Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Անդրադարձ է եղել հատկապես պատժի անխուսափելիության խնդիրներին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից իրավական պետության խնդիրն է ոչ միայն պաշտպանել քաղաքացիների իրավունքները, այլ նաև պատժել այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին, որովհետև եթե պատասխանատվության անխուսափելիությունը, այսպես ասած, չի թևածում օդում, նշանակում է` շարունակում են վտանգված մնալ մարդու, հասարակության, պետության շահերը:
«Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է և պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման և քննության փուլերին, որ օպերատիվ և քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, և երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք և այլևս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,-ասել է նախագահը` նշելով, որ այդ ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, որոնք նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը կներկայացնի խորհրդակցության մասնակիցներին:
Դատաիրավական ակտերի կատարման գործընթացի վերաբերյալ նախագահի օգնականի զեկույցից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը և ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել են նախորդ խորհրդակցությունների արդյունքում քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: