կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-12-23 17:52
Առանց Կատեգորիա

Հոտնկայսները

Հոտնկայսները

ՀՀ օրհներգի առջև այսպես զգաստ ու հանդիսավոր կանգնած այս մարդիկ մեջս հարազատական ոչ մի զգացում չեն արթնացնում, քրիստոնեական ոչ մի «սիրեցեք զմիմեանս» չի տոգորում ինձ ազգակցի թեկուզև հեռավոր խլիրտով այս հոտնկայսների հանդեպ: Ավելին` քամահրանքով եմ նայում մարդկանց, ովքեր երկիր ու ժողովուրդ են սնանկացրել, ովքեր պետություն ու հայրենիք են դատարկել և, այնուամենայնիվ, ՀՀ դրոշի դեմ կանգնել են զգաստ-հանդիսավոր, իբր` մատաղն ու զինվորն ենք այդ դրոշի, նվիրյալն ու ծառան ենք պետության ու օրհներգի: Նրանք զգաստ կանգնել են այն դրոշի առջև, որի փողփողումի առաքելությունն իբր իրենց ձեռքերում է, բայց նաև իրենց գրպաններում է հեռավոր սահմանին կանգնած մրսած զինվորականի փողը, ում աշխատավարձը գալիք տարում բարձրանալու է տասը տոկոսով, իսկ ահա սույն հոտնկայսներինը` կրկնապատիկ-եռապատիկ: Հացի կարոտ թշվառ թոշակառուի թոշակը սրանք հերոսաբար բարձրացրին չորս հազար դրամով, իսկ իրենք համեստացան իրենց հափռումներում` եղած-չեղածը մեկ միլիոն:

 

Սրանք, այո, սահմանադրությամբ երաշխավորված` սահմանադրական միլիոնատերերն են, ովքեր օրեր առաջ մահու-կենաց կռվի մեջ մտան ծնող ժողովրդի արհամարհանքի ու ատելության հետ ու հաղթեցին. միլիոնատեր են: Եվ ամենազարհուրելին այն է, որ այս զգաստ-հանդիսավոր հոտնկայսները ժամեր առաջ ամրագրեցին ինքնուրույնության ու ինքնության նսեմ վաճառքը ու ցրվեցին ռեստորաններով` հերթական «հաղթանակը» տոնելու: Իսկ հոտնկայսների առաջնորդը կշարունակի ամաչել:

 

Լ. ՍԱՐԳՍՅԱՆ