Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը.
«Մեծարգո վարչապետ,
Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:
Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը:
Շնորհակալություն ենք հայտնում տարբեր հարթակներում ձեր հաստատուն գործընկերության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում ձեր մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու համար:
Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ:
Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում»:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության վրա:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը, երկկողմ հիմքի վրա բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը:
Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, ամուր առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարեկեցություն և բարգավաճում»: