Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ես բանկի կառավարիչ եմ, ունեմ աշխատողներ, պարտավոր եմ ենթարկվել օրենքներին, բայց ես այսօր նախևառաջ քաղաքացի եմ, ով դեմ է պարտադիր բաղադրիչին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորում շաբաթ օրն անցկացված` «Դեմ եմ պարտադիրին» բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նա խնդրեց չհրապարակել իր անունը` հնարավոր խնդիրներից խուսափելու համար:
Մեր զրուցակիցը նշեց, որ իր վրա այդ օրենքը թեև չի տարածվում, սակայն, որպես քաղաքացի, իրեն մտահոգում է պարտադրելու երևույթը: «Մենք պետություն ենք ձևավորել, որ ազատ կամաարտահայտվենք, ոչ թե պետությունը բռնանա մեր ազատ իրավունքի վրա: Ի՞նչ է նշանակում պարտադրաբար գումարներ գանձել հետագայի համար, մանավանդ` այդ գումարները չեն ներդրվելու մեր տնտեսության մեջ, այլ շրջանառվելու են այլ տեղում, լրիվ անորոշ ու անկանխատեսելի: Ես դեմ եմ պարտադիր բաղադրիչին, որը սահմանադրական չէ իր բնույթով»,- ասաց բանկի կառավարիչը:
Նրա կարծիքով` խնդիրն այն է, որ պետությունն իր պարտավորությունը չի կատարում իր քաղաքացու նկատմամբ, էլ ուր մնաց՝ իր պարտավորությունները կատարի ապագայի նկատմամբ: Ըստ նրա` պետությունը որևէ բանով չի օժանդակում քաղաքացուն, ոչ մի աշխատատեղ չի ստեղծում: Քաղաքացին ինքն է մի կերպ հայթայթում որևէ աշխատանք ու, իր աշխատուժը վաճառելով, հինգ տոկոս պակաս ստանում: Արդյունքում` հակամարտություն է առաջանում գործատուի ու աշխատողի միջև, անհասկանալի բան է ստացվում` պետությունը հայտնվում է բարիկադների մի կողմում, իսկ քաղաքացին` հակառակ կողմում:
Բանկի կառավարիչը նշեց, որ եթե ՍԴ-ն օրենքը ճանաչեց սահմանադրական, ուրեմն իրենք, որպես քաղաքացի, դեմ լինելով այդ օրենքին, ստիպված են լինելու կատարել օրենքի պահանջը: «Այդտեղ միակ ելքը մնում է քաղաքացիական ընդվզումը: Առայժմ քաղաքացին հակադրվում է, բայց չէի ուզենա, որ այն վերածվեր բախման: Մենք պետություն ենք ձևավորել, որ մեր շահերը պաշտպանի, հասել են այնտեղ, որ պետք է քաղաքացին իր շահերը պաշտանի այդ նույն պետությունից»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ, իշխանությունների կարծիքով, օրենքը պատմական է, իսկ քաղաքացիները չեն հասկանում դրա դրական արդյունքները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մինչ այդ օրենքին հասկանալը, այնքան բան չենք հասկանում: Շրջապատում այնքան ապօրինություններ են կատարվում, որ մենք չենք հասկանում: Վաղը, մյուս օրն էլ կարող է օրենք ընդունել, որ տանից բացակայելիս մենք մեր տան բանալիները տանենք իրենց պահ տանք, հանձնենք թաղային տեսուչներին, որ մեր բնակարանը նայեն, էդպիսի բան կլինի՞: Ես իմ բնակարանը ավելի լավ կնայեմ, չէ՞: Իմ կենսաթոշակային տարիքի համար ես պետք է մտածեմ, ոչ թե պետությունը»:
Նա նաև հավելեց, որ այդ նույն իշխանության ներկայացուցիչները երբ ձևավորեն այնպիսի խաղի կանոններ, որոնք հիմնված լինեն արդարության սկզբունքի վրա, և երբ քաղաքացին հասկանա, որ պետությունն, այս պահից սկսած, արդար է, այդ ժամանակ քաղաքացին կլինի հլու-հնազանդ: Բայց չի կարող այնպես լինել, որ պետությունը ընտրությունից ընտրություն պարտադրում է զոռբայությամբ, երբ իշխանության ներկայացուցիչները ինչ ուզում, անում են, այդ դեպքում քաղաքացին ի՞նչ հույս, հավատ պետք է ունենա պետության նկատմամբ:
Մեր այն հարցին` արդյոք վանաձորցիների ձայնը լսելի կլինի՞ ՀՀ վարչապետ, ծնունդով վանաձորցի Տիգրան Սարգսյանին, մեր զրուցակիցը նշեց. «Նա խելացի է, միգուցե բարի ցանկություններով է առաջնորդվում, բայց միայն իրենով չի որոշվում: Միգուցե Հայաստանին այս օրենքը պարտադրել են միջազգային կառույցնե՞րը: Չգիտեմ»: