Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախը տալուց հետո այս իշխանությունները պետք է Սյունիքը տան, ուստի հիմա Փաշինյանը, որ մտածում է, թե դեռ ինչ-որ ռեյտինգ ունի և վարչական ռեսուրս՝ ուզում է նոր ընտրություն անի ու ասի՝ ես հաղթել եմ, ինչ ուզում եմ՝ անում եմ, ինչպես դա արեց 2021 թ-ին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
«Ինքն ասելու է՝ ժողովուրդն ինձ է ընտրել, ուրեմն ուզում է, որ Սյունիքն իր կազմում չլինի։ Ինքը պետք է մեկի վրա գցի չէ՞, Սյունիքի տալն ո՞ւմ վրա գցի, ընտրություններով ինքը գցելու է ժողովրդի վրա, ինչպես Ղարաբաղը տվեց ու գցեց ռուսների վրա, ռուսները մինչև հիմա ապշած են, իրենց ոչ ոք դեռ էդպես չէր գցել», նշել է Բագրատյանը: Դիտարկմանը, որ ՔՊ-ի վարկանիշը իջնում է, բայց ընդդիմության վարկանիշը ևս նվազում է՝ նա արձագանքեց, որ, օրինակ, իր վարկանիշի մասին հարցում չկա։
«Այս տարվա մարտին մի անգամ նաև իմն էին դրել, ընդդիմության ռեյտինգի մեջից ամենաբարձրներից մեկը մերն էր։ Բայց մենակ ես չեմ, չեմ ուզում հիմա անուններ տալ։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությունը, ապա նրանք լուրջ գործ են անում խորհրդարանում, բայց այդ ուժերն են խորհրդարանական, որովհետև մյուսներին Նիկոլը թույլ չտվեց մտնել խորհրդարան»։
Նա նաև ընդգծեց, որ եթե ընտրություններ լինեն, ապա ինքը փորձելու է միավորվել այնքան ընդդիմադիր ուժերի հետ, որքան դա հնարավոր է։ «Ես միշտ ասել եմ՝ կուզեն վարչապետ աշխատեմ՝ կարող եմ աշխատել վարչապետ, 100 անգամ ավելի լավ,քան Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ բացառում, որ ընդդիմության մեջ էլի մարդիկ կան, խնդրեմ՝ խոսենք։ Ամեն դեպքում՝ ցանկացած իշխանություն, հատկապես, եթե այն արևմտամետների թևից ձևավորվի, իր սեփական վարկի համար, ընտրվելուց հետո՝ 1-2 տարվա մեջ Փաշինյանին բանտարկելու են։ Իր հետ ավելի լավ, ավելի մարդավարի է վարվելու գործող ընդդիմությունը», - նշել է Բագրատյանը: