կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-01-28 17:04
Առանց Կատեգորիա

Սահմանից էն կողմ

Սահմանից էն կողմ

7-8 տարեկան էինք, փողոցում կռիվ-կռիվ էինք խաղում: Բաժանվում էինք երկու խմբի` հայեր եւ թուրքեր: Ոչ ոք չէր ուզում թուրքերի խմբում լինել, թուրք լինել: Սահման էինք գծում. պետք է «թուրքերից» վերցնեինք իրենց տարածքը, գրավեինք: 7-ով էինք խաղում, ու հայերը միշտ մեկով ավել էին լինում՝ «բա հո թուրքերն ավել չե՞ն լինի» պատճառաբանությամբ: Բոլոր, բոլոր մեր անհաջողությունները թափում էինք թուրքերի գլխին` մամայի, մեծ եղբոր, դասընկերոջ կուլ տված վիրավորանքները հանկարծ հորդում էին մեր բռունցքների մեջ` ծեծում էինք սահմանից էն կողմ գտնվողին, ծեծում էինք` մինչեւ հանձնվում էին: Բայց կամաց էինք ծեծում, որ չցավեր: Բախտս միշտ չէր բերում, ես թուրք էի լինում ու միշտ դիտմամբ շուտ հանձնվում, թե` տեսեք-տեսեք` թուրքերն ուժեղ չեն: Երեւի դա ընկերներիս էլ էր դուր գալիս, դրա համար էլ ինձ միշտ սահմանից էն կողմ էին կանգնեցնում: Երբ տեսնում էին չեմ հանձնվում, խուտուտ էին տալիս, տեղում սահմանը հանձնում էի:

***

 

7-8 տարեկան էինք, դպրոցում կռիվ-կռիվ էինք խաղում: Սահման գծելու ու թիմերի բաժանվելու հարկ չկար`մենք ու մեր կողքի դասարանն արդեն երկու թիմ էինք, հերթով` օրը մեկս, ամբողջ դասարանով թուրք էինք լինում: Դպրոցում մի քիչ ուժեղ էինք իրար ծեծում, դպրոցում ինձ խուտուտ տվող չկար, թույլ տեղերս չգիտեին: Դպրոցում ես հեշտ չէի հանձնվում, դասընկերներս ինձ չէին ճանաչում եւ չգիտեին` իրականում ուժե՞ղ եմ, թե՞ թույլ: Խաղում էինք` մինչեւ ոչ թե տարածք գրավելը, այլ ուսուցչի բարկանալը:

***

 

7-8 տարեկան էինք, տանը ես ու փոքր եղբայրս կռիվ-կռիվ էինք խաղում:Այստեղ էլ բախտս չէր բերում, միշտ թուրքը ես էի լինում, բա հո ինձնից փոքրին չէի՞ ծեծելու: Եղբորս խնդիրը սենյակս գրավելն էր լինում. երկուսս էլ խուտուտ ունեինք, ծիծաղից խեղդվում էինք, բայց նա խորամանկն էր, արցունքների մեջ կորած էլ` հարմար պահն ընտրում ու իր դրոշը տանում, իմ սենյակում էր դնում, եւ վերջ` տարածքս գրավված էր: Խաղում էինք` մինչեւ մաման նկատում էր, որ մեջքներս ջրի մեջ կորած է, որը, ինչպես տատին էր ասում, թոքաբորբի բուն էր:

***

 

7-8 տարեկան էինք. միշտ-միշտ հետաքրքիր էր, թե ի՞նչ կա սահմանից էն կողմ: Ամեն մեկն իր պատկերացրած աշխարհն էր նկարագրում, նստում-վիճում էինք, հետո` ծնողներին օգնության կանչում, թե ում ասածն է իրականությանը մոտ: Միշտ, ամեն անգամ մամա, պապաների պատասխանը մեկն էր լինում` գրող էլ չկա սահմանից էն կողմ:

***

 

18-19 տարեկան էինք, երբ առաջին անգամ զենք բռնեցինք. մեր վաշտում ե՛ւ մեր փողոցից տղա կար, ե՛ւ մեր դասարանից: Առաջին անգամ հասկացանք` ինչի էինք իրար կամաց խփում, առաջին անգամ ընկերս գլխի ընկավ` ինչի էի շուտ հանձնվում, առաջին անգամ մոռացա խուտուտի մասին, առաջին անգամ թքած ունեինք` ինչ կա սահմանից էն կողմ, կարեւորը` սահմանից էս կողմ եղածն էր:

 

Կարինե Հարությունյան