|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ամենից շատ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր կողմ են, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարի, բայց չեն սիրում, ասենք, Գալուստ Սահակյանին: Կամ` Հրանուշ Հակոբյանին: Կամ, на худой конец, Վազգեն Խաչիկյանին: Սոցիալական ցանցերը լցված են հակագալուստական մեկնաբանություններով: Կարծես, այդ մարդը Երկնքից առաքելություն ունի` անել ամեն ինչ, որ մեզանից յուրաքանչյուրի համար վատ լինի: Այդ մարդը նույնիսկ իր մայրենի լեզվով խոսելու առաքելություն չունի: Հրանուշ Հակոբյանը պաշտոնավարում է արդեն երեք նախագահի օրոք: Ո՞վ է հիշում որեւէ հոդաբաշխ ծրագիր, որով ինչ-որ հարց է լուծվել շնորհիվ Հրանուշ Հակոբյանի: Չեք հիշելու: Բոլոր երեք նախագահների տիկնանց հետ այդ մարդը մոտիկ է եղել: Ընդ որում, որքան տեղյակ եմ, նախորդ երկուսը հետագայում շատ ծանր են տարել այդ մոտիկությունը: Որովհետեւ Հրանուշ Հակոբյանը ստալինյան պաշտոնյայի կերտվածք է` ի տարբերություն Գալուստ Սահակյանի, որը գոնե Աշոտ Նավասարդյանին չի ուրացել, թեպետ նրա գաղափարներից կես տող էլ չգիտի:
Բնականաբար, հարց է ծագում: Իսկ ո՞վ է այս մարդկանց պահում ջրի երեսին: Տիգրան Սարգսյանը փորձանքի երկարակեցության դեմքն է: Աշխարհի ոչ մի նախագահ իր զավակին չէր ցանկանա այնպիսի անցյալ, որի մեջ ընկղմում է այս երկիրը Տիգրան Սարգսյանը: Բայց Սերժ Սարգսյանը մատը մատին չի խփում: Ինչո՞ւ: Որովհետեւ ո՞վ ասաց, որ ինքը բոլոր բանկերի գաղափարախոսին վարչապետ է նշանակել, որպեսզի երկիրը ոտքի կանգնեցնի: Ո՞վ ասաց: Հնչեց, չէ՞, տարվա սկզբին. «Այն կառավարությունը, որը չի ապահովում 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա»: Տնտեսական աճը տարվա վերջում կանխատեսվում է 4 տոկոս: Իսկ հրաժարական չի էլ սպասվում: Պատասխան տվող էլ չկա: Ինչո՞ւ: Որովհետեւ նա, ով պետք է պատասխան պահանջի, նրանց հովանավորն է: Հովանավորում է, որովհետեւ մենթալիտետն ասիական է: Ասիայում կտրուկ է խոսքի եւ գործի տարբերությունը, եթե նրանց արանքում Աստված չկա: Իսկ որեւէ մեկը Հայաստանում տեսե՞լ է մի իշխանավորի, որի արարքներում եւ ասելիքում Աստծո կամ, ինչպես վերը նշեցինք, на худой конец հրեշտակիկի ստվեր կա: Այդպիսի իշխանավոր չկա այսօրվա Հայաստանում:
Այսօրվա Հայաստանի իշխանությունը մենք ժառանգել ենք Մազութի Համոյից: Եվ խուճապը, որով համակված էր հայ ժողովուրդը Կարսի գրավման օրերին, շատ նման է այսօրվա Հայաստանի խուճապին: Որովհետեւ հավիտենական սովածներն են Հայաստանը ղեկավարում: Որովհետեւ Հայաստան ասվածն այսօր պակաս պայմանական չէ, որքան հեռանկարը, որ նորածինը կդառնա, ասենք, Նոբելյան մրցանակի ութակի դափնեկիր գրականության ոլորտում: Ահա սա է այսօրվա Հայաստանը:
Բայց այս ամբողջը ողբերգության, ավելին անդառնալիորեն կործանվող երկրի ամբողջ դեմքը չէ: Հրանուշ Հակոբյանն ու Գալուստ Սահակյանը իրենց նախկին եւ ներկա շեֆերով այս երկիրը նախաեղեռնյան օրերին վերադարձնելու ամբողջ մեղքը չեն, նույնիսկ կեսը չեն, նույնիսկ 7 կամ 4 տոկոսը չեն: Ավելին, համարձակվում եմ ասել, որ նրանք իրենց նախկին եւ ներկա շեֆերով ընդհանրապես մեղավոր չեն Հայաստանն անդառնալիորեն անցյալի երկիր դարձնելու մեջ: Վազգեն Խաչիկյանն էլ մեղավոր չէ: Հովհաննես Թամամյանն էլ: Եվ եվրոպացիները նույնպես մեղավոր չեն, ռուսներն էլ մեղավոր չեն: Կուսակցությունները, թեկուզ Անի Զախարյանի, ոչ միայն մեղավոր չեն, այլեւ մեղավոր լինելու կես քայլ անգամ թեկուզ անգիտակցաբար չեն արել: Արտագաղթողներն էլ քայլ դնելուց անմիջապես հետո մեղավոր չեն: Ո՞վ մնաց: Հա՝ գրողներն ու չգրողները: Նրանք նույնպես մեղավոր չեն: Բոլորը, ովքեր նպաստել են, որ վատ լինի, ավելի վատ լինի կամ աներեւակայելի վատ լինի, մեղավոր չեն: Ուրեմն` ո՞վ մնաց: Մնացին մնացողները: Հայաստանը կործանվում է, որովհետեւ ներքեւում տեղի է ունենում նույնը, ինչ՝ վերեւում: Մնացողները հույս ունեն, որ դառնալու են Գալուստ Սահակյան, Հովհաննես Թամամյան մինչեւ բանտարկվելը կամ Հրանուշ Հակոբյան:
Ահա, թե ինչու չարենցյան «Երկիր Նաիրիի» այս ուրվականը վաղը չի գտնելու մեկին, ում ոչ միայն իրականում չի կարողանալու այցելել, այլեւ երազում էլ չի այցելի: Ինչո՞ւ: Որովհետեւ միայն մնացողը հոլիվուդյան սցենարի տեղ դրած այս երկրում կփորձի հասկանալ՝ ուրիշ ի՞նչ վատ բան կարող է լինել այստեղ: Մնում է, որ բաց չթողնի ամենավատը:
Հայաստանում մնացել են սատանաներն ու հետաքրքրասերները:
Սեյրան Հանոյան
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։