կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-15 22:03
Հասարակություն

Ընդդիմությունը կգտնի այլ ձևաչափ՝ պատերազմի պատճառներն ու հետևանքները քննելու համար

«Այս ձևաչափով պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներն անարդյունավետ են, նախապես գծված սցենարով գործընթաց են սկսել: Այսպիսի կազմով հանձնաժողովից պարտության իրական պատճառները երբեք չենք իմանա։ Սա է պատճառը, որ ընդդիմությունը որոշեց այս թատրոնին մաս չկազմել»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմության որոշմանը:

«Իշխանությունը հասարակությանը մոլորեցնելու համար պատերազմում արդեն նշանակած մեղավորներ ունի, բայց պատերազմի պատճառը, հետևանքները և այդ օրերին իշխանության դրսևորած գործողությունները քննության առարկա են: Մենք հայտարարում ենք, որ այդ ամենի բացահայտումը մեր օրակարգում է և գտնելու ենք այլընտրանքային ձևաչափ՝ իրական և օբյեկտիվ քննության համար», ավելացրեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականությունը չի եղել և Սփյուռքն է այս հարցում առավել ակտիվ գործել, Սաղաթելյանը նշեց, որ Դաշնակցության Հայ դատի գրասենյակների վերջին 15-20 տարվա հիմնական ուղղություններից մեկը եղել է նաև Արցախը, մեծ աշխատանք է իրականացվել այդ ուղղությամբ, Հայ դատը չի զբաղվել միայն Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, հետևաբար, Փաշինյանը չի հասկանում Հայ դատի գործունեությունը:

«Վերջին 20 տարում, այդ թվում՝ նաև Կառավարության ծրագրում Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ՀՀ-ի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ծրագրում այսպես եք գրել, տե՞ր եք թե՞ ոչ, կրկին խուսափեցին պատասխանել, այսինքն՝ ծրագրում գրել են մի բան, անում են՝ մեկ այլ բան: Սփյուռքի մի անհասկանալի հանձնակատար ունեն, իր միջոցով հետևողականորեն պառակտում են Սփյուռքը: Հայաստանը պառակտեցին, ատելություն սերմանեցին, հիմա նույնը անում են Սփյուռքում, եթե թշնամին շատ ցանկանար չէր կարող այդպես անել:

«Հայ դատը Սփյուռքի գործն է» ասելով Փաշինյանը բավարարեց նաև Թուրքիայի նախապայմանը: Մենք ասում ենք՝ հայտարարեք՝ որոնք են ՀՀ-ի կարմիր գծերը հայ- թուրքական հարաբերություններում, եթե չեք հայտարարում, ուրեմն դուք ընդունել եք նախապայմանները»,-ընդգծեց Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։