Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձը: Մարզկենտրոն Գավառ քաղաքում միջոցառումը մեկնարկեց զինվորական քայլերթով: Նվագախմբի երաժշտական հնչյունների ներքո Գավառի կենտրոնական հրապարակ մտան քաղաքի կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ՝ Գավառից և հարակից համայնքներից: Տոնական քայլերթն ընդունեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
«Արդեն 27-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետության անցած կարճատև, բայց վայրիվերումներով լեցուն ուղին արժևորելուց առաջ կուզենայի, որ հիշենք ու արժանին մատուցենք Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտողներին: Այսօր ես առանց երկմտելու հայտարարում եմ` դուք` հայրենիքում ապրողներդ եք մեր հանրապետության ամուր հիմքերը: Ապրելով և արարելով այստեղ` դուք մեր հանրապետությանը պարգևել եք այսօրվա զինվորին ու սպային, բժշկին ու ուսուցչին, ինժեներին ու գյուղատնտեսին, որոնք մեր պետության պաշտպաններն են և տնտեսության շարժիչ ուժը: Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով:Այսօրվա տոնը ձեր նվաճումն է: Հավատացնում եմ` միասին մեկ առ մեկ անցյալում ենք թողնելու տարիներով չլուծված խնդիրները և շուտով տոնելու ենք նաև մեր մարզի տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտների նվաճումները: Հաղթանակ բոլորիս», - իր խոսքը եզրափակեց մարզպետը:
Անկախության տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց և օրհնանքի խոսք հնչեցրեց, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ընթերցվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքի խոսքը:
Այնուհետև միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին: Տոնակատարության մասնակիցները դիտեցին «Անկախության սերունդ» և «Հայաստանը առաջին հանրապետության տարիներին» ցուցահանդեսները, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների սաների կողմից ցուցադրության ներկայացված ձեռքի աշխատանքները, Գավառի մարզադպրոցի սաների ցուցադրական ելույթները: Տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցների տարբեր խմբերի սաների գեղարվեստական կատարումներով: Տոնախմբության մասնակիցներին երաժտական կատարումներով ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանը և գուսան Հայկազունը:
ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված մարզային տոնական միջոցառումը նախաձեռնել և իրականացրել էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ,Գավառի քաղաքապետարանը և «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը:
Միջոցառումները մարզի համայնքներում կշարունակվեն մինչև ուշ երեկո և կեզրափակվեն տոնական հրավառությամբ:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին