Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարացման հարցը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ սխալ է, երբ կառավարությունը հայտարարում է, թե այդ աշխատանքների համար մինչև 270 մլն դոլար գումար է անհրաժեշտ:
«Ըտենց չի լինում, լսողի մոտ անմիջապես հարց է առաջանում՝ մի հատ ճշտեք` ինչքան է, նոր ասեք: Հիմա 7 մլն-ն էլ է մինչև 270 մլն, 100 մլն էլ, 270-նն էլ: Սա չեմ կարծում, որ ճիշտ է»,- հայտարարեց նա:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ ամեն տարի, բյուջեի հաստատմանը զուգահեռ, պետք է հաստատել արտաքին ու ներքին պարտքի առաստաղի թվերը, և որ շուտով այդ օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի:
«Մենք, օրինակ, չգիտենք, թե էս տարին ոնց է փակվելու, ինչո՞ւ պիտի նրա համար, որ Կենտրոնական բանկը վալյուտա ծախսի, գնանք 700 մլն դոլար նոր պարտք անենք, բերենք, տանք Կենտրոնական բանկին, նա էլ ասի՝ լավ է, արդեն դրամն սկսեց կայունանալ: Բայց սա առանձին թեմա է: Եթե ձեր ՀՆԱ-ն չի աճում, բարեհաճեք պարտք չվերցնել»,- ասաց պատգամավորը:
Հրանտ Բագրատյանը նաև հարցադրում արեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին՝ ո՞վ ասաց, որ մենք էլեկտրաէներգիա պետք է արտադրենք ու արտահանենք:
«Ո՞վ է որոշել, որ Հայաստանն ընդհանրապես Վրաստանին պետք է էլեկտրաէներգիա տա: Եթե դուք բազայում ունեք ատոմակայան, որը 40 տոկոս էներգիան է արտադրում, բարի եղեք կայան ստեղծեք, ձմեռը ձեր չօգտագործվող էլեկտրաէներգիան ուղղեք ջրին, ջուրը տարեք Սևան, երկրորդ անգամ բերեք գետով: Բայց Հայաստանը, որ չունի էներգառեսուրս, ինչի՞ պիտի իրա օդը կեղտոտի ու Վրաստանին էլեկտրաէներգիա տա: Ի՞նչ բիզնես է, բացարձակապես չեք համոզում, որ էդ բիզնեսը մեզ պետք է»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ նշելով, որ նախորդ տարի սակագինը 38 դրամից դարձավ 41.85 դրամ, հիմա ուզում են դարձնել 47-48 դրամ: «Իմ հաշվարկով՝ եթե մենք հիմա մեկ տոկոսով բարձացնում ենք էլեկտրաէներգիայի գինը, ավելի քան մեկ տոկոս կրճատվում է էլեկտրաէներգիայի սպառումը: Ի վերջո, տուժում են ՀԷՑ-ը: ՀԷՑ-ի՝ այսօր գոյացած 250 մլն դոլար պարտքի զգալի մասը գալիս է նրանից, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի հաստատման ճիշտ քաղաքականություն չի վարում»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, ՀՆԱ-ն աճել է 2.5 տոկոսով, էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է 12.5 տոկոսով: Այդ պայմաններում, պատգամավորի խոսքով, միայն խելագարը սակագին կբարձրացնի, որովհետև 12.5 տոկոս նվազումը կդառնա 20 տոկոս, և ընկերության վնասը կավելանա:
Պատգամավորն անդրադարձավ նաև ատոմակայանի վերագործարկման պատմությանը: «Ընկերնե'ր, ատոմակայանում որոշում ընդունելը ծանրագույն որոշում է եղել: Դա մեր ազգի պատմության մեջ միակ ինժեներական կառույցն է, որը համախմբել է ամբողջ հայությանը: Երբ կոմունիստները 1989 թվականի փետրվարին փակեցին ատոմակայանը, ասացին, որ ճեղքվածքի վրա է գտնվում: Երբ մեր կառավարությունը, մասնավորապես, իմ ղեկավարած կառավարությունը բացեց ատոմակայանը, նախ և առաջ լոսանջելեսյան ընկերության կողմից ճշտվեց, որ ատոմակայանը չի գտնվում ճեղքվածքի վրա»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի` այնուհետև պարզվեց, որ հայկական ատոմակայանը եթե անգամ դիտմամբ տանես աղետի, ապա դա Չեռնոբիլի աղետին չի հանգեցնի: «Լավագույն դեպքում կարող է ռեակտորը հալեցնի ու իջնի դեպի ստորգետնյա ջրերը: Դրա համար մենք լրացուցիչ ավազան կառուցեցինք, որ եթե հանկարծ մի բան պատահի, մենք ջրով խեղդենք ատոմակայանը»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ տարբեր երկրներից մեր հայտնի հայրենակից մասնագետները Հայաստանի այն ժամանակվա կառավարությանը բերեցին այն ինժեներական մտքին, որ աշխարհում առաջին անգամ հիմնավորվեց՝ այս ատոմակայանը հարկավոր է վերագործարկել:
«Մենք արել ենք 1472 միջոցառումից կազմված ցանցային գրաֆիկ, և ամեն երեք օրը մեկ ես մտնում էի, այդ ցանցային գրաֆիկի հերթական կուբիկը ջնջում էի՝ իբրև կատարված քայլ, իսկ շաբաթը մեկ գնում, ստուգում էինք: Ի վերջո, երբ մենք ֆիզիկական գործարկում արեցինք, հավաքվեցինք, առաջին նախագահի գլխավորությամբ, բոլորս թղթի տակ ստորագրեցինք, որ եթե մի բան պատահում է, բոլորս պատասխան ենք տալու, որովհետև ատոմակայանը սրտի պես է, նա կարող է չաշխատել, որովհետև առաջին անգամ է գործարկվում»,- պարզաբանեց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ատոմակայանի շնորհիվ ընդամենը երկու ամսում՝ 1993 թվականից, Արցախին ու Հայաստանի հարավային հատվածին, որը կարող էր ենթարկվել օդային հարվածների, 24 ժամ հոսանք մատակարարվեց:
«24-ժամյա հոսանքի առկայությունը, ինչպես նաև համապատասխան հակաօդային պաշտպանությունը զրկեցին հակառակորդին օդում առավելություն ունենալու իրավունքից, և դա էր, որ, 93-ից սկսած, մենք սկսեցինք հաղթել, որովհետև ցամաքում զորքն արդեն կարող էր կռվել, օդից նա վտանգ չուներ»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Նա դժգոհեց, որ հայ ժողովրդի այս հերոսական դրվագը տեղ չի գտնում պատմության մեջ, պատմության գրքերում արհամարհանքի է արժանանում:
«Իսկ ի՞նչ եք գրում պատմության գրքերում: Ով շատ ա քծնում, նա ամենալավ պատմաբանն ա էսօր»,- դժգոհեց պատգամավորը: