կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-02-12 15:31
Առանց Կատեգորիա

Մոզամբիկից առաջ ենք

Մոզամբիկից առաջ ենք

Մամուլի ազատության տեսանկյունից Հայաստանն ամենաազատն է տարածաշրջանում: Իշխանական ԶԼՄ-ներում այս վերնագրով լույսի արագությամբ տարածվող նյութն առնվազն ժպիտ է առաջացնում լրատվական դաշտին քիչ թե շատ ծանոթ մարդու մոտ: Իսկ ի՞նչ է ազատությունը, որ ով ինչ ուզի գրի՞:

 

Այո, Հայաստանում գրում են, այսօր գրեթե ամեն ինչի եւ գրեթե բոլորի մասին են գրում, Սերժ Սարգսյանի մասին էլ են գրում, ամեն «պրոմոխ» շատ հեշտությամբ հայտնվում է ԶԼՄ-ներում: Իսկ ինչո՞ւ, այդպես են ուզում վերեւում: Ամեն մեկն իր խաղն է խաղում: Վերեւն էլ է իր խաղը խաղում, ապագային է նայում: Վերեւում ու Սերժ Սարգսյանը սիրում են այդ խաղերը դիտել, սիրում են հետեւել, թե ինչպես են, օրինակ, վարչապետն ու ԱԺ նախագահը մեկը մյուսին ոչնչացնում, թե ինչպես են օլիգարխները լրատվամիջոցներում իրար վարկաբեկում, մեկը մյուսի բիզնեսի վրա կեղտ գտնում, սիրում են հետեւել, թե ինչպես են ՀՀԿ ջահելները ինքնահաստատվում, իսկ ծերակույտը, շեղվելով «գծից», հայտնվում երիտթեւի քննարկման օբյեկտում: Սիրում են հետեւել, թե ինչպես «ընկերները» կարող են բաժակ բարձրացնել, մեկը մյուսի կենացը խմելը, ցավը տանել, մեկին թագավոր կնքել, հետո այդ խոսակցությունը նախ վերեւ հասցնել, իսկ հարմար պահի ինֆորմացիայի արտահոսք անել: Սիրում են հետեւել, թե ինչպես են ընդդիմադիրի քող հագած շատ լրատվամիջոցներ քննադատում իշխանության այն ներկայացուցիչներին կամ «ընդդիմադիրներին», «ակտիվիստներին», որոնց իշխանական լրատվամիջոցները կպնել այլեւս չեն կարող:

 

Վերեւում մեխանիզմները լավ են մշակել: Կարելի է նաեւ հայհոյել, այո', կարելի է, այսօր դա էլ է կարելի, եթե վերեւը «պրախոդ» տվել է քեզ ու մեջքիդ կանգնած է: Կարելի է ամեն ինչ անել ու դրա անունը ազատ մամուլ, լրագրություն դնել, է հետո՞: Հետո ի՞նչ է լինում, ոչինչ, որովհետեւ կարելիները սահմանում է վերեւը...

 

Իսկ ովքեր փորձում են քայլել, ճահճի մեջ չմտնել, իշխանական «օբշյակից» մամուլին հատկացվող գումարից հրաժարվում են, շատ արագ հարցերը լուծում են: Այո, այսօր այնքան հեշտ է լրատվամիջոցի հարցերը կուլտուրականով լուծել, առանց ծեծ ու ջարդի, առանց բացահայտ սպառնալիքի, ընդամենը մի զանգ լրատվամիջոցի իրական, բացահայտ գովազդատուներին, ովքեր ընդամենը իրենց բիզնես շահերն ունեն տվյալ ԶԼՄ-ում` իրենց գովազդը տեղադրելով... Շարունակությունը, կարծում ենք, հասկանալի է:

 

Հ.Գ. Հեռուստաէկրաններից հպարտությամբ մամուլի ազատության տեսանկյունից Հայաստանի արձանագրած ցուցանիշի մասին  նշելուց առաջ չմոռանաք էլ ավելի գոհ դեմքով հայտարարել, որ Մոզամբիկից առաջ ենք` մենք զբաղեցնում ենք 78-րդ հորիոզանականը, աֆրիկյան Մոզամբիկը` «խայտառակ» 79-րդ հորիզոնականը: Ինչպիսի հաղթանակ...

 

Բ. Գասպարյան