կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-14 13:34
Քաղաքական

ՄՄ-ին անդամակցելով` ԼՂՀ-ն տնտեսական ճանաչում կստանա. պատգամավոր

ՄՄ-ին անդամակցելով` ԼՂՀ-ն տնտեսական ճանաչում կստանա. պատգամավոր

Ընդհանրապես, Մաքսային միությունն ընդգծված տնտեսական կառույց է, բայց այն հանգամանքները, որում այսօր գտնվում է Հայաստանը, թույլ են տալիս պնդելու, որ ՄՄ-ին անդամակցելու հարցն ունի նաեւ իր քաղաքական բաղադրիչը. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

 

Դա, ըստ բանախոսի, առաջին հերթին պայմանավորված է ԼՂՀ-ի հանգամանքով, քանի որ ԼՂՀ-ն Հայաստանին չափազանց ինտեգրված պետություն է, եւ երկու պետությունները գտնվում են, այսպես ասած, միեւնույն մաքսային միության մեջ:

 

«Չափազանց էական է, թե ինպես պետք է լուծվեն այդ խնդիրները, երբ ՀՀ-ն անդամակցում է ՄՄ-ին: Եթե հիշում եք, ապա հոկտեմբերի 24-ին Մինսկի վեհաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը հարց բարձրացրեց, որտեղ, ըստ էության, պրոբլեմներ էր տեսնում, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային սահման գոյություն չունի, եւ այս առումով նա հռետորական հարց էր տալիս` թե ո՞րն է լինելու ՄՄ սահմանը` Հայաստանի Հանրապետության պարագայում»,- ներկայացրեց Գագիկ Մինասյանը` շարունակելով, թե հանրապետության ղեկավարությունը հստակ ասել է, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային սահման չկա եւ չի կարող լինել:

 

Այս առումով, ըստ Գագիկ Մինասյանի, չափազանց կարեւոր մի իրադարձություն տեղի ունեցավ Մոսկվայում ՄՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման նախօրյակին` դեկտեմբերի 22-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց երկու միջազգային համաձայնագրեր` ՌԴ-ի եւ Աբխազիայի, ՌԴ-ի եւ Հարավային Օսիայի միջեւ: Այդ համաձայնագրերով` դրանք ստորագրած երկրների միջեւ բոլոր մաքսատուրքերը, բոլոր սահմանային հարցերը վերացվում են, եւ այս երկու` Ղազախստանի եւ Բելառուսի կողմից չճանաչված հանրապետությունների տարածքները, ըստ էության, դառնում են ՄՄ տարածք:

 

«Սա նախադեպ էր մեզ համար` կապված ԼՂՀ խնդրի հետ, քանի որ այն հարցադրումը, որն արել էր Նազարբաեւը Բելառուսում, այլեւս վերաբերելու էր ոչ միայն Հայաստանին, այլեւ 2 այլ` իրենց կողմից չճանաչված պետությունների, որոնք արդեն 1,5-2 ամիս է` գործում են ՄՄ ռեժիմով»,- նշեց Գագիկ Մինասյանը:

 

Սրանք, նշեց բանախոսը, չափազանց կարեւոր օրենքներ էին, քանի որ երբ Հայաստանի Հանրապետության տարածքը միանում է ՄՄ-ին, ապա ԼՂՀ տարածքը նույնպես անմիջապես դառնում է ՄՄ տարածք, ճիշտ այնպես, ինչպես Աբխազիան ու Հարավային Օսիան են դարձել ՄՄ տարածք` ճանաչված չլինելով Բելոռուսի ու Ղազախստանի կողմից:

 

Սա ոչ միայն տնտեսական էական նշանակություն է ունենալու ԼՂՀ տնտեսական զարգացման համար, այլեւ, ըստ բանախոսի, ԼՂՀ-ի համար հանդիսանալու է տնտեսական ճանաչում, իսկ տնտեսական ճանաչման այդ նոր բարձր մակարդակը հեշտացնելու է ապագայում ԼՂՀ-ի քաղաքական ճանաչման գործընթացը: