Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, առաջարկեց հանրության շրջանում հայտնի բանդայի գործը վերսկսել ընդհատված կետից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս գործը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նրան փոխարինել է Մ. Մակյանը:
Դատավորը հայտնեց, որ ծանոթացել է քրեական գործին, ուսումնասիրել ապացույցները, որոնք, ըստ նրա, բավարար են որոշակի հետևությունների համար: Պաշտպանները հիմնականում համաձայնեցին դատավորի դիրքորոշման հետ: Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը հայտնեց, որ կարելի է շարունակել գործը՝ տուժողներից մի քանիսին դատարան հրավիրելու պայմանով: Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ հայտարարեց, որ գործն իր պաշտպանյալի մասով ընդհանրապես պետք է կարճվեր, սակայն դատաքննությունը շարունակելու որոշումը թողեց դատավորի հայեցողությանը: Գործով որպես դատախազ ներգրավված Սասուն Խաչատրյանն ասաց, որ իրավիճակն աննախադեպ է, և իր դիրքորոշումը հայտնելու համար ժամանակ խնդրեց դատարանից: Դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը և հետաձգեց նիստը: Որոշվեց հաջորդ դատական նիստից՝ փետրվարի 12-ից սկսած` այս գործով դատական նիստերն անցկացնել յուրաքանչյուր չորեքշաբթի:
Ի դեպ, դատական նիստի մեկնարկին, երբ ամբաստանյալները ներկայանում էին դատարանին, նրանք հայտնեցին իրենց հիվանդությունների մասին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, գործով մեղադրյալ` 21-ամյա Քյարամ Ամոյանը գլխի վիրահատություն է տարել: Նա չէր կարողանում անգամ ոտքի կանգնել և դժվարությամբ էր պատասխանում դատավորի հարցերին:
Ի դեպ ` նիստի ավարտին կտրուկ վատացել էր Ամոյանի ինքնազգացողությունը և նրա համար շտապօգնություն էին հրավիրել:
Ամբաստանյալի հարազատները yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Քյարամը շտապ վիրահատության կարիք ունի, և բժիշկները խորհուրդ են տվել Քյարամին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: «Ուզում եմ դատարանն այդ թղթերը հանի և պարզի, թե ես այդ ժամանակ Հայաստանում եղե՞լ եմ, թե՞ ոչ»,- նիստի ավարտին մի կերպ արտաբերեց ամբաստանյալը: