|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ խորին մտահոգությունն եմ հայտնում երեկ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Մեր 116 թեժ գծին երեկ ստացվել է 30 ահազանգ՝ տասնյակ քաղաքացիների ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու և քաղաքացիների խաղաղ հավաքին խոչընդոտելու վերաբերյալ: Երևանի ոստիկանական բաժանմունքներում մեր ներկայացուցիչները հանդիպել են ավելի քան 60 բերման ենթարկված անձանց հետ: Մի քանի դեպքերում մեր աշխատակիցների միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մտնել ոստիկանական բաժանմունք, որոշ դեպքերում նույնիսկ հաջողվել է կանխել բերման ենթարկելու փաստը: Մեզ համար արդեն իսկ ակնհայտ է, որ Ոստիկանության առանձին աշխատակիցների գործողություններ երեկ եղել են խնդրահարույց, իսկ որոշ դեպքերում՝ անթույլատրելի:
Ըստ օրենքի` մենք պարտավոր ենք ճշտել Ոստիկանության պաշտոնական դիրքորոշումը բոլոր ահազանգերի և խախտման կասկածների վերաբերյալ, ինչը կարվի առաջիկա օրերի ընթացքում: Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ոստիկանության գործունեության վերաբերյալ մեր ընդհանուր և վերջնական գնահատականը կարող է տրվել, երբ ամբողջությամբ կուսումնասիրվեն ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված նյութերը, լրատվամիջոցներում տեղադրված տեսագրությունները, ինչպես նաև խախտում թույլ տված ոստիկանների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքները»: