Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարավային Կովկասում, մասնավորապես' Հայաստանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին ու Հայաստանի ռազմական պոտենցիալին մոտիկից ու անձամբ ծանոթանալու նպատակով Հայաստանում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի աշխատանքային խումբը' ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության ու անվտանգության հարցրով հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնիի գլխավորությամբ:
Այսօր աշխատանքային խումբն այցելեց Նախիջեւանի ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղակայված դասակի հենակետերից մեկը: Տեղում բարձրաստիճան հյուրերին ներկայացվեցին Հայաստանի ռազմա-տեխնիկական, բարոյահոգեբանական, զորքերի մարտական պատրաստականությանը, ոգուն, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, սոցիալական պաշտպանության ու կենցաղային խնդիրներին վերաբերող բոլոր կողմերը: Հյուրերը ծանոթացան հենակետի պայմաններին, ինչպես նաեւ զինվորականներից ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Աշխատանքային խումբը, ինչպես տեղեկացրեց Անատոլի Վիբորնին, Հայաստանում քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների ռազմա-քաղաքական բաղադրիչին վերաբերող հարցեր:
«Ինչպես ասում են' ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Դրա համար էլ հանձնաժողովի անդամների որոշմամբ, ինչպես նաեւ հանձնաժողովի աշխատանքային ծրագրով մենք այցելեցինք նաեւ այս զորամաս, որը, ինչպես արդեն տեսանք, գտնվում է մշտական մարտական պատրաստության վիճակում: Երեկ մենք ՀՀ պաշտպանության նախարարի հետ բավական լայնորեն քննարկեցինք կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես' Հայաստանում ռազմա-քաղաքական դրության մասին բազմաթիվ ու բազմակողմանի հարցեր, ինչպես նաեւ քննարկումներ ունեցանք արտակարգ իրավիճակների նախարարի հետ, քանի որ արտակարգ վիճակների սեկտորը մեզ համար կարեւոր է ոչ միայն կոնֆլիկտային գոտիների ռազմական բաղադրիչի, այլեւ բնական ու տեխնածին աղետների առումով»,- լրագրողներին ներկայացրեց Անատոլի Վիբորնին:
Լրագրողների խնդրանքով Ա. Վիբորնին անդրադարձավ նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ու ռազմական արկածախնդրությունն ինչ-որ կերպ կանխելու խնդրին' նշելով, որ երեկ` հանձնաժողովի նիստի ժամանակ, այս ուղղությամբ բազմաթիվ առաջարկներ են եղել: Դրանք, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները կներկայացվեն ՀԱՊԿ երկրների խորհրդարանների պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովների նախագահներին:
«Դրանից բացի` առաջարկ է եղել, եւ մենք այսօր ակտիվորեն քննարկում ենք այդ հարցը` ԽՎ առաջիկա նիստի ժամանակ հանդես գալ բոլոր տեսակի խնդիրների խաղաղ կարգավորման մասին հայտարարությամբ, որովհետեւ գլխավոր խնդիրը, որ մենք տեսնում ենք, բոլոր տեսակի մեխանիզմներն ու հնարավորություններն օգտագործելով` ռազմական բոլոր հնարավոր պրովոկացիաները կանխելն է, որոնք մարդկային կյանքեր են արժենում»,- նշեց Ա. Վիբորնին:
Նա նաեւ լրագրողներին ներկայացրեց իր տպավորությունները, որ ստացել էր հենակետի դիտարկումից' նշելով, որ հենակետում համոզվել է, որ այն զորամասը, որի հենակետ են այցելել, մարտական պատրաստության ամենաբարձր վիճակում է:
«Ինձ համար կարեւոր էր նայել զինվորների աչքերի մեջ, տեսնել, թե ինչպես են իրենց պահում սպաները, սոցիալական ապահովության, դժվարություների հաղթահարման, ռազմա-տեխնիկական սպառազինության ինչպիսի վիճակում է գտնվում զորամասը: Ու ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ: Ինչ վերաբերում է մարտական ոգուն, մենք նույնիսկ հարց բարձրացրեցինք' կա՞ն զինվորականներ, որոնք չեն ցանկանում ծառայել, կա՞ն դասալիքներ եւ այլն. այդպիսի միջադեպեր, որոնք եղել են սովետական ժամանակահատվածում, այդ ժամանակների մնացորդները, այստեղ չկան: Այստեղ գալիս են ծառայելու նրանք, ովքեր ուզում են ծառայել իրենց հայրենիքին: Դա երեւում է նրանց աչքերից, եւ հատկապես հաճելի է տեսնել հայրենիքին ծառայելու մղումը»,- ներկայացրեց ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահը:
Իսկ այդ հանձնաժողովում Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը նշեց, որ երեկ աշխատանքային խումբը մանրակրկիտ քննարկել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը' հարցին մոտենալով այն սպառնալիքների ու մարտահրավերների տեսանկյունից, որոնք այսօր գոյություն ունեն ՀՀ ազգային անվտանգության համար: Եվ առաջին հերթին, տեղեկացրեց Խոսրով Հարությունյանը, ուշադրություն է դարձվել տարածաշրջանի, մասնավորապես` Ադրբեջանի միլիտարիզացիային:
«Այդ առումով' հատկապես ուշադրություն ենք դարձրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, որոնց արդյունքում մենք զոհեր ենք ունենում ոչ միայն զինվորականներից, այլեւ խաղաղ ազգաբնակչությունից: Պառլամենտական ասամբլեայի հայտարարություն մշակելու միտք ծնվեց այն մասին, որ անընդունելի է կոնֆլիկտների լուծումը ռազմական' ուժի գործադրման կամ ռազմական առավելության հասնելու ճանապարհով: Այսինքն' մենք կարծում ենք, որ պառլամենտական ասամբլեան կարող է հանդես գալ առկա իրավիճակի հետագա վատթարացումը կանխող հայտարարությամբ: Երկրորդ' մենք մտածում ենք, որ պետք է մշակվեն օրենսդրա-քաղաքական այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում կարող են, ՀԱՊԿ անդամ պետությունների ակտիվ մասնակցությամբ, կասեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը»,- նշեց Խոսրով Հարությունյանը' հավելելով, որ արդեն բոլոր ներկաներն էլ համոզվեցին, որ դրանք ուղղակի բանավոր վտանգներ չեն ու դրանց մասին չի կարելի միայն խոսել, այլ արդեն պետք է կանխելու կոնկրետ քայլեր ձեռնարկվեն` օգտագործելով ՀԱՊԿ բոլոր անդամների ռազմա-քաղաքական ամբողջ զինանոցը: