Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվար-փետրվար ամիսներին հազարավոր քաղաքացիներ սկսեցին բողոքել սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց մուծելիք գումարների մեծություններից: Եթե գազի վճարների համար մեծ աղմուկ հանեց «ազոտային» սկանդալը, գազամատակարարող ընկերությունն էլ փորձեց համոզել ազգաբնակչությանը, թե ձմեռը ցուրտ է եղել, ու մարդիկ ավելի շատ գազ են սպառել, դրանով պայմանավորված էլ վճարները շատ են եղել, ապա էլեկտրաէներգիայի հարցը մնաց լուսանցքում:
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես եւ ինչու են բազմաթիվ քաղաքացիների ներկայացվել իբր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց պահանջվող վճարումների ավելի մեծ գումարներ: Ըստ ՀԷՑ-ի մեր աղբյուրների` էլեկտրաէներգիայի դիմաց ազգաբնակչության հաշվին պարբերաբար անում են հավելագրումներ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը ունենում է բավական մեծ կորուստներ, ու ինչ-որ ձեւով դրանք պետք է փոխհատուցվեն:
Ըստ էության, ինչպես ներկայացրեցին մեր աղբյուրները, ընկերությունում գործում է խրախուսման համակարգ, որը գործում է հետեւյալ սկզբունքով` կորուստների ծավալը փոքրացնելու համար նախատեսված են պարգեւավճարներ աշխատակիցների համար: Ինչքան ընկերության կորուստները փոքր են, այնքան ավելի մեծ պարգեւավճարներ են ստանում համապատասխան ղեկավար ու ավելի ցածր օղակների աշխատակիցները: Այսինքն` բոլորն են շահագրգռված, որ կորուստները փոքր լինեն:
Իսկ կորուստները փոքրանում են մի քանի եղանակով` տեխնիկական ու ենթակառուցվածքների արդիականացմամբ, ուժեղ վերահսկողությամբ եւ սպառման խրախուսմամբ, քանի որ էլեկտրաէներգիան չի պահեստավորվում, եւ եթե ցանցերի ստացած էլեկտրաէներգիան չի օգտագործվում, այն ուղղակի կորչում է` ֆիզիկայի օրենք է: Վերջինի կապակցությամբ` բնական կորուստների որոշակի չափաքանակ կա նախատեսված, որի ծավալները սահմանված ու ընդունված են թե’ ռուսական, թե’ հայկական կողմերից: Դրանից ավելի կորուստների դեպքում արդեն ամեն ինչ անում են, որ կորուստները ծածկվեն: Այսինքն` հասկանալի է, որ կորուստների ծավալը փոքրացնելու համար նախ պետք է ներդրումներ կատարվեն համակարգի արդիականացման, տեխնիկական որակի բարելավման ուղղությամբ:
Այս առումով վիճակը ՀԷՑ-ում, տագնապալի է` կորուստները մեծանում են, քանի որ ներդրումներ չեն արվում, ցանցերը չեն արդիականացվում, որովհետեւ փող չունեն, ընկերությունը վնասով է աշխատում: Արդեն տեղեկացրել ենք, որ վերջին շրջանում ընկերությունում ի հայտ է եկել խորը ճգնաժամ: Մեր աղբյուրը պնդում է, որ ընկերությունն արդեն վերջին մի քանի ամիսներին ընդհանրապես շահույթ չի ստանում, նույնիսկ հակառակը` բավականին մեծ վնասներով է աշխատում: Մեզ պատմում են, որ նախկինում, երբ էլեկտրաէներգիայի սակագինը ցածր էր, ընկերության եկամուտներն ավելի շատ էին, իսկ հիմա, երբ սակագները բարձրացել են, նաեւ արտադրողներից գնվող հոսանքի սակագներն են բարձրացել: Ի դեպ, Որոտանի կասկադի վաճառքից հետո Որոտանի ՀԷԿՀ-ն էլ է բարձրացնելու իր արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, արդյունքում` էլեկտրաէներգիայի սակագները ամբողջությամբ վերանայվելու են (այս թեմային հետագայում կանդրադառնանք առանձին հրապարակմամբ): Քանի որ սակագները բարձրացել են, արդեն էլեկտրաէներգիա սպառողները` ազգաբնակչությունն է սկսում խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել, էլեկտրական հոսանքի սպառման ծավալներն են փոքրանում, քանի որ սպառման ծավալները փոքրանում են, իսկ, ինչպես նշեցինք, էլեկտրաէներգիա արտադրողներից գնվող էլեկտրաէներգիայի սակագինն էլ բարձրացել է, այս ամենի արդյունքում այնպես է ստացվել, որ վերջին երեք-չորս ամիսներին ընկերությունը միայն մատակարարների գումարներն է կարողանում վճարել ու սկսել է վնասով աշխատել:
Նման պարագայում` սպառված էլեկտրաէներգիայի դիմաց ազգաբնակչությունից պահանջվող վճարների մասով հավելագրումներն արդեն ձեռնտու են թե' հասարակ էլեկտրիկներին, որպեսզի ցուցանիշ ապահովեն, թե' «վերեւներին», որովհետեւ իրենք էլ են կորուստների նվազեցման հաշվին պարգեւավճարներ ստանում: Իսկ թե ինչպես են հավելագրումներն արվում, դա եւս մի նուրբ մեխանիզմ է` օգտագործված էլեկտրաէներգիայի տվյալները սովորաբար ամփոփվում են յուրաքանչյուր ամսվա վերջին: Իսկ վճարումնեը նախատեսված են հաջորդ ամսվա կեսերից մինչեւ 20-ը: Թաղային հսկիչ-էլեկտրիկները հաշվիչների տվյալները ամփոփելիս ներկայացնում են ոչ թե իրական, այլ մի քիչ ավելի մեծ թվեր: Բայց ոչ այնքան շատ, որ տվյալ բաժանորդը հաջորդ ամսվա մեջ ավելի քիչ օգտագործի, քան հաշվիչի ցուցմունքն է: Այսինքն` երբ բնակիչը գնում է էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելու ու իմանում, որ մի ինչ-որ մեծ` իքս գումար է մուծման ենթակա, նա, հետ գալով ու հաշվիչին նայելով, չի տեսնի խաբեությունը: Որովհետեւ նա վճարում է նախորդ ամսվա համար, իսկ նախորդ ամսվա վերջից մինչեւ գումարը մուծելու պահը անցած է լինում բավական մեծ ժամանակ, իսկ այդ ընթացքում մարդը շարունակում է սպառել էլեկտրաէներգիա, այսինքն` նրա հաշվիչի ցուցմունքը հասնում է էլեկտրիկի արձանագրած թվին ու անցնում դրանից:
Մեր մեկ այլ աղբյուրի տվյալներով` նախկինում էլ է այս խնդիրը եղել, բայց հարցն ունեցել է լուծման «այլընտրանքային» ճանապարհ` ՀԷՑ-ի տնօրինություններից մեկի ղեկավարի միջոցով, ով հայ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վստահված ու ընկերության վրա վերջինիս ճնշման արդյունքում նշանակված անձն է: Ընկերության հասույթից պարբերաբար «բաժին» է հանվել այդ պաշտոնյային, ու ինչ-ինչ մեխանիզմներով ընկերության հարցերը լուծվել են` շահույթով է աշխատել: Այսինքն` նախկինում էլեկտրաէներգիայի սակագինը ցածր էր, կորուստներ էլ կային, բայց կաշառք էին տալիս, ու ընկերությունը ծաղկում էր: Իսկ հիմա կաշառք չեն տալիս, ինչի արդյունքում ընկերության կորուստների հարցը չի լուծվում, ու այն աշխատում է վնասներով:
Այս լաբիրինթոսում տուժում է ազգաբնակչությունը, որի գրպանը հավելագրումներով մտնելով` ՀԷՑ-ի մի շարք աշխատակիցներ իրենց համար բոնուսներ ու պարգեւավճարներ են ապահովում:
Ամփոփենք` ստեղծված իրավիճակում մի քանի հեռանկար է սպասվում: Yerkir.am-ը գրել էր, որ ՀԷՑ-ը կանգնած է սնանկացման շեմին: Բայց այդ դեպքում ՀԷՑ-ի բաժնետոմսերի սեփականատիրոջը ` ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ» ընկերությանը, այդ սնանկացումը առհասարակ ձեռնտու չէ: Որովհետեւ եթե նրա դուստր ընկերությունը սնանկանա, «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ»-ի բաժնետոմսերի ու արժեթղթերի գինը բորսայում միանգամից անկում կապրի, ինչը, բնականաբար, ռուսական ընկերության շահերից չի բխում: Հետեւաբար` այն պետք է բավականին մեծ գումարներ «սրսկի» ՀԷՑ, որպեսզի փրկի այն, ինչը, ըստ մեր ունեցած ինֆորմացիայի, չի պատրաստվում անել:
Բայց սնանկացումից խուսափելու այլ միջոցներ էլ կան` կրճատել աշխատողների թիվը, հնարավոր բոլոր միջոցներով կրճատել կատարվող ծախսերը, կրճատել աշխատավարձերը և այլն, այսինքն` կառավարևման ձեւի ու մեթոդների փոփոխությամբ փորձել հարցերը լուծել: Այս դեպքում կլինի ընդվզում, ինչը նույնպես ռուսական ընկերության շահերից չի բխում, քանի որ անհարկի աղմուկը նույնպես բորսայում ընկերության համար աննպաստ պայմաններ կստեղծի, առավել եւս` դեռ հայտնի էլ չէ` այդ վիրահատական միջամտությունը արդյունք կտա՞, թե՞ ոչ:
Երրորդ տարբերակը ՀԷՑ-ի վաճառքն է, բայց եթե ընկերությունը վնասով է աշխատում, ո՞վ պետք է այն գնի: Իհարկե, «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ»-ը գնորդ «կգտնի»` ինչ-որ մի ընկերության իբր «կվաճառի» ՀԷՑ-ը, որն էլ ինչ-ինչ ներդրումների հաշվին կկարողանա հասնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ու հարցերը կլուծվեն` հասարակությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով` դրանից բխող բոլոր հետեւանքներով…
Թե հարցի ինչպիսի՞ լուծում կգտնվի, կիմանանք առաջիկայում:
Գևորգ ԱՎՉՅԱՆ