Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 19-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիան, որի հետեւանքով զոհվեցին մեկ հայ և մի քանի ադրբեջանցի զինծառայողներ, գրեթե աննկատ մնաց միջազգային հանրության, այդ թվում` նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից: Սադրիչ գործողություններից անմիջապես հետո արձագանքեց միայն ԱՄՆ-ը` ի դեմս պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մերի Հարֆի, ով ընդամենը հերթապահ հայտարարությամբ հանդես եկավ` բռնություններից խուսափելու և խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու մասին, ինչպես նաև համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ըստ որի` նման միջադեպերը խարխլում են բանակցություններով ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված ջանքերը: Ինքնին Մինսկի խումբը դրան արձագանքեց միայն 5 օր անց` Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման շրջանակում: Նրանց համատեղ հայտարարության մեջ ընդամենը նշվում է, թե «հորդորել են բոլոր կողմերին հետևել զինադադարի մասին համաձայնությանն ամբողջությամբ և առանց նախապայմանների»:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջազգային հանրությունն ադապտացվել է, այսպես կոչված, բանակցություններին զուգահեռ «հոսող պատերազմ» ձևաչափին: Նախկինում նմանատիպ միջադեպերի ժամանակ, իբր պահպանելով պարիտետը, երկու կողմերին ուղղված կոչերը գոնե դատապարտող, մեղադրող շեշտադրումներ էին պարունակում, վերահսկողական մեխանիզմներ առաջարկում: Հիմա արդեն ընդամենը փաստն են արձանագրում, հորդորում և պարզապես մատնում մոռացության: Այս իմաստով հետաքրքրական է հատկապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի պարագան: Անցած տարվա նոյեմբերին, մոտ երկու տարվա ընդմիջումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցությունների սեղանին նստեցին փաստացի Վաշինգտոնի միակողանի ջանքերի շնորհիվ: Ջեյմս Ուորլիքին հաջողվեց դա կազմակերպել կողմերին կարգավորման սկզբունքներին վերաբերող նոր առաջարկություններ ներկայացնելու շնորհիվ: Թվում է, թե Վաշինգտոնն ամենից շատը պետք է անհանդուրժողականություն ցուցաբերեր բոլոր այն դրսևորումների, սադրանքների նկատմամբ, որոնք ուղղակի կամ անուղղակի հարվածում են իր նախաձեռնություններին: Այն փաստը, որ արտգործնախարարների փարիզյան հերթական հանդիպման նախօրեին Ադրբեջանի սանձազերծած արկածախնդրության հանդեպ ԱՄՆ-ը նման անտարբերություն է հանդես բերում, նշանակում է, որ Վաշինգտոնն առանձնապես չի հավատում այդ առաջարկությունների կենսունակությանը և իր նախաձեռության հաջողությանը:
Առավել հետաքրքրական էր Ռուսաստանի արձագանքը, ավելի ճիշտ դրա կատարյալ բացակայությունը: Պաշտոնական Մոսկվան այդ միջադեպին որևէ կերպ չարձագանքեց: Չի կարելի բացառել, որ Մոսկվան այդպիսով լուռ հրճվում է միակողմանի միջնորդի գնդակն իր դաշտից տանելու` ԱՄՆ-ի նախաձեռնության փաստացի տապալումով: Սակայն, մյուս կողմից, ՌԴ-ն Հայաստանի գործընկերն է ՀԱՊԿ շրջանակում, նրա անվտանգության մասնակի երաշխավորը և, որպես այդպիսին, Ադրբեջանի համար լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմելուց զգուշանալու հիմնական գործոն: Բացի դրանից` ներկայումս ընթանում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության հիմնադրման ակտիվ պրոցեսը, և տրամաբանությունը հուշում է, որ Մոսկվան ամենաշատը պետք է շահագրգռվածը լիներ գոնե այս փուլում իր շահերի գոտում գտնվող տարածաշրջաններում անկայունության հրահրման ցանկացած փորձ կանխելու հարցում:
Չի կարելի բացառել, որ հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լարվածության մեծացման հանդեպ համընդհանուր անտարբերությունը պայմանավորված էր նաև սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված «Ժնև-2» միջազգային կոնֆերանսի և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ միջազգային հանրության ուշադրության գերկենտրոնացմամբ: Դրանք առժամանակ միջազգային օրակարգից հանել են մյուս բոլոր` քիչ, թե շատ կարևոր խնդիրները, այդ թվում` նաև ԼՂ հիմնահարցի կարգավորումը:
Բոլոր դեպքերում` Ադրբեջանը պարզապես փորձել է օգտվել ստեղծված այս բացառիկ իրավիճակից և թաքնված կայծակնային պատերազմի իմիտացիա ձեռնարկել: Նպատակը ոչ թե ինքնին պատերազմի վերսկսումն է, այլ ավելի հրատապ միջազգային խնդիրների ստվերում նման քայլի դիմելու հնարավորության և դրա նկատմամբ միջազգային հանրության ռեակցիայի բնույթի ու արագության ստուգումը: Եվ հենց այս իմաստով է, որ հատկապես ԼՂ հարցում միջնորդի առաքելություն ստանձնած երկրների` նման կրավորական արձագանքը դառնում է վտանգավոր: Բաքուն այն հեշտությամբ կարող է ընկալել որպես իրեն տրվող պատերազմի սկսման քարտ բլանշ և ցանկացած հաջորդ նմանատիպ իրավիճակում պարզապես որոշի դիմել այդ քայլին` առկա ստատուս քվոն փոխելու նպատակով:
Այս իմաստով առաջին պլան է մղվում այն հարցը, թե որքանո՞վ է Հայաստանն ունակ դիվանագիտական հարթությունում կանխել նման անցանկալի զարգացումները: Ըստ էության` ներկայումս պաշտոնական Երևանը գործում է «բանակցություններ` ցանկացած գնով և ցանկացած իրավիճակում» մարտավարությամբ, որի ողջ իմաստը ընդամենը միջազգային հանրության կարծիքին համահունչ գործելը և դրանով իրեն պաշտպանելն է: Սա տիպիկ հարմարվողականություն է, որն իր անարդյունավետությունն ու անիմաստությունն ապացուցել է դեռ Ռամիլ Սաֆարովի արտահանձման շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակ: Ստեղծված նոր իրավիճակում, երբ Ադրբեջանն արդեն սկսել է խաղալ միջազգային հանրության ուշադրության հետ և ակնհայտորեն պատերազմի ճիշտ պահը որսալու խնդիր է դրել, Հայաստանից պահանջվում են ոչ սովորական և ստանդարտից դուրս դիվանագիտական քայլեր, ինչպիսին կարող էր լինել, օրինակ, այդ միջադեպից հետո արտգործնախարարների փարիզյան հանդիպմանը մասնակցելուց դեմոնստրացիոն հրաժարումը: Մինչդեռ նման քայլեր անելու փոխարեն Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը նորանոր նվաճումներ է գրանցում միայն` լատինաամերիկյան և աշխարհի երրորդական երկրներում արհեստականորեն Հայաստանի համար բարեկամներ «որսալու» նպատակով շրջագայություններ կազմակերպելով:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ