Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-03-03 21:08
Մշակույթ

Իմ ու Մեսչյանի մեջ մարդիկ են՝ մեր մեջ չտեղավորվող

Իմ ու Մեսչյանի մեջ մարդիկ են՝ մեր մեջ չտեղավորվող

Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է: Օրն անցավ, բայց էդպես էլ չկարողացա գրել՝ այսօր Մեսչյանի ծնունդն է, ծնվել է այսինչ թվականին, արել այսինչը, գրել այսքան երգ:

 

Իմ ու Մեսչյանի մեջ մարդիկ են, կյանքս՝ դեմքերով լցված: Իմ ու Մեսչյանի մեջ մարդիկ են, բայց ոչ մարդը: Իմ ու Մեսչյանի մեջ կյանքս է, բայց ոչ՝ կյանքը: Իմ ու Մեսչյանի մեջ ես եմ ու Մեսչյանը՝ մարդկանց նայելիս՝ մեսչյանավարի:

 

«Մեսչյա՞ն ես լսում: Հմմ: Ծանր մարդ կլինես: Ծանր է Մեսչյանին ամեն օր լսելը»,-ասաց մեկը:

 

«Մեսչյա՞ն. ես Հախվերդյան եմ նախընտրում»,-ասաց երկրորդը:

 

«Մեսչյանը հզոր ա, բայց որ լսում եմ՝ տրամադրությունս ընկնում ա: Դու չե՞ս տխրում Մեսչյան լսելիս»,-ասաց տարիքովը:

 

«Մեսչյա՞ն, հա, ասում են՝ լավն ա. լսի բա չե՞ս հարցնում՝ կոստյումս որտեղի՞ց եմ առել»,-ասաց մորուքավորը:

 

«Արթուր Մեսչյա՞ն. չէ, ես հայ աստղերին չեմ լսում»,-ասաց նա, ով նախընտրում էր աստղիկներով փողկապ կապել:

 

«Մեսչյանն էն որ հաստ ձայնով ու դողացող ձեռքերով ա, ինքն ա՞»,-ասաց անընդհատ խաչակնքվողը:

 

Մեկը, երկրորդը, տարիքովը, մորուքավորը, աստղիկներով փողկապավորն ու անընդհատ խաչակնքվողն եկան ու անցան՝ իմ ու Մեսչյանի միջով, բայց էդպես էլ չմտան մեր տարածության մեջ:

 

Իմ ու Մեսչյանի մեջ բառեր կան՝ կոկորդում մնացած ու «ա՜հ»-ի վերածված: Իմ ու Մեսչյանի մեջ Մեսչյանի երգերը չեն՝ դրանք մեզնից դուրս են: Իմ ու Մեսչյանի մեջ կյանքս է՝ Մեսչյանի լռության, երգելիս թափ տվող ձեռքի ու ներսը տեսնող հայացքի երկայնքով ու հաջորդականությամբ:

 

Իմ ու Մեսչյանի մեջ մարդիկ են՝ մեր մեջ չտեղավորվող:

 

Կարինե Հարությունյան