբ, նա նշեց. «Կան նաև ուրիշ չեմպիոնություններ, որ ունի Ադրբեջանը, այն է` կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման չեմպիոնություն, գլուխ կտրող մարդուն հերոսի կոչում տալու և խաղաղ բնակիչներին խոշտանգելու չեմպիոնություն և այլն»:

Թևան Պողոսյանը կոչ արեց ադրբեջանցի կոլեգաներին` հետևել իր առաջարկին` 2016թ. սեպտեմբերի 2-ին այցելել Ստեփանակերտ ու շնորհավորել արցախցիներին ԼՂՀ անկախության 25-ամյակի առիթով: Ըստ պատգամավորի` հենց դա կլինի կառուցողական: