կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-31 12:30
Հասարակություն

Այն, ինչի համար Ալիևը վճարում է, մենք անվճար բերում ենք մեր դաշտ ու տարածում. Տիգրան Քոչարյան

Այն, ինչի համար Ալիևը վճարում է, մենք անվճար բերում ենք մեր դաշտ ու տարածում. Տիգրան Քոչարյան

Վերջին շրջանում Ադրբեջանը տեղեկատվական պայքարում մի քանի քայլ առաջ է գնացել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Ըստ նրա՝ մեր հասարակությունը, որը նախկինում արդեն սովորել էր Ադրբեջանի սադրանքներին և կուլ չէր գնում դրանց, հիմա սկսել է Ադրբեջանի խայծը կուլ տալ: Որպես ասվածի վառ օրինակ` Քոչարյանը նշեց Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ստեղծված իրարանցումը: Փորձագետի հավաստմամբ՝ Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջը Ռուսաստանում բարձրացնում են Ադրբեջանի կողմից գնված փորձագետները. Գարեգին Նժդեհի անունը նացիզմի հետ կապելու հիմքում կանգնած են «Իզբորյան» ակումբի մարդիկ՝ Տարաս Շևչենկոն, քաղաքագետ Սերգեյ Մարկովը:

«Երկուսն էլ ներկա պահին ներկայություն չունեն ՌԴ իշխանությունում, ազդելու հնարավորություն էլ չունեն: Սրանք այն մարդիկ են, որոնք ՌԴ քաղաքական ու մեդիա դաշտում զբաղված են ադրբեջանական լոբբիով: Երբ տեսնեք, որ ռուս որևէ փորձագետ խոսում է Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին, պետք է անմիջապես հասկանալ, որ նրա ականջների հետևում Ադրբեջանն է ու Մարկովը, ով ՌԴ-ում Ադրբեջանի դրածոն է: Նժդեհի թեման հենց Մարկովն է գրգռում: Ադրբեջանը փոխել է խաղի կանոնները և սովորել ոչ թե բռի ձևով աշխատել, այլ ավելի զգույշ, ինչպես պետիցիայի դեպքում է. ստորագրահավաքի տեքստը գրել է Ալեքսանդր Փերենջիևը, ով Նժդեհի անունն ընդհանուրի մեջ է ներառել՝ տպավորություն ստեղծելու համար, թե թիրախը նա չէ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Նժդեհի մասին խնդրագրում գրված է ձեռքի հետ, այսինքն՝ տպավորություն է, թե ձեռքի հետ է նշվում, որ Հայաստանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասնում է իր նպատակին, քանի որ Հայաստանում էլ կան մարդիկ, որ Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցն օգտագործում են՝ հակառուսական տրամադրություններ արթնացնելով: Քոչարյանի մեկնաբանմամբ՝ ստացվում է ադրբեջանական քարոզչությունն անվճար բերում ենք հայկական դաշտ և այնպես անում, որ հայ-ռուսական հարաբերությունների ճակատը ճաքեր ունենա:

«Նժդեհի արձանի ապամոնտաժման թեման Ադրբեջանին այնքանով է ձեռնտու, որ նա ուղղակի ուզում է լարել հայ-ռուսական հարաբերությունները, Ռուսաստանին տրամադրել տեղում ապրող հայերի դեմ: Կարծիք կար, թե ՌԴ-ում այդ թեման հրահրողը՝ Մակրովը, Պուտինի վստահված անձն է, ո´չ, չկա նման բան, նա ուղղակի Ադրբեջանի դրածոն է, ով իր գործի համար լավ ֆինանսավորում է ստացել Հեյդար Ալիևի ֆոնդից»,- ասաց նա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով՝ այն, ինչի համար Ալիևը վճարում է, մենք անվճար բերում ենք մեր դաշտ ու տարածում: Ըստ Քոչարյանի՝ պետք է զգոն լինել ու հասկանալ՝ որտեղից է փչում քամին, քանի որ նման փորձեր էլի կլինեն. վերջին շրջանում Ադրբեջանի կողմից միտում է  նկատվում Ռուսաստանը տրամադրել հայերի դեմ: 

Հիշեցնենք, որ, ռուսական կայքերի հաղորդմամբ, ստորագրություններ են հավաքվում ընդդեմ ֆաշիզմի հերոսացման, և արդեն 200 հազար մարդ ստորագրել է այդ խնդրագիրը, որում նաև կա Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջը: