կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 16:25
Առանց Կատեգորիա

Դիվանագիտական անմեղսունակությո՞ւն, թե՞ միտումնավորություն

Դիվանագիտական անմեղսունակությո՞ւն, թե՞ միտումնավորություն

Հայտնի է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի վերջին նիստն ավարտվել է կատարյալ ձախողմամբ: Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ն ներկայացնող Սամվել Ֆարմանյանը չի ստորագրել հայտարարության` գրեթե ամբողջապես համաձայնեցված տեքստը` պատճառաբանելով դրանում ԼՂ հարցի հետ կապված ոչ հայանպաստ ձևակերպումների առկայությունը: Սակայն պատվիրակության ոչ իշխանական թևը ներկայացնող անդամները, մասնավորապես` «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը և ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը, շարունակում են պնդել, որ հայտարարությունը չի ստորագրվել ոչ թե եվրոպացիների, այլ հենց ՀՀ պատվիրակության ղեկավարի սուբյեկտիվ որոշման հետևանքով, քանի որ նույնիսկ ԼՂ հարցի հետ կապված` հայտարարության տեքստում առկա ձևակերպումներն այնքան սկզբունքային չէին, որ ստորագրումից հրաժարվելու պատճառ դառնային: Ավելին, պատվիրակության վերոհիշյալ անդամների խոսքով` Եվրախորհրդարանի պատվիրակները նույնիսկ խմբագրական փոփոխությունների պատրաստակամություն են ունեցել, ինչը տեքստի շուրջ բանակցությունները շարունակելու նախադրյալներ է ստեղծել: Սակայն Ֆարմանյանը, ըստ էության, հաշվի չի առել այս ամենը: Նա դեռևս պարզաբանումներով հանդես չի եկել, բավարարվել է ֆեյսբուքյան մի գրառմամբ, որում փորձել է կատարվածի պատասխանատվությունը բարդել եվրոպացիների վրա: Բայց անկախ նրանից` հետագայում ինչպես է նա բացատրելու իր պահվածքը, փաստը է, որ ԵՄ-ի հետ հարաբերման խորհրդարանական այս ձևաչափը հայտնվել է ճգնաժամի առջև:

 

Առաջին հայացքից թվում է, թե եղածը մեծ բան չէ` ընդամենը չստորագրված հայտարարություն, որն առանց այն էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա որևէ ձևով չէր ազդելու: Բովանդակային առումով, իհարկե, այդպես է: Սակայն հայտարարության ստորագրումը հայկական կողմի համար մարտավարական կարևորություն ուներ երկու պատճառով: Նախ` ցանկացած դեպքում այն խորհրդանշելու էր, անգամ ՄՄ-ին անդամակցելու պարագայում, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու` Հայաստանի պատրաստակամությունը, որի մասին օրեր առաջ Պրահայում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ` Եվրախորհրդարանը մշտապես աչքի է ընկել պրոադրբեջանական կեցվածքով: 2010-ի մայիսի 20-ին այն բանաձև էր ընդունել բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի զեկույցի վրա, որն ամբողջությամբ հակասում էր թե' Հայաստանի շահերին և թե' ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող բանակցությունների տրամաբանությանը: ԵՄ ասոցացման գործընթացում Հայաստանի ներգրավումից հետո Եվրախորհրդարանը փոքր-ինչ հավասարակշռել էր իր վերաբերմունքը: Հայկական պատվիրակությունից ընդամենը պահանջվում էր պահել այդ մակարդակը, որպեսզի հետագայում եվրոպական այս հեղինակավոր կառույցը կրկին շրջադարձ չկատարի: Իսկ դա անհրաժեշտ է առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը պահպանելու առումով: Պատահական չէ, որ եվրապատվիրակները հանձնաժողովի նիստի ընթացքում գրեթե սպառնացել էին Մինսկի խմբում Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինել` պատճառաբանելով գործող ձևաչափի անարդյունավետությունը: Սա լիովին համընկնում է Ադրբեջանի սպասելիքներին: Գաղտնիք չէ, որ Բաքուն իր արտաքին քաղաքականության հիմնական թիրախներից մեկը համարում է բանակցային գործընթացը ՄԽ-ի շրջանակից հանելը, դրա անհնարինության դեպքում այնտեղ Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելուն հասնելը: Այլ կերպ ասած` Հայաստանի պատվիրակության ղեկավարի թեթև ձեռքով Ադրբեջանը լիարժեք հնարավորություն է ստացել այս ուղղությամբ ակտիվացնելու ջանքերը, որոնք «խավիարային դիվանագիտության» շնորհիվ, սովորաբար, արդյունքներ տալիս են:

 

Հարց է առաջանում` ի՞նչն էր խանգարում պատվիրակությանն ավելի ճկուն լինել: Մի՞թե Ստրասբուրգ մեկնելուց առաջ պատվիրակության ղեկավարը չգիտեր, թե ինչպիսի ճնշման է ենթարկվելու Մաքսային միությանը միանալու` Հայաստանի իշխանության ընդունած որոշումից հետո: Մի՞թե ի սկզբանե պարզ չէր, որ, չունենալով Հայաստանի վրա ազդելու որևէ լուրջ քաղաքական և տնտեսական գործիք, ԵՄ-ն կառչելու է հենց ԼՂ հիմնահարցից, այսինքն` այն միակ օղակից, որտեղ որոշակի միջնորդավորված ազդեցություն ունի: Առավել ևս, երբ Երևանում կայանալիք նախորդ նիստը եվրապատվիրակները ցուցադրաբար արդեն բոյկոտել էին` ցույց տալով, թե ՄՄ թեքվելու` Երևանի որոշումից հետո որքան անիմաստ են համարում հայաստանյան գործընկերների հետ աշխատանքների շարունակումը: Եվրոպական այս կառույցը, որը հսկայական ազդեցություն ունի ԵՄ քաղաքական վեկտորների ձևավորման վրա, բացահայտ հասկացնում է, որ այլևս չի վստահում Հայաստանին և պարզապես չգիտի` ինչի շուրջ բանակցել, առավել ևս պայմանավորվածություններ ձեռք բերել մի կողմի հետ, որը ցանկացած պահի կարող է ասել` ցտեսություն: Եվ Հայաստանի իշխանությունները, փոխանակ այդ վստահությունը վերականգնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու, ի դեմս խորհրդարանական պատվիրակության ղեկավարի, ուղղակի եվրոպացիներին ապացուցում են, որ փոխգործակցության հետ կապված անլուրջ է Հայաստանի հետ հույսեր կապել: Դա այլ կերպ, քան դիվանագիտական անմեղսունակություն, չի կարելի համարել:

 

Հետաքրքրականը, սակայն, պարզաբանումներ տալու հարցում Ֆարմանյանի որդեգրած սպասողականությունն է, մինչ ամրապնդվում է կարծիքն առ այն, որ հայտարարության ստորագրման տապալման պատասխատանուն հենց ինքն է: Այնպիսի տպավորություն է, որ նա ոչ միայն դրանից իրեն լավ է զգում, այլև ցանկանում է, որ դրա մասին որքան հնարավոր է շատ գրվի, և հերոսության մասին տեղեկատվությունը հնարավորինս «շուխուրով» հասնի համապատասխան վերին օղակներին, մասնավորապես` հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս տեսնի, թե, հանուն Հայաստանի «մաքսայնացման», ինչպիսի գերմարդկային ճիգեր է գործադրում և ինչ ներդրում ունի եվրոպական ուղղության ձախողման հարցում: Այս ամենից չափազանց տհաճ հոտ է գալիս, որովհետև տեղի ունեցածը այլ բան չէ, քան Ռուսաստանին հաճոյանալու` իշխանության գծի մեջ տեղավորվելու և լռության միջոցով այդ մասին ճչալու դրսևորում:

 

Իսկ գուցե սա ընդամենը ԵՄ-ից վերջնականապես ձերբազատվելու մարտավարությո՞ւն է, որտեղ Ֆարմանյանն ընդամենը կատարողի դերում է... Արտգործնախարարությունը, թերևս, պետք է պարզաբանի:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ