Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Նոյեմբերի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Լեոնիդ Ազգալդյանի 72-ամյակին:
Լրագրողների հետ զրույցում հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանը նշեց, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են` իսկական հերոսներին հիշելու և ևս մեկ անգամ հասարակությանը նրանց դերի մասին հիշեցնելու համար:
«Հասարակությունը պետք է հասկանա, որ իդեալներն այն տղերքն են, որոնք հիմա էլ չկան: Ճիշտ տղերքը նրանք էին, ոչ թե ներկայիս` մի քանի մեքենա ունեցող հաստափորները»,- ասաց նա:
Բեյրութի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Հարութ Ֆազլյանն էլ նշեց, որ մինչ այս ծանոթ չէր Լեոնիդ Ազգալդյանի գործունեությանը, և հիմա շատ բան է փոխվել իր համար կյանքում:
«Ազգալդյանի մասին իմանալով` տեսա, թե ինչպես է առանց շահի մարդն իր կյանքը զոհում հայրենիքի համար, ինչպես են զոհվում գաղափարի համար: Անհրաժեշտ է նման միջոցառումներով անընդմեջ հիշեցնել կռված տղերքի մասին, քանի որ հիմա, ցավոք, մարդիկ ավելի շատ նյութական արժեքներն են ընդունում»,- ասաց նա:
«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ ցավով նշեց, որ Ազգալդյանն այդպես էլ հերոսի կոչման չարժանացավ, թեեւ իր ջոկատով ազատագրել է բազմաթիվ բնակավայրեր: «Նա հերոս էր նաև կենդանության օրոք, պատերազմի խոշորագույն դեմքն էր: Լեոնիդն այն մարդն էր, որ իր մեջ էր համադրում հանճարն ու հերոսը: Այսօր նրա օրինակը պետք է կենսակերպ դարձնել բոլորիս համար»,- ասաց նա:
Համերգին կմասնակցեն Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Բաբախանյանը, Հայկ Կազազյանը, Նորայր Քարտաշյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Երվանդ Մարգարյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Նունե Ավետիսյանը, Արսեն Ղազարյանը, Սյուզաննա Մելքոնյանը, «Կարին» երգի-պարի համույթը, պարի պետական համույթը, օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ-երգչախումբը /երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան/: Համերգի կղեկավարի Հարութ Ֆազլյանը: