կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 14:29
Հասարակություն

Ռուսներն անվտանգության ծախսերն անեն, իսկ եվրոպացիները ֆինանսական "կայֆե՞ր". Բագրատյան

Ռուսներն անվտանգության ծախսերն անեն, իսկ եվրոպացիները ֆինանսական "կայֆե՞ր". Բագրատյան

Հրանտ Բագրատյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ Հայաստան-ՄՄ հարաբերություններին` նշելով, որ Հայաստանը, հայտարարելով ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին, դեռ շարունակում է «խաղեր տալ». տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, թե Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ, ամեն դեպքում, կստորագրվի, թե Հայաստանը հավատարիմ է մնում եվրաինտեգրման իր ստրատեգիական նպատակին եւ այլն:

 

«Եթե հայտնվում ենք Մաքսային միությունում, ապա չի կարելի «քցել» ռուսներին: Իսկ եթե չես կարող «քցել», ապա ինչո՞ւ ես փորձում...»,- նշեց բանախոսը:

 

Բագրատյանը պարզաբանեց, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ցանկացած հայտարարություն կամ խոսք լրատվամիջոցներից հատվում ու դրվում է ՄՄ անդամ երկրների ղեկավարների սեղաններին: «Ես հավատացնում եմ, որ այդպես է լինում. ես երկրի ղեկավարներից եմ եղել, չէ՞»,- ասաց նա:

 

Ըստ Բագրատյանի` Հայաստանի ՀՆԱ-ն Մաքսային միության անդամների ՀՆԱ-ների ինչ-որ տասնորդական տոկոսն է կազմում, ու այդ պարագայում, օրինակ, Ղազախստանը հարց է բարձրացնում, թե ինչու ՄՄ կազմ ընդունել Հայաստանին, այլ ոչ ավելի մեծ ՀՆԱ եւ շուկա ունեցող Ադրբեջանին, Բելառուսին էլ ձեռնտու էավելի մատչելի պայմաններով ձեռք բերել ադրբեջանական նավթն ու գազը եւ այլն: Դեռ ԼՂ հարցն էլ` մյուս կողմից: Հետեւաբար, ըստ նախկին վարչապետի, Հայաստանը ՄՄ անդամների համար «մազոլ» է:

 

Բայց Եվրամիության հետ էլ ամեն ինչ հեշտ ու հանգիստ չէ: Ըստ բանախոսի` երբ եվրոպացիներն ասում են, թե եվրաինտեգրացիան Հայաստանի ամենաճիշտ ընտրությունն էր, ինքը ասում է` դուք ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, դուք ուզում եք ռուսները անվտանգության ծախսերն անեն, դուք էլ ֆինանսական կայֆե՞ր անեք::

 

Նա ասաց, թե այնպես չէ, որ, Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանի համար նոր հնարավորություններ չեն բացվում, բայց դրա համար կառավարությունը պետք է թեւքերը քշտած աշխատի, փորձի որոշ արտոնություններ կորզել բանակցություններում, օրինակ` Իրանի հետ առեւտրի մասով, հավաքի իր գործարարներին ու ասի, որ մաքսային պայմանները փոփոխվելու են, ու նրանց օգնի, որ հարմարվեն նոր վիճակին, որպեսզի երկրի տնտեսությունը կարողանա աշխատել նոր միջավայրում: