Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի գինեգործության ճանաչված կենտրոն Հեպպենհայմ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի հանդիսավոր տոնակատարությունը և ընդունելություն:
Այն կազմակերպել էր Հեսսենում ՀՀ պատվո հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերան: Ներկա էին շրջանի պետական և տեղական իշխանության մարմինների ղեկավարներ, գիտական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, Ֆրանկֆուրտում հավատարմագրված արտասահմանյան հյուպատոսներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու, Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ի թիվս արտասահմանյան հյուրերի, ներկա էր նաև Բրյուսելի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը:
Բացման և շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց Սթիվեն Բրայան Ֆերան: Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրանեսթի փոխնախագահ Վահան Հովհաննեսյանը: Նա հատուկ շեշտեց ներկայիս Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և անդրադարձավ դրանք հաղթահարելու ուղիներին:
Հետաքրքիր ելույթ ներկայացրեց Գաբրիելա ֆոն Հաբսբուրգը` երբեմնի Ավստրո-հունգարական կայսրության վերջին թագաժառանգ Օտտո ֆոն Հաբսբուրգի դուստրը, որը վերջերս այցելել էր մեր երկիր: Նա ներկայացրեց Հայաստանը որպես տուրիզմի զարգացման հսկայական հեռանկարներ ունեցող երկիր, որն աչքի է ընկնում հնագույն հուշարձաններով և հիասքանչ բնությամբ:
Ներկաները մեծ հետաքրքրությամբ ընդունեցին 200.000 բնակչություն ունեցող Բերգշտրասսե շրջանի լանդրատ (ադմինիստրատիվ ղեկավար) Մաթիաս Վիլկեսի ելույթը: Վերջերս Վիլկեսը այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ համաձայնություններ է կայացվել Արցախի համալսարանում գերմանական գրադարան ստեղծելու մասին: Դրանից հետո ադրբեջանական իշխանությունները նրա և պատվո հյուպատոս Ֆերայի անուններն ընդգրկել են, այսպես կոչված, «սև ցուցակում»: Նման ցուցակի գոյությունը Վիլկեսն անվանեց անախրոնիզմ, ինչպես նաև Երևան- Ստեփանակերտ օդային հաղորդակցությունն արգելափակելու` Ադրբեջանի փորձերը, որոնք պետք է հաղթահարվեն Եվրոպայի օգնությամբ:
Երեկոյի ընթացքում երաժշտական ուղեկցումն ապահովում էր անվանի երաժիշտ և կոմպոզիտոր Ֆրանս Լամբերտը: Կատարվեցին Հայաստանի, Գերմանիայի և Եվրոպական Միության օրհներգերը:
Հաջորդ օրերին Հայաստանի անկախության նվիրված երեկոյին անդրադարձ եղավ գերմանական մամուլում, որտեղ նաև նշվեց, որ մոտ ապագայում սպասվում է նոր այցելություն. ռեգիոնալ տնտեսական խորհրդի հրավերով Գերմանիա կայցելի ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: