Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ռուսաստանյան և հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով տարածվեց ապատեղեկատվություն, թե իբր Հրաչյա Հարությունյանն արդեն մեղավոր է ճանաչվել Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարում: ՀՀ ՄԻՊ-ի խորհրդականն անմիջապես կապ հաստատեց Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի հետ և տեղեկացավ դրա հետ կապված որոշ մանրամասների:
Ռուբեն Մարգարյանը նախ պարզաբանել է, որ փորձագետները չեն հաստատում և չեն սահմանում անձի մեղավորությունը, այլ պարզապես պատասխանում են նախաքննական մարմնի կողմից բարձրացված հարցերին, իսկ փորձաքննության արդյունքներն այլ ապացույցների հետ գնահատում է դատարանը: Տվյալ դեպքում` փորձագետներն ընդամենը հաստատել են Հարությունյանի տված ցուցմունքները արգելակման համակարգի լիարժեք չաշխատելու և արգելակելու համար ձեռնարկած միջոցների վերաբերյալ: Փաստաբանի խոսքերով` բոլոր դեպքերում, Հրաչյա Հարությունյանն արդեն ընդունել է իր մեղքը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման հարցում և համագործակցում է իրավապահ մարմինների հետ` տեղի ունեցած վթարի ամբողջական և իրական պատկերը կազմելու համար:
Ինչ վերաբերում է կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կապակցությամբ նոր քրեական գործի հարուցմանը, ապա իրականում նման գործ հարուցվել է և միացվել հիմնական քրեական գործին, սակայն կասկածյալը դեռևս չի հարցաքննվել: Ըստ նախաքննական մարմնի վարկածի` իրավապահ մարմինները, ծանոթանալով Հրաչյա Հարությունյանի անձնագրին, տեսնելով, որ նա օտարերկրյա քաղաքացի է, պահանջել են աշխատանքային իրավունք տվող փաստաթուղթ, որն էլ կեղծ է եղել: Այս վարկածը, փաստաբանի կարծիքով, առնվազն տարօրինակ է, քանի որ դժվար է պատկերացնել, որ անմիջապես ավտովթարից հետո, երբ մարդիկ գտնվում են մահամերձ վիճակում, առաջին օգնության կարիք ունեն, իրավապահ մարմինները շոկային վիճակում գտնվող վարորդից անմիջապես կպահանջեին ներկայացնել աշխատանքի օրինականությունը հաստատող փաստաթուղթը:
Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հարկ է համարում հատկապես նշել, որ նախաքննական մարմինը հերթական անգամ քննության նյութերը զանգվածային լրատվամիջոցներին է փոխանցում ավելի վաղ, քան փաստաբանին, ընդ որում` այնպիսի ձևաչափով, որը ձեռնտու է նախաքննական մարմնին: Ստացվում է այնպես, որ որոշ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն ունեն մանրամասն ծանոթանալու քննության բոլոր փաստաթղթերի պատճեններին, ստանալ նաև քննիչի ու համապատասխան փորձագետների կարծիքներ, սակայն պաշտպանող կողմը՝ ոչ: Ռ. Մարգարյանի կարծիքով` ողջունելի է, իհարկե, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ համագործակցությունը, սակայն ոչ` ի վնաս կասկածյալի և պաշտպանող կողմի:
Նկատի ունենալով նմանատիպ դեպքերի կրկնությունը` Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոք է ներկայացրել Մոսկվայի Տվերյան դատարան, որը կքննվի այս տարվա դեկտեմբերի 3-ին: