կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 18:40
Առանց Կատեգորիա

Գործազուրկին` ոչինչ, չինովնիկին` ամեն ինչ

Գործազուրկին` ոչինչ, չինովնիկին` ամեն ինչ

2012 թվականի պաշտոնական տվյալներով' Հայաստանում մոտ 245 հազար գործազուրկ կա: Հետաքրքիր է, չէ՞, թե ինչու են այս հսկայական բանակից միայն մոտ 20 հազար մարդ ստացել գործազրկության նպաստ, այլ ոչ թե բոլորը. Բայց արդեն դա էլ էական չէ, քանի որ նույնիսկ այդ փոքրաթիվ գործազուրկներն էլ զրկվեցին ամսական 18 հազար դրամից, որը ոմանց համար կարող էր վերջին հույսը լինել:

 

Պարզվում է' սրանից հետո կառավարությունն այդ գործազուրկներին տրվող նպաստներն ուղղելու է դարձյալ գործազուրկներին, բայց արդեն աշխատատեղեր ստեղծելու գործին, այլ ոչ թե «մուրացկանություն զարգացնող» նպաստներին, ինչպես որոշ չինովնիկներ ասում էին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ սոցիալական աջակցությունը ոչ թե նպաստի կամ թոշակի ձեւով են հասցնում կարիքավորներին, այլ անուղղակի, օրինակ` աշխատատեղեր ստեղծելով գործազուրկների համար, տնտեսական ակտիվություն բարձրացնելով, ինչ-ինչ ինքնագործունեության հնարավորություններ ստեղծելով, որպեսզի կարիքավորները նպաստ ստանալու փոխարեն իրենց հնարավորությունները, ունակությունները, կարողությունները ներդնեն ու իրենց համար ավելի արժանապատիվ կյանք ապահովեն:

 

Մի պահ կասկածի տիրույթից հանենք այն մտահոգությունը, թե կառավարության մոտ կստացվի իր  մատնանշած քաղաքականությունը կյանքի կոչել ու ընդունենք, որ այս անգամ, իրոք, կստացվի, օրինակ' 20 հազար նոր աշխատատեղ ստեղծել այն բոլոր գործազուրկների համար, որոնց նպաստը երեկ կտրեցին: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործազուրկին նպաստից զրկում են միայն այն դեպքում, երբ նրա համար աշխատանքի հնարավորություն են ստեղծում կամ մի քանի անգամ նրան առաջարկում են աշխատանք, ու նա հրաժարվում է:

 

Իսկ մեզ մոտ խնդրին մոտենում են հակառակ կողմից` չմտածելով անգամ, որ 20 հազար մարդու թողնում են իրենց առօրյա' առանց այդ էլ ծանր հոգսերի դեմ հանդիման միայնակ:

 

Իսկ այդ  20 հազարին առանց չնչին նպաստի թողնելուց ընդամենը ժամեր անց նույն կառավարությունը նույն ԱԺ-ին է ներկայացնում պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու հարցը:

 

Նայենք տրամաբանությանը. նախարարներն ու պատգամավորները ստանում են երկրի նվազագույն աշխատավարձից տասնապատիկ շատ աշխատավարձ, դատավորների աշխատավարձերն էլ ավելի բարձր են, ու պարզվում է` այդ աշխատավարձերը բավական չեն «ազգընտիրներին» ու ազգի ճակատագիրը որոշողներին: Եվ այն դեպքում, երբ սոցիալական նպաստները, կենսաթոշակները կառավարությունը բարձրացնում է 30 տոկոսով, որը զուտ դրամական արտահայտությամբ չնչին գումար է, ապա դա հերոսություն են համարում: Իսկ երբ որոշ բարձր պաշտոնյաների, նվազագույն աշխատավարձի հետ համեմատած, հսկայական  աշխատավարձերը 100, 200 կամ 300 տոկոսով պետք է բարձրացնեն, որը դրամական արտահայտությամբ կես կամ 1 միլիոն դրամ կդառնա, դա արդեն «կարիքից դրդված» քայլ է ներկայացվում: ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ նշում է, թե, պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելով, կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ...

 

Աշխարհում, այո', կա նման պրակտիկա, երբ չինովնիկների, դատավորների աշխատավարձերը բարձրացնում են, որպեսզի նրանք ստիպված չլինեն իրենց կենսական նշանակության հարցերը լուծելու համար օգտագործել պաշտոնն ու կաշառք վերցնել: Բայց Հայաստանում այդ սկզբունքը չի գործում, եւ դա գործնականում  բազմիցս ապացուցվել է: Օրինակ' արդարադատության ոլորտի բարեփոխումների նպատակով, որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, բարձրացվեցին դատավորների ու դատախազների աշխատավարձերը. նրանք ամսական 1000 դոլարին համարժեք դրամից ավելի աշխատավարձ են ստանում: Ի՞նչ է, կաշառակերությունը դատաիրավական համակարգից վերացա՞վ, թե՞ այդ համակարգից բողոքները քչացան: Իհարկե, ո'չ մեկը և ո'չ էլ մյուսը:

 

Դարձյալ նույն հղումն անելով` բարձրացնել աշխատավարձերը այն դեպքում, երբ երկրում նվազագույն սպառողական զամբյուղը 50 հազար դրամ է, երբ բնակչության 1/3-ից ավելին' մոտ 1 միլիոն 150 հազար մարդ, պաշտոնապես աղքատ է, երբ մոտ 245 հազար մարդ գործազուրկ է, արդեն նույնիսկ անտրամաբանական էլ չէ, մարազմ է:

 

Որպես ավարտ, արժե մեջբերել Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա»-ից մի հատված. «Խնձորը պետք է ուտեն խոզերը, քանի որ նրանք կատարում են մտավոր ծանր աշխատանք»:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ