կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 18:20
Առանց Կատեգորիա

Ինչի է Օսկանյանը դրդում Ծառուկյանին

Ինչի է Օսկանյանը դրդում Ծառուկյանին

Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ փոխնախագահ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները, «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և ինքն իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:

 

Ի պատասխան` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել է, որ պատրաստվում են հանդես գալ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով առաջարկելու են հանել այն դրույթը, ըստ որի` խորհրդարանական քաղաքական ուժը համարվում է ընդդիմություն, եթե ԱԺ հերթական նստաշրջանի սկզբում հայտարարում է ընդդիմադրի լինելու մասին: Այսինքն` սա լինելու է մի նախաձեռնություն, որը կյանքի կոչվելու դեպքում ԲՀԿ-ին կազատի ընդդիմություն լինել-չլինելու մասին հայտարարությունն անելուց և «այլընտրանքի» անհասկանալի կարգավիճակից կառչած մնալուց: Թեեւ Զոհրաբյանը նաև հավելել է, թե ԲՀԿ-ն բաց է` քննարկելու Օսկանյանի առաջարկությունը, սակայն ակնհայտ է, որ օրենսդրական վերոնշյալ փոփոխության անհրաժեշտության մասին ակնարկով նա, ըստ էության, փորձում է օրակարգից հանել այդ հարցը: Այսինքն` առավել քան պարզ հասկացնում է, որ այս փուլում պաշտոնապես ընդդիմադիր դառնալը ԲՀԿ-ն (հասկանալ` Գագիկ Ծառուկյանը) աննպատակահարմար է համարում:

 

Օսկանյանի առաջարկությունն ունի երկու թիրախ: Առաջին` նա քայլ է կատարում կուսակցությունը դուրս բերելու արհեստական ու հակաքաղաքագիտական այն վիճակից, որում հայտնվել է Ծառուկյանի թեթև ձեռքով այսպես կոչված այլընտրանք` ո'չ իշխանություն, ո'չ ընդդիմություն հռչակվելու պատճառով: Չնայած սկզբնապես թվում էր, թե այս միջանկյալ կարգավիճակը ԲՀԿ-ին մանևրի լայն հնարավորություն է տալիս, սակայն այսօր արդեն պարզ է, որ այն կուսակցությանն, ի վերջո, կանգնեցրել է փակուղու առջև: ԲՀԿ-ն օտար, ըստ այդմ` նաև հետապնդած նպատակների իմաստով կասկածելի է հավասարապես թե' իշխանության և թե' ընդդիմության համար: Այն այլևս էֆեկտիվ չէ նաև թաքցնելու համար կուսակցությունում հանգրվանած կիսաօլիգարխիկ, բիզնես շրջանակների քաղաքական ու տնտեսական ուժեղ կախվածությունը իշխանություններից և դրանից հենց ԲՀԿ-ի` իբրև քաղաքական կազմակերպության, խիստ կաշկանդվածությունը: Հետևաբար` արհեստական այս վիճակը թոթափելու` Օսկանյանի առաջարկությունը պետք է նաև ընկալել իբրև այդ կապանքներից ձերբազատվելու և դասականին մոտ քաղաքական միավոր դառնալու անհրաժեշտության ամրագրում: Քանի դեռ ԲՀԿ-ն ընտրություն չի կատարել այդ շրջանակների շահերի սպասակուն դառնալու և հանրային շահերով առաջնորդվելու նպատակների, խնդիրների և առաքելությունների միջև ու հստակ չի կողմնորոշվել, այն չի կարող խմբավորումից վերածվել ուժեղ ու մոբիլ քաղաքական ուժի:

 

Երկրորդ` Օսկանյանը փորձում է փաստացի այրել ԲՀԿ-ի` դեպի ՀՀԿ-ական մեծամասնության հետ համագործակցության, ավելի ճիշտ նրա կցորդը դառնալու դաշտ վերադարձի կամուրջները: Օսկանյանը շատ լավ հասկանում է, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով պայմանավորված` ԲՀԿ-ն շարունակում է իշխանության կողմից ընկալվել որպես կոալիցիոն դաշնակցի հիմնական թեկնածու: Եվ քանի որ վստահություն չունի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որ նա իր քաղաքական թիմի թիկունքում կտրուկ, անսպասելի շրջադարձեր չի կատարի վերջին պահին, փորձում է այս կերպ ճնշում գործադրել նրա նկատմամբ և դրդել կուսակցության քաղաքական թևին դա, որպես հստակ պահանջ, ձևակերպել Ծառուկյանի առջև:

 

Օսկանյանի մտավախությունը դառը փորձ ունի: Մինչև նախագահական ընտրություններին առաջադրման համար սահմանված ժամկետի վերջին րոպեները, ԲՀԿ-ում համոզված էին, որ Ծառուկյանն առաջադրվելու է, և մարտավարությունը սկսել էին կառուցել հենց դրա վրա: Սակայն վերջին պահին Ծառուկյանը փաստի առջև կանգնեցրեց ԲՀԿ-ի քաղաքական թևին` ոչ միան հրաժարվելով առաջադրվել, այլեւ ստիպելով ԲՀԿ-ին որևէ ձևաչափով չմասնակցել ընտրություններին: Դրա դառը պտուղները մինչև հիմա ԲՀԿ-ն չի կարողանում կուլ տալ, վերագտնել կորցրած դիրքերը քաղաքական դաշտում: Իսկ քանի դեռ կուսակցությունը գտնվում է «այլընտրանք» կոչվածի անհասկանալի հարթությունում, նման ռևերանսները երբեք բացառել չի կարելի:

 

Անելով այս քայլը` իրականում Օսկանյանը գնում է գիտակցված ռիսկի: Նա փաստացի հերթական անգամ հակադրվում է թե' կուսակցության և թե' Ծառուկյանի ուղեգծին, քանի որ Նաիրա Զոհրաբյանի արձագանքից հետևում է, որ Ծառուկյանը գոնե այս պահին հակված չէ վերջնականպես կողմնորոշվելու և որոշում կայացնելու: Դա նշանակում է, որ եթե այս տենդենցը շարունակվի, ապա Օսկանյանն ինքն է հայտվելու ԲՀԿ-ում մնալ-չմնալու որոշման թակարդում: Եթե ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնում, իսկ Օսկանյանը շարունակում է մնալ այդ կուսակցությունում, ապա հաստատում է, որ իր քաղաքական կեցվածքը, նպատակները զոհաբերում է կուսակցական կոնյունկտուրային, Ծառուկյանի քմահաճույքներին և, որ ամենակարևորն է, ԲՀԿ-ի կիսաօլիգարխիկ այդ շրջանակների «բիզնես» հետաքրքրություններին: Նա մի կերպ կարողացավ ինչ-որ կռվաններ գտնել նախագահական ընտրություններում Ծառուկյանի անվճռականությունը բացատրելու համար: Բայց այս անգամ դա անելը նրա համար կարող է քաղաքական ինքնասպանության էֆեկտ ունենալ:

 

Ակնհայտ է, սակայն, որ անկախ Օսկանյանի այս ուղերձից` ԲՀԿ-ն վաղ թե ուշ կանգնելու է երկընտրանքի առջև: Այն ուղեգիծը, որով համառորեն փորձում է գնալ Ծառուկյանը, նման է իրականությունից ու պատասխանատվությունից փախչելու հուսահատ փորձերի: Եվ քանի դեռ նա այդ փախուստների ճանապարհին է, կուսակցությունը լինելու է կուսակցական տնտեսական շրջանակների գերին: Մինչդեռ որքան Ծառուկյանը շարունակում է խույս տալ, այնքան ինքն իրեն անկյունում ավելի է սեղմում: Ի վերջո, նա այնտեղից դուրս է գալու: Պարզապես դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ այլևս ոչ մի բան չի փոխի, ոչ ոքի այլևս հետաքրքիր չի լինի:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ