կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 10:52
Հասարակություն

Խաղատնային բիզնեսը կխոշորանա

Խաղատնային բիզնեսը կխոշորանա

«Հրապարակը» գրում է.

 

«Թեպետ օրենսդրական հայտնի փոփոխություններից հետո Փարաքարի ճանապարհի կազինոները շատ արագ փակվեցին, սակայն նոր այդպիսի համալիրներ կծլեն, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում: Մեր տեղեկություններով, երկրի մեծահարուստներից մի քանիսն այս շրջանում մտմտում են Երեւանի հենց սրտում խաղատնային համալիր բացել, որը, բնականաբար, աստղաբաշխական եկամուտներ կապահովի տիրոջը:



Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ին ուժի մեջ է մտել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով խաղատուն կամ շահումով խաղեր կարող են գործել միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան եւ Մեղրի քաղաքներում: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան ազատ տնտեսական գոտու» տարածքներում կամ Երեւանից դուրս գտնվող հարակից տարածքներում կարող են խաղատներ բացել եւ շահումով խաղեր կազմակերպել միայն այն գործարարները, ովքեր կներդնեն 40 մլրդ դրամ կամ մոտ 100 մլն դոլար եւ կունենան կառավարության աջակցությունը:



Նշենք, որ վերջերս նաեւ հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում: ՀՀ կառավարությունն անցյալ տարվա վերջին հավանություն է տվել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին, որով թույլատրել է «Օնիրա քլաբ» ընկերությանը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երեւան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի եւ հանգստի կենտրոն կառուցել` խաղատուն կամ շահումով խաղ, կամ ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար:



«Օնիրա քլաբ» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների ցանկում է:  Գագիկ Ծառուկյանին են պատկանում նաեւ արդեն իսկ գործող «Փարավոն» համալիրը ու «Կեմպինսկի» բրենդի խաղատնային մասնաճյուղը»:



Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: