Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքսային միությունում ապրանքների մի զգալի խմբի համար կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը հիմնականում ավելի բարձր են, քան Հայաստանում գործող դրույքաչափերն են: Բայց կան նաեւ ապրանքներ, որոնց համար ՄՄ-ում գործող դրույքաչափերը նույնն են, ինչ Հայաստանում, կան նաեւ այնպիսի ապրանքների խմբեր, որոնց համար ՄՄ-ում ավելի ցածր դրույքաչափեր են գործում, քան Հայաստանում. լրագրողներին այսօր ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը` անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու դեպքում գործող մաքսատուրքերի դրույքաչափերի տարբերության խնդրին:
Ներկայացնելով պատկերը` փոխնախարարը նշեց, որ մենք տարիներ ի վեր ընդունել ենք մի մոտեցում, ըստ որի` ՀՀ արտաքին առեւտրային գործունեությունը հնարավորինս հստակեցված կամ պարզեցված է: Այսինքն' մենք ներմուծման պարագայում ունենք կա'մ 0 տոկոս, կա'մ 10 տոկոս մաքսատուրք: Մենք չունենք մաքսատուրքի տեսքով հաստատագրված վճարներ, համակցված վճարներ' տոկոս գումարած հաստատագրված վճար, չունենք քվոտավորում, չունենք սակագնային քվոտավորում եւ այլն:
Ի տարբերություն ՀՀ գործող օրենսդրության, ՄՄ գործող մաքսային օրենսգիրքն ունի ավելի տարբերակված մոտեցումներ տարբեր ապրանքների նկատմամբ: Որոշակի ապրանքների համար գործում են որոշակի տոկոսային դրույքաչափեր' ապրանքի մաքսային արժեք գումարած մաքսազերծման համար ինչ-որ տոկոս: Կան ապրանքներ, որոնց մաքսազերծման համար հաշվարկվում է հաստատագրված թիվ' կախված տարբեր հանգամանքներից: Կա տոկոս գումարած հաստատագրված գումար մոտեցումը, կամ մեկ այլ հաշվարկի մեթոդ կա' այսքան տոկոս, բայց ոչ պակաս, քան որոշակի թիվ, մաքսային քվոտաներ եւ այլն:
Հարց է առաջանում, թե այդ ապրանքների համար Հայաստանում մաքսատուրքերի բարձրացումը շահավե՞տ է, թե՞ ոչ, եւ ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել այդ բարձրացումը: Այս առումով փոխնախարարը նշեց, որ կան ապրանքներ, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացնելը կստեղծի խնդիրներ ե'ւ արտադրության, արդյունաբերության, ե'ւ սպառողական գների բարձրացման տեսանկյունից:
«Քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզման, որ, այնուամենայնիվ, չնայած սկզբունքին, որոշակի ապրանքների համար պետք է արվեն որոշակի բացառություններ' մասհանումներ, եւ Հայաստանի' ՄՄ-ին անդամակցելուց հետո նույնիսկ այդ ապրանքները պետք է շարունակեն ունենալ Հայաստանի այսօր գործող օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերը»,- ասաց փոխնախարարը:
Դրանք այն զգայուն ապրանքներն են, որոնց համար ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի գտնում մաքսատուրքերը բարձրացնել, քանի որ հակառակ պարագայում դա մեր երկրի տնտեսության եւ, ընդհանուր առմամբ, նաեւ ապրանքների սպառողական գների վրա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ:
Ըստ Մաքսային օրենսգրքի` ապրանքների անվանացանկը ներառում է 10 նիշից բաղկացած 11 հազար 353 տող ապրանքներ: Կան ապրանքներ, որոնց ՄՄ-ում գործող մաքսատուրքերի դրույքաչափը բարձր է, էկոնոմիկայի նախարարությունում ձեւավորում են այն ապրանքների ցանկը, որոնք համեմատաբար զգայուն են, եւ նպատակահարմար չէ, որ դրանց համար կիրառվող մաքսատուրքերը բարձրացվեն: Այժմ համապատասխան աշխատանքային խմբերն աշխատում են, որպեսզի կազմեն այդ ապրանքների ցանկ: Այն պետք է ձեւավորվի որպես հնարավոր բացառությունների ցուցակ եւ ներկայացվի Եվրասիական տնտեսական կոմիտեի համապատասխան կառույցներին, որպեսզի նրանք դիտարկեն այդ ցուցակը, ու արդեն սկսվեն համապատասխան բանակցությունները' ցուցակի կազմի, բացառության տեւողության եւ հետագա զարգացումների ու հնարավոր բոլոր դետալների մասին:
Այստեղ կա մի նրբություն' քանի որ Ռուսաստանի Դաշնությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, հետեւաբար` որոշակի պարտավորություններ ունի ստանձնած այդ կազմակերպությունում, եւ մինչեւ 2020 թվականը պետք է վերանայի ու որոշակիորեն իջեցնի բազմաթիվ ապրանքների մասով կիրառվող մաքսային դրույքաչափերը: Եվ քանի որ ՄՄ մաքսային օրենսդրությունը հիմնականում հիմնված է հենց ռուսական մաքսային օրենսդրության վրա, հետեւաբար` նաեւ ՄՄ մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություններ տեղի կունենան:
Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ապրանքների որ մասի համար է նախատեսվում մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացում, որ մասի համար' նվազեցում եւ այլն: Այս առումով Գարեգին Մելքոնյանը նշեց, թե ապրանքների մեծամասնության' շուրջ 60 տոկոսի համար ՄՄ գործող դրույքաչափերը ավելի բարձր են, քան ՀՀ գործող դրույքաչափերը: Մոտ 14,5 տոկոսի համար ՄՄ-ում գործող դրույքաչափերն ավելի ցածր են, քան Հայաստանում գործող դրույքաչափերը, 17 տոկոսից ավելին նույնն է, եւ շուրջ 2 տոկոսն է, որ այլ մեթոդներով է հաշվարկվում' ոչ միայն տոկոսային, այլեւ համակցված եւ այլն:
Իսկ Yerkir.am-ի դիտարկմանը, թե Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կարող է անդրադառնալ ոչ միայն ապարանքների նկատմամբ կիրառվող մաքսային դրույքաչափերի բարձրացումը, այլեւ նվազեցումը, հատկապես` արտադրության, արդյունաբերության համար, քանի որ այդ դեպքում որոշ ապրանքների արտադրությունը Հայաստանում կարող է ավելի թանկ լինել, քան այն կարելի կլինի ներկրել, Գարեգին Մելքոնյանը նշեց, թե այդպես է, ու հնարավոր բացառությունների ժամանակ կազմված է նաեւ նմանատիպ ապրանքների ցուցակ: Սակայն այդ ցուցակն անհամեմատ ավելի փոքր է, եւ հայկական կողմը փորձելու է բանակցել նաեւ դրանց շուրջ: Խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսական պատրաստի արտադրանքի եւ այլնի մասին է:
Փոխնախարարը նշեց, որ թեեւ վերջնականապես պարզ չէ այն ապրանքների ցանկը, որոնց համար կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման հարցում հայկական կողմն առաջարկելու է բացառություններ անել, բայց, ըստ նախնական դիտարկումների, այն կընդգրկի մոտ 800-850 ապրանքատեսակ: