կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 17:32
Մշակույթ

Վավերագրական կինոն բավական լավ վիճակում է. Ռոբերտ Մաթոսյան

Վավերագրական կինոն բավական լավ վիճակում է. Ռոբերտ Մաթոսյան

Այս տարի հայ կինոն տոնում է իր 90-ամյակը:

 

Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, սակայն, համարում է, որ վավերագրական կինոն 102 տարեկան է, քանի որ Արեւմտյան Հայաստանում` Կարինում Թորոսյան եղբայրների միջոցով 1911-ին ունեցել ենք կինոթատրոն, իսկ Էջմիածնում նույն թվականին նկարահանվել է կաթողիկոս Մատթեոս 2-րդի հուղարկավորությունը:

 

«Սակայն, չգիտես ինչու, վավերագրական կինոյի պատմությունը սկսվում 1923 թվականից: Ես, այո, ջատագովն եմ խորհրդային տարիներին մեր ունեցած ձեռքբերումների, բայց չի կարելի այդպես վերաբերվել մեր ունեցածին, հարկավոր է ճշմարտությունն ասել»,-yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մաթոսյանը:

 

Նրա կարծիքով, ի տարբերություն խաղարկային կինոյի, վավերագրականն այս կամ այն չափով կարողացել է խորհրդային տարիներին ձեռք բերած հաջողությունները ոչ միայն պահպանել, այլ նաեւ շարունակել: Ըստ Մաթոսյանի` խաղարկային կինոյի վիճակը մի քիչ ավելի անմխիթար է, քանի որ մութ ու ցուրտ տարիներին ռեժիսորների մի «հսկայական հունձք» մեկնեց Հայաստանից, այսինքն` սերնդափոխության հարցը չլուծվեց:

 

«Իսկ վավերագրական կինոյում այսօր մենք ունենք Արտավազդ Փելեշյան, Արա Վահունի, Հարություն Խաչատրյան, Ռուբեն Գեւորգյանց, Արմեն Խաչատրյան»,- ասաց Մաթոսյանը եւ հավելեց, որ վավերագրական կինոյի ասպարեզում լավ ֆիլմեր հիմա էլ են ստեղծվում. «Օրինակ` Ռուբեն Գեւորգյանցի ֆիլմը Տոնինո Գուերայի մասին, Արմեն Խաչատրյանի` համշենահայերին նվիրված ֆիլմը, Գրիգոր Հարությունյանի «Սպասում»-ը: Վավերագրական կինոն լավ վիճակում է»: