կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 23:00
Առանց Կատեգորիա

Ինչու՞ ենք Հայաստանում վճարում կաբելային հեռուստատեսության համար

Ինչու՞  ենք Հայաստանում վճարում կաբելային հեռուստատեսության համար

Վերջին շրջանում Հայաստանում մեծ տարածում գտավ կաբելային հեռուստատեսությունը, որից, կարող ենք փաստել, որ օգտվում է հանրության զգալի մասը: Կաբելային հեռուստատեսությունը հնարավորություն է տալիս տարատեսակ հետաքրքրություն ունեցող մարդկանց պահանջը որոշ չափով բավարարել: Սակայն այդ առավելությունից զրկված է հատկապես ֆուտբոլասեր հասարակությունը:

Երեկ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի 8 հանդիպում: Միամտություն չի լինի ասել, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ ֆուտբոլային աշխարհում երեկվա հանդիպումներից ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում էր Դորտմունդի «Բորուսիա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի մրցավեճը, սակայն «Արմենիա» հեռուստաընկերությունը, որը ցուցադրում է ՉԼ հանդիպումները, ֆուտբոլասերներին զրկեց այդ հանդիպումը հեռուստատեսությամբ դիտելու հնարավորությունից: Հեռուստաընկերությունը որոշեց, որ պետք է ցուցադրի «Դինամո» Զ-«Յուվենտուս» հանդիպումը, որը համացանցում մեծ դժգոհություն առաջացրեց ֆուտբոլասերների շրջանում, իսկ հեռուստաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրանդ ակումբների քանակը սույն հեղինակավոր մրցաշարում բավական շատ է և հնարավոր չէ բավարարել բոլոր ֆուտբոլասերների ակնկալիքները, Արմենիա TV-ի սպորտային բաժինը խաղերի ընտրության հարցում առաջնորդվում է բացառապես մրցաշարային հետաքրքրությունից դուրս գալով: Թյուր է այն կարծիքը, թե Հայաստանում երկրպագուներ ունեն միայն «Բարսելոնան» և «Ռեալը»: Իտալական, գերմանական և անգլիական ակումբները նույնպես ունեն մեծաքանակ երկրպագուներ, ովքեր նույնպես ունեն իրավունք հետևելու իրենց սիրած ակումբի հանդիպումներին:

Այնուամենայնիվ, այսօրվա հանդիպումներից Արմենիա TV-ն ընտրել է «Բորուսիա» Մ-«Բարսելոնա» հանդիպումը, թե ինչ սկզբունքով, ամեն դեպքում անհասկանալի է, սակայն սա հարցի մյուս կողմն է: Առավել անհասկանալի է այն հանգամանքը, որ կաբելային հեռուստատեսությունները ֆուտբոլային հանդիպումների ժամանակ դադարեցնում են հեռարձակումը: Այսօր կապ հաստատեցինք  կաբելային հեռուստատեսությունն ապահովող ընկերություններից մեկի հետ` ասելով  թե մենք վճարում ենք, որպեսզի հնարավորություն ունենանք դիտելու մեր ցանկացած ֆուտբոլային հանդիպումը, ընկերության աշխատողը պատասխանեց, որ նրանք իրավասու չեն ինչ-որ բան անել, քանզի ՉԼ հանդիպումները ցուցադրելու իրավունք Հայաստանում ունի միայն Արմենիա TV-ն: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում  ինչու այս կամ այն ֆիլմը, որը ցուցադրվում է հայկական հեռուստաընկերություններով,  կաբելային հեռուստատեսությամբ, նույնպես դիտում ենք, ստացանք խիստ «տրամաբանական»  պատասխան. «Դե, Հայաստանում ենք ապրում»: Այսպիսով, ֆուտբոլասերը Հայաստանում զրկված է դիտել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի իր  ցանկացած ֆուտբոլային հանդիպումները, որոնք ցուցադրվում են կաբելային հեռուստատեսությամբ,  սակայն դրա համար ամսական գումար է վճարում այս կամ այն կաբելային ընկերությանը:

Հայաստանում դժգոհության առիթները բազմազան են. ոմանք դժգոհում են աղքատությունից, ոմանք աշխատատեղերի բացակայությունից, մի մասը` անօրինականություններից ու կաշառակերությունից: Այս շարքը կարելի է երկար թվարկել: Այս բողոքներն ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Բայց արդյո՞ք դրանց շարքում պիտի լինի «Դե, Հայաստանում ենք ապրում» արդարացումը...

Հ.Գ. Yerkir.am-ն առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնա հարցին:

Երվանդ Հակոբյան