Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարի սահմանամերձ բոլոր բնակավայրերի այն հողատարածքների համար, որոնք գտնվում են հակառակորդի գնդակոծության սպառնալիքի տակ, կառավարությունը վճարել է գույքահարկ ու հողի հարկ:
Երբ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացնում էր այդ միջոցառումները, լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավոր չէ՞, արդյոք, սահմանամերձ գյուղերի համար արտոնություններ սահմանել եւ հողի հարկ ու գույքահարկ չգանձել: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ երևի ժամանակն է, որ այդ համայնքներում այդպիսի խնդիրներ չունենանք, այսինքն' ապահովվի այդպիսի համայնքների զարգացումը, ապահովվեն եկամուտներ, տնտեսական աճ, եւ ընդհանրապես չխոսենք հարկերը զիջելու կամ փոխհատուցելու մասին: Բայց դեռ այդ խնդիրներն ունենք: Փոխնախարարն ընդգծեց, որ ինքը չէր խոսում հարկային արտոնությունների կամ զիջումների մասին, այլ այն մասին, որ պետությունը քաղաքացիների փոխարեն վճարել է հարկերն ու տուրքերը: Սա ինստիտուցիոնալ խնդիր է: Այսինքն' հարկային արտոնությունները, ըստ փոխնախարարի, միշտ չէ, որ ամենալավ միջոցն են, եւ քաղաքականության համատեքստում իրենք աշխատում են մինիմալի հասցնել հարկային արտոնությունների գաղափարը:
«Այլ խնդիր է, որ այն թիրախային համայնքներում, որտեղ մենք արձանագրում ենք խնդիրներ, փորձում ենք իրենց փոխարեն վճարել: Հիմա դուք առաջարկում եք այսօրվանից ընդհանրապես հանել հարկերը, տուրքերը... Այս տարի մենք էլի ձեռնամուխ ենք եղել նոր որոշման նախաձեռնությանը, եւ ֆիզիկական ու իրավաբանական սուբյեկտներին պատկանող այն հողատարածքների վերաբերյալ, որոնք գտնվում են գնդակոծման վտանգի տակ, բայց, այնուամենայնիվ, մշակվում են, ամենայն հավանականությամբ, կընդունվի նախագիծը, եւ մենք այս տարի էլ այդ օժանդակությունը կցուցաբերենք: Այսինքն' եթե հաջորդ տարի այդ վտանգը վերանա, Աստված տա, որ այդպես լինի, ապա հնարավոր կլինի անդրադառնալ այդ միջոցների հաշվին նաեւ այլ խնդիրների լուծմանը»,- պատասխանեց Վաչե Տերտերյանը:
Փոխնախարարի խոսքով' պետական վերջին տարիների հարկային քաղաքականությունն ուղղված է եղել հարկ վճարելու կուլտուրայի ձեւավորմանը, եւ յուրաքանչյուր այսպիսի քայլը' հարկային արտոնության տրամադրում, հետ է տանում այդ մշակույթի ձեւավորման ճանապարհից:
«Երբ մենք մինչեւ 2008 թվականը գոյացած ապառքներն ու պարտքերը զրոյացրեցինք, ըստ էության` իրավականորեն զրոյացած էր, քանի որ հայցային վաղեմության ժամկետներն էին անցել եւ այլն, ապա այն համայնքապետերը, ովքեր մինչ այդ միշտ ասում էին' զրոյացնենք, զրոյացնենք, սկսեցին դժգոհել, թե մարդկանց մոտ նոր սպասումներ են առաջանում, որ էլի կզիջեն, դժգոհություն է առաջանում, թե` ինչո՞ւ ես տվեցի, մյուսը չտվեց»,- ասաց Վաչե Տերտերյանը: