Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չգիտես` ինչու, այսպես կոչված` բանդայի գործով դատավարությունը դարձավ հայ իրականության գլխավոր իրադարձություններից մեկը. Հարվի Օսվալդին այդպես չէին բերի դատարան, կամ` նախագահի դեմ մահափորձ կատարած մեկին, ինչպես այդ տղաներին էին բերում. լրագրողներին այսօր այդ գործի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց քրեագետ Սերգեյ Գալոյանը` նկարագրելով, թե ինչպես են նրանց դատարան բերում` ոստիկանական մեքենաների ձայնային ազդանշանները միացրած, փողոցները փակելով եւ այլն, ու բոլորը մտածում են, թե բերեցին հայ իրականության ամենամեծ հանցագործներին:
«Դատական չորրորդ նիստից հետո ես զգացի, որ Պապոյանը մեղք է. այնպիսի մի ծանր բեռի տակ է մտել, որ չի կարող դուրս գալ: Որովհետեւ ես միշտ ասել եմ ու էլի կասեմ` եթե նախաքննություն չսկսվի, այս գործը ոտքից գլուխ շինծու գործ է: Այո', տներ են թալանել, հարուստների ունեցվածք են տարել, ոմանք առասպելական բաներ են ասում, մյուսները` չգիտես` ինչ, ու զարմանալին այն է, որ ում տնից թալան է կատարվել, նրանցից ոչ մեկը չի գալիս դատարան, նույնիսկ դատավորի պահանջից հետո չեն ներկայանում դատարան»,- ասաց Սերգեյ Գալոյանը:
Նա նշեց, թե գործի նյութերին ծանոթանալուց հետո ինքը զգացել է, որ շատ հակասական բաներ կան: Որպես օրինակ` նա նշում է Նապոլեոն Ազիզյանի տուն մուտք գործելու' տեղանքի ուսումնասիրությունը: Բանդայի գործով անցնող մեղադրյալներից ամենաբարձրահասակը` Դավիթը, այնպես խեղճացած է եղել, որ ինչ հարցրել են, պատասխանել է` այո', ոչ մի «ոչ» խոսք:
«Այստեղ կատարվեց մի անսպասելի, մի հետաքրքրիր հայտարարություն` սենյակ մտավ Սուրիկ Հակոբյանի մյուս տղան, ում սկզբում նույնպես բանտարկել էին, հետո բաց էին թողել, եւ ասաց' դուք չե՞ք տեսնում, որ այս մարդուն այնքան են ծեծել, որ ինչ հարցնում են, վախից ասում է` այո: Սա հայտարարություն էր, որն անում էր գործով վկա, ով սկզբնական շրջանում նաեւ մեղադրյալ է եղել: Այս հայտարարությունը դատարանը չքննեց, անուշադրության մատնեց ու գնաց»,- պատմեց քրեագետը:
Բանախոսը հիշատակեց նաեւ գործում նշվող Ջիմի շնիկի մասին, որը ժամը 11-ից սկսել է իր «հետազոտությունները», բայց դատարանը խուզարկության թույլտվություն տվել է ժամը 14-ին, թեեւ հայտնի չէ, թե այդ ինչ շուն է, դրա տերն ով է...
Այնուհետեւ Գալոյանը ուշադրություն հրավիրեց Արտուշ Հակոբյանին կալանավորելու գործողությունների վրա: «Ձերբակալել են ռեստորանում` դատախազներից մեկի ծննդյան ժամանակ, ու նրան ձերբակալել են դեպքի հաջորդ օրը` հոկտեմբերի 24-ին, բերել ոստիկանական բաժանմունք, իսկ նրա մեքենան թողել են ռեստորանում: Մեքենան հետո, առանց իր ներկայության, խուզարկել են, թե ո՞ր ժամին` կե՞ս ժամ հետո, մե՞կ ժամ հետո, մե՞կ օր հետո, Աստված գիտի, կոնկրետ նշված չէ, ու հայտաբերել են ատրճանակ ու մի փոքր չափով էլ թմրանյութ»,- նշեց Սերգեյ Գալոյանը ու վերջում ավելացրեց, թե այս ամենը խոսում է այն մասին, որ նախաքննությունը սխալ է կատարվել, միտումնավոր է կատարվել, եւ սա ամենասարսափելի բանն է, անկախ նրանից` մեղադրյալները մեղավո՞ր են, թե՞ ոչ: