Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Հայաստանը հայտնվի ռուբլու գոտում, իսկ հաստատ կհայտնվի` «ռազ ուժ» հայտնվել ենք Մաքսային միությունում, ուրեմն պետք է ռուբլիով առեւտուր անենք. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա` ԱՊՀ-ում միասնական արժույթի գոտի ստեղծելու առաջարկություն ժամանակին ինքն է արել` ՀՀ վարչապետ եղած ժամանակ, որն ընդունվել էր ԱՊՀ անդամ երկրների կողմից, սակայն հետո չգործեց: Պարզապես այդր առաջարկով արժույթը պետք է լիներ ընդհանուր զամբյուղ, որտեղ յուրաքանչյուր երկիր ունենար իր բաժնեմասը, որպեսզի կարողանար սեփական էմիսիոն քաղաքականությունն ունենալ ու արժութային գործարքներից շահութաբաժին ակնկալել` թեկուզ 1 տոկոս:
Բագրատյանի գնահատականներով` ամենաուշը 1 տարուց կսկսվեն միասնական արժույթ ձեւավորելու գործընթացները: «Վերջերս Պուտինը մի կարեւոր հայտարարություն արեց: Նա ասաց, որ այսուհետեւ Ռուսաստանի նավթի ու գազի վաճառքից ստացված եկամուտները արեւմտյան արժեթղթերի ձեռքբերման վրա չեն գնալու»,- իր դիտարկման հիմքերը ներկայացրեց նա` հավելելով, որ սա շատ ճիշտ որոշում էր, քանի որ արդեն կա միասնական մաքսային ու տնտեսական տարածք, եւ եթե նախկինում ներդրումներ անելու տեղ չկար, ապա հիմա կա` Ղազախստանում, Բելառուսում կարող են այդ եկամուտները ներդրվել: Բագրատյանի խոսքերով` «իսկ մերոնք եկամուտների կեսը տանում են` դնեն եվրոպական բաժնետոմսերում»:
Հրանտ Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ ամենաուշը 4-5 տարուց, Մաքսային միությունում տնտեսական աճից գոհ չլինելով, հաջորդ քայլը լինելու է կա’մ նոր` միասնական արժույթի ստեղծումը ու անցում ենք կատարելու այդ արժույթին, կա’մ անցում ենք կատարելու ռուսական ռուբլուն: Սա, ըստ նախկին վարչապետի, տրամաբանական է, քանի որ մեկ միասնական տնտեսական համակարգում իմաստ չունի տարբեր արժույթներով առեւտուր անել: