Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշողություններ Երևանի Ուղղիչ տնից»...ես բեմադրել էի դրանից հատված ինստիտուտում և Արմեն Մազմանյանը խաղում էր Չարենց: Ահագին մարդ էր եկել' տարբեր կուրսերից ուսանողներ, դասախոսներ: Երկար-երկար ծափահարում էին: Ծափահարում էին բոլոր դերակատարներին: Բայց տպավորությունն էնպիսին էր, որ ծափերն ուղղված են հենց Արմենին: Բեմադրությունը պատրաստելիս մի երկու անգամ թեթևակի վիճել էինք, տարբեր մոտեցումներ էինք առաջարկել, իրար չէինք հասկացել, բայց հանձնման օրը ամեն ինչ տեղն ընկավ: Արմենը իսկական Չարենցն էր: Աստված լուսավորի Ազատ Գասպարյանի հոգին' Արմենն ավելի Չարենց էր էդ օրը, քան Գասպարյանը' հետո ֆիլմերում ու բեմադրություններում: Սա իմ համարձակ ու համեստ կարծիքն է:
«Գոյ» թատրոնի բեմում, «Ռնգեղջյուրում» Արմենը խաղում էր Բերանժե, Նարեի հետ: Բեմադրությունն Արթուր Սահակյանինն էր: Հիանալի ներկայացում էր, չափազանց տպավորիչ: Ֆինալային կտորում Արմենի կատարմամբ Բերանժեն գետնին չոքած ի սրտե փորձում էր դառնալ ռնգեղջյուր, բայց չէր կարողանում' Բերանժեն մնում էր մարդ' կործանվող, ռնգեղջյուրների սմբակների տակ տրորվող աշխարհում: Նա անզորությունից ոռնում էր ահավոր, սահմռկեցուցիչ ձայնով, ասես անիծելով կերպարանափոխվելու իր անկարողությունը' դրանով իսկ հաստատելով մարդ կոչվելու ու մարդ մնալու բարձրագույն իրավունքը: Ես էնքան հուզված էի, որ ներկայացման վերջում խոսել չէի կարողանում' միայն մոտեցա, արցունքներս մի կերպ զսպելով կիսատ-պռատ շնորհավորեցի Արմենին ու Արթուրին և դուրս թռա կուլիսներից, որ նրանց ներկայությամբ չհեկեկամ: Մեր սերնդի մարդիկ ռնգեղջյուրներ չեն դառնում' մենք դրա ձևերը չգիտենք:
Ինստիտուտում Արմենը բեմադրել էր «Պրոմեթևսը շղթայված»: Ուզում էր դա անել Գիտությունների Ակադեմիայի բակում, բայց չթողեցին: Ստիպված էր բավարարվել ինստիտուտով: Բակում, բուֆետի հարևանությամբ իրարանցում էր' ամեն տեղ ձգվում էին էլեկտրալարեր, ծառերից կախված էին լուսարձակներ, դերասանները բեմական հագուստներով շրջում էին միջանցքներով, կրկնում էին դերերը: Անսպասելի անձրև եկավ, էնքան հորդառատ, որ չհասցրեցինք որևէ բան ձեռնարկել' բակը կորավ քլթքլթացող պղպջակների մեջ ու հրշեջ ծառայության աշխատողները կանգնեցին գլխներիս,-
- Էսի վտանգավոր ա, կարող ա մեկնումեկիդ տոկը խփի...
Անձրևը կտրվեց նույնքան անսպասելի, բայց ամենինչ ջրի տակով էր եղել: Արմենը չտեսնող աչքերով թափառում էր բակում, մեր շփոթված հայացքների տակ ու նման էր զորքը կորցրած Նապոլեոնին: Մինչդեռ ահագին մարդ էր գալու ներկայացումը դիտելու:
- Մի մտածի, մենք հեսա սաղ խելքի կբերենք,- ասացինք նրան ու մի մարդու պես սկսեցինք դույլերով դատարկել ջուրը, սրբել թրջված հաղորդալարերը: Ողջ ինստիտուտը լծվել էր գործի' բոլորն ուզում էին, որ ներկայացումը կայանա, որովհետև սպասելիքները մեծ էին, որովհետև բեմադրողն Արմենն էր: Ոնց ասեցինք' էնպես էլ արեցինք, ներկայացումը մեր համառ ջանքերի շնորհիվ կայացավ: Խորհրդավոր մթնոլորտ էր արդեն մթնած բակում ու քար լռություն' նման հետաքրքրությամբ դեռ ոչինչ չէինք դիտել: Մենք քաշվել էինք հետ' թույլ տալով հյուրերին ըմբոշխնել Արմենի ստեղծագործությունը: Ես լավ հիշում եմ, թե ինչպես էր ականավոր Հենրիկ Մալյանն իրեն բնորոշ համեստությամբ, հետևի շարքերում կանգնած' ելել ոտնաթաթերի վրա, որ ավելի լավ տեսնի մյուսների գլուխների վրայով բեմի վերածված բակում տեղի ունեցող հրաշքը:
Մի տարի աշխատել եմ «Գոյ» թատրոնում որպես տնօրեն: Ամենամեծ բանը, որ կարողացանք անել էդ տարի ընկերներով' վերջնական տեսքի բերեցինք դահլիճը, ավելացնելով նստատեղերը: Արմենն ահավոր ոգևորված էր, մեծ երեխայի պես ուրախացել էր: Ռեժիսորներից մեկը, որն աստված գիտի որերորդ տարին փորձում էր հանդիսատեսի դատին հանձնել իր դարակազմիկ, աշխարհացունց, վեց ժամ տևող ներկայացումը' կարողացավ ի վերջո դա անել: Դա էլ էր ձեռքբերում, թեև ահավոր գնով: Հիշում եմ, թե ինչպես էր նա Էն դժվար տարիներին պահանջկոտ տոնով դիմում Արմենին,-
- Իմ բեմադրության համար էս ա պետք, էն ա պետք...առանց դրա ես չեմ հանձնի' գտեք ուզածներս, բերեք:
Հենց էդպես' ոչ ավել, որ պակաս...
Ես զարմանում էի Արմենի համբերության վրա' ինքս վաղուց կասեի երկու բառ էդ ռեժիսորին ու երևի միայն ասելով չբավարարվեի: Բայց թատրոնը փորձարարական էր' թատրոն-լաբորատորիա և Արմենը հոգոց հանելով խոստանում էր ամենինչ անել ու չգիտեմ որտեղից հոգեկան ուժեր և ֆինանս գտնելով, կաշվից դուրս գալով, ամեն կարգի տրամաբանությանը հակառակ' անում էր: Հայաստանի համար ամենաբարդ, անբարենպաստ պայմաններում թատրոնը իսկական նվիրյալների համար մնում էր սրբավայր, աշխարհի կենտրոն, ամենասիրելի ու փայփայած երեխան: Այլ կերպ չէր կարող լինել:
«Գոյ» թատրոնի դահլիճի կիսամութում շատ տարիներ առաջ նստած զրուցում էինք' Արմենը հաճախ հենց էնտեղ էր քնում:
- Քրիստո, գժություն ա գալիս վրաս էս պատերից,- մի անգամ խոստովանեց նա,- Էս մթնոլորտից դուրս գալ չեմ կարողանում, կհավատաս:
Ես չգիտեի ինչ պատասխանեի' ինչ որ անկապ բաներ մրթմրթացի, առաջարկեցի մնալ գիշերը հետը, բայց նա մերժեց,-
- Չէ, դու գնա, ես սովոր եմ' էս իմ խաչն ա:
Երբեմն գիշերով, «Գոյ»-ից ներքև տանող աստիճաններով իջնելով ման էի գալիս Սունդուկյանի լուռ, գորգապատ միջանցքներում ու ինձ թվում էր, որ լսում եմ մեր մեծերի ձայներն ու շշուկները' նրանց դիմանկարները կախված էին պատերին ու հետևում էին ամեն քայլիս խանդոտ ուշադրությամբ: Ես ասում եմ «թվում էր», բայց իրականում իսկապես ձայներ էի լսում' հոգոցներ, բացվող ու փակվող դռների թույլ ճռռոց, ծանր, խոհուն ոտնաձայներ, հեռավոր ծափեր...: Ոնց էր կարողանում Արմենը գիշերներ անցկացնել էնտեղ' չեմ պատկերացնում:
Արմենը զբաղվում էր բիզնեսով, որ կարողանար թատրոնը պահել: Հիշում եմ, ինչպես էր ընկերների հետ ինքնաթիռով Ռուսաստանից ճերմակ հաց բերել բոլորիս համար' էն ժամանակ մեր խանութներում վաճառվող հացը թեփի համ ուներ, թեփի գույնով: ՈՒ հանկարծ' ճերմակ հաց...ես ինձ հասանելիք մեկ հատը բերեցի տուն, Նունեն հուզվեց' վաղուց նման բան չէինք կերել: Սրբեցինք մինչև վերջին փշրանքը' Լիլոյին հասավ ամենից շատ: Հիմա խանութներում ինչ տեսակ հաց ասես կա, դրսերում ինչ գույնի ու համի հաց ասես կերել եմ: Բայց ինքնաթիռով Հայաստան բերված էն հացի համն ուրիշ էր, դա իմ կերած ամենահամեղ հացն էր:
Սովորություն ունեինք կուրսով գարնանն ու աշնանը գնալ Թիֆլիս: Երկիրը դեռ քանդված չէր ու Երևանից Վրաստանի մայրաքաղաք հասնելն արժեր կոպեկներ: Լցվում էինք գնացքն ու ասել-խոսելով, ուտել-խմելով հասնում էինք Թիֆլիս' գրեթե միշտ իջևանելով «Սաքարթվելո» հյուրանոցում: Մի անգամ էդպես հանպատրաստի, երեկոյան մտանք էնտեղի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, ասացինք, որ Երևանից եկած ուսանողներ ենք, ուզում ենք որևէ հետաքրքիր բան տեսնել, ասենք' բեմադրության փորձեր: ՈՒշ ժամ էր, ինստիտուտն արդեն փակվելու վրա էր, բայց ինստիտուտում իրար խառնվեցին ու մեզ ասացին' «Էկեք ձեզ ավելի լավ բան ցույց տանք' գնանք Փարաջանովի տուն»: Երկու տղա էին' Սաշն ու Գարիկը, նրանցից մեկը Փարաջանովի զարմիկն էր: Միանգամից ընկերացանք նրանց հետ ու շտապեցինք մեր հանճարեղ հայրենակցի տունը: Ափսոս նա տանը չէր ու էդպես էլ չեկավ: Բայց մենք միևնույն է' բավարարված մնացինք: Հետազոտեցինք տան ամեն անկյունը, նայեցինք Փարաջանովի ձեռքով սարքած բոլոր հրաշք-պատկերները, թերթեցինք ալբոմները' մեզ համար դա տոնական, կախարդական երեկո էր: Հետո, երեկոյան չգիտեմ ինչ չարաճճիություն մտավ մեջներս' Արմենը մտել էր լոգարան, լողանալու: Ես ու մեր մյուս Արմենը' Ստեփանյանը, սկսեցինք բարձր ծեծել լոգարանի դուռն ու աղիողորմ գոռալ,-
- Ապե~ր, շուտ հասի, կռիվ ենք արել, մերոնց տփում ե~ն...
Երկու վայրկյան անց Արմենը կիսահագնված ափալ-թափալ դուրս թռավ լոգարանից: Նա էդպիսին էր' եթե ընկերներին բան են ասել, ուրեմն պիտի հասնի: Տեսավ մեզ ինքնագոհ հռհռալիս, մատը տնկեց վեր, հետո ինքն էլ ծիծաղեց, ուրախ ու անկեղծ' ես երբևէ չեմ տեսել Արմենին որևէ մեկից նեղացած, նա բարեհոգի էր ու մեծ սրտի տեր: Իսկ ընկերներին ներում էր առանց բացառության ամենինչ: Երեկոյան նորից սեղան նստեցինք' վրացական գինով ու խինկալիով: Կհավատք թե չէ' սեղանի շուրջ շարունակում էինք խոսել արվեստից, մեր բոլոր կենացները թատրոնի ու կինոյի շուրջ էին:
Մեր վերջին հանդիպումից հետո, երբ դուրս եկա ինստիտուտից' ինձ մոտեցավ մեր երիտասարդ ընկերներից մեկը, բարևեց ու մտահոգ ասաց,-
- Աղասիչի մոտ էի մի վախտ առաջ' տխուր էր...ասում ա' «Շատ կուզեի Ֆրանսիայում ապրող տղայիս տեսնեի»...
- Գիտեմ,- պատասխանեցի ես:
Մենք շարունակեցինք լուռ քայլել ու մտածել նույն բանի մասին: Արդեն գիշեր էր, իսկ ռեկտորի առանձնասենյակում շարունակվում էր վառվել լույսը' Արմենն առաջվա նման աշխատում էր: Էդ օրը ես նրան տեսա վերջին անգամ:
***
Սուրբ Հովհաննեսի բակում, երբ արդեն դագաղը դրել էին սև մեքենայի մեջ ու փակում էին եկեղեցու դռները' Աշոտ Գևորգյանն իրեն հատուկ էմոցիոնալ պոռթկումով հանկարծ բարձրաձայն հառաչեց.
- Սուտ ա սաղ' Մազը կար ու էլ չկա...բա էս տեսակ աշխարհ ա՞ լինում...
Չի լինում իհարկե, չի կարող լինել: Չգիտեմ, թե մեկ էլ ինչ հրաշք պիտի տեղի ունենա, որ կարողանամ ինձ ստիպել մտնել Կինոյի ու թատրոնի ինստիտուտի դռնից ներս: Տեղից մի շատ հավատացողը չէի հրաշքների' հիմա էլ ընդհանրապես պատրանքներ չմնացին: Չնայած, եթե ուրիշ աչքով նայեմ մեր ապրած տարիներին' ամեն օրն էլ հրաշք էր, բեմ դուրս գալը հենց հրաշքների հրաշքն էր ու մենք էդ ժամանակներն ապրեցինք: ՈՒ ոչինչ, որ մեր սերնդի բախտն ահավոր չբերեց' ով թողեց թատրոնն ու փորձեց գլուխը պահել ուրիշ, իբր վաստակ ապահովող գործերով, ով' կռվի դաշտից չվերադարձավ, ով էլ ստիպված հեռացավ օտար ափեր' աչքը հետև, ցավը սրտում: Բայց եթե էժանագին շոուները լրիվ չեն կլանել մեր բեմերը, եթե հայի հոգուն անհարիր բարքերը չեն կարողանում Հայստանում ոտքի կանգնել ու կայանալ, եթե սերիալում խաղացող դերասանի խոսքի ու շարժուձևի մեջ հանկարծ առկայծում է ոչ մի տեղ չպարտկվող պրոֆեսիոնալիզմը' դրանում կա մեր Արմենի մեծ, շատ մեծ վաստակը: Ես նրան միշտ համարել եմ Մարդ-Թատրոն: Ես հավատում եմ նրա ուսանողներին, որոնք գնում են Արմենի ոտնահետքերով: Ժամանակը շրջել չի լինի, բայց նրա տված պարգևներն անվերադարձ կերպով արդեն մերն են' լույս իջնի հոգուդ, սիրելի ու անմոռանալի Արմեն Մազմանյան»: