կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-20 16:21
Քաղաքական

Քանի դեռ դու ուժեղ չես, քո կողքին ոչ ոք չի լինելու. Արտակ Բեգլարյան

Քանի դեռ դու ուժեղ չես, քո կողքին ոչ ոք չի լինելու. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի համոզմամբ` ապրիլյան ագրեսիվ գործողությունները սանձազերծելով, Ադրբեջանը նպատակ է ունեցել մեծ հաջողությունների հասնել ռազմական ու քաղաքական դաշտում, փորձելով աշխարհաքաղաքական ու տնտեսական ինչ-ինչ հարցեր նկատի ունենալով, իր ուզած ձևով լուծել ԼՂ հարցը:

Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողություններին` նա նշեց, որ Պաշտպանության բանակը հաջող պաշտպանություն կազմակերպեց, անհրաժեշտ հակահարվածը տվեց, որի արդյունքում կարողացանք պաշտպանել մեր սահմանները: «Մենք  Ադրբեջանին լուրջ մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառեցինք»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Հարցին` ետադարձ հայացքով այդ դեպքերը վերլուծելիս կարո՞ղ ենք ասել, որ ունեցել ենք թերացումներ, նա պատասխանեց, որ թեև ռազմական գործի մասնագետ չէ, սակայն կյանքի ցանկացած դեպքի կարող ենք հետ հայացք գցել ու գտնել թերացումներ` ասելով, որ կարող էինք ամեն ինչ ավելի լավ կազմակերպել:

«Բայց եղավ այն, ինչ եղավ, և ամենակարևորն այն է, որ մերոնք կարողացան պաշտպանել մեր սահմանները: Գուցե ավելի քիչ զոհ կարող էինք ունենալ, գուցե մեկ դիրք քիչ կարող էինք կորցնել, բայց հետևությունները պետք է անեն հենց ռազմական գործիչները և հետագայում փորձեն բարձրացնել արդյունավետությունը»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է հասարակության արդարացի բողոքին, որ պետք էր շատ զինել բանակը, նա նշեց, որ համամիտ է` միանշանակ, պետք է զինել բանակը:

«Ամբողջ Արցախը պետք է զինված լինի, ամբողջ հայությունը պետք է զինված լինի, իսկ Պաշտպանության բանակը այնքան պետք է ապահովված լինի համապատասխան զենք-զինամթերքով, որ կարիքի դեպքում պահեստազորն էլ պատրաստ լինի: Մեր անվտանգության երաշխիքը հենց դա է, այլ ոչ թե միջազգային հանրությունը, դիվանագետներն ու քաղաքական գործիչները»,- ասաց Արտակ Բեգլարյանը` հավելելով, որ այս օրերին տեսանք, որ միջազգային հանրություն կոչվածը ոչ միայն մեր կողքին չէ, այլև ոչ մի երկրի կողքին չէ: Ըստ նրա` քանի դեռ դու ուժեղ չես, քո կողքին ոչ ոք չի լինելու, հետևաբար` հենց ինքերս պետք է պաշտպանենք մեր սահմանները:

ԼՂՀ վարչապետի խոսնակը համաձայնեց, որ զինվելու համար մեծ գումարներ են պետք, և կարվեն բոլոր հետևությունները` իրականացնելու գումարների արդյունավետ կառավարում և ուղղելու գումարները դեպի բանակ:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կուլակաթափության վերաբերյալ զայրացած կոչերին, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ պետք է նախ հստակեցնել, թե ինչ է պատկերացնում ինքը` կուլակաթափություն ասելով:

«Մեր սոցիալ-հասարակական-տնտեսական կարգը չի ենթադրում կուլակաթափություն և բոլորի միջև արհեստական հավասարություն: Մենք ընտրել ենք շուկայական հարաբերություններ, մարդիկ կարող են հաջողություններ ունենալ բիզնես բնագավառում, բայց հասկանում ենք, որ կան լուրջ խնդիրներ հասարակության մեջ: Բայց եթե մենք արտակարգ իրավիճակներում կարողանանք ինչ-որ փոփոխություններ մտցնել ու խաղի հավասար կանոններ մշակել, կարծում եմ` շատ խնդիրներ կարող են լուծվել: Կողմ եմ, որ կուլակաթափություն չլինի, բայց խոշոր բիզնեսմենները գոնե բարոյական պարտավորվածություն ունենան մեր բանակին զենք տալու, և թող սա դառնա նրանց նախկին մեղքերի ինդուլգենցիա»,- ասաց նա: