Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Երեւանում տոնական համերգ էր, Սերգո Կարապետյանն էր կազմակերպել' գյուղնախարարը: Նշում էին գյուղատնտեսության աշխատողի օրը: Նախ հարց է առաջ գալիս, թե ինչու էին Գյուղացու օրը նշում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իհարկե, մայրաքաղաքում բազմաթիվ են գյուղացիները, բայց, այնուամենայնիվ, Երեւանը դեռեւս գյուղ չէ, համերգը կարելի էր անել ոչ թե «Երեւանի գյուղացիների» համար, այլ` մարզերի: Սրանով կառավարությունը ցույց կտար, որ գյուղացիների վերաբերյալ ասվող ճոռոմ խոսքերից ու շնորհավորանք-մաղթանքներից զատ կա նաեւ ուշադրության նշույլ: Եվ եթե որոշել էիք, որ անպայման պետք է մշակութային երկնակամարը ողողած հայ «գիսաստղերի» մասնակցությամբ համերգ լինի, ապա գոնե դա կազմակերպեիք ոչ թե գյուղնախարարության ու կառավարության պաշտոնյաների, այլ` գյուղացիների համար, եւ ոչ թե մի քանի հոգու գյուղից բերեիք մայրաքաղաք, այլ` մարդկանց, որոնք կյանքում Երեւանը չեն տեսել: Իսկ այդպիսի մարդիկ մեր գյուղերում շատ-շատ են:
Իհարկե, «երանելի» կլիներ, եթե կառավարության ներկայացուցիչներն իրենք գնային գյուղ` Գյուղացու օրը նշելու, ձեռքի հետ էլ կիմանային, թե ձմռան նախաշեմին գյուղացին ուտելու եւ վառելու անհրաժեշտ ապրանք ունի՞, հատկապես' սահմանամերձ, լեռնային շրջաններում ու կարկտահար եղած Արմավիրի կոնկրետ գյուղերում:
Բայց գլխավոր հարցն այն է, թե` ինչների՞դ վրա եք համերգ անում:
Գյուղատնտեսության թեմային բազմիցս ենք անդրադարձել, մշտապես խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, բարձրաձայնում ենք, բայց այդ խնդիրներն ավելի մեծ թափով կուտակվում են, քան ստանում են լուծում: Անորակ սերմեր, թանկ ու անորակ պարարտանյութ, թունաքիմիկատներ, հնամաշ տեխնիկա, վառելիքի' գլխից դուրս գին, վարկեր, տոկոսներ, պարտքեր պարտքերի հետեւից, բնական աղետներ, կառավարության չնչին օգնություն ու արդյունքում' գյուղացու արտագաղթ հողից ու երկրից: Մարզպետարաններն ու գյուղապետերը հեռախոսազանգով «որոշում» են, թե որքան հողատարածք է մշակվել, եւ ինչ աճ են արձանագրել, ու կառավարությանը հաճոյանալու համար 35 տոկոս մշակումը դարձնում են 70 տոկոս: Նախարարն էլ հրապարակային խոսքում պարծենում է, որ ունենք մշակովի հողերի աճ: Սակայն ակնհայտ է, որ տարեցտարի մեր երկրում պակասում է մշակովի հեղատարածքների թիվը, քանի որ մարդիկ արդեն հոգնել են հողի հետ աննպատակ աշխատանքից:
Գյուղնախարարն անգամ արդեն հույսը ոչ թե իր, կառավարության ու պետբյուջեի վրա է դրել, այլ` Աստծո, որովհետեւ լավ գիտի' իրենց վարած քաղաքականությամբ միայն Տերը կարող է փրկել գյուղին ու գյուղացուն:
2011թ. այս օրերին Ջերմուկում կայացած Գյուղական համայնքների առաջին համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Գյուղական համայնքը պարտքով չպետք է ապրի. դա անպատասխանատու վերաբերմունք է: Այդ թեման փակ է»:
Մենք էլ հայտարարում ենք, որ պարտքով է ապրում, ու այսքան խնդիրներ կան անգամ նախագահի այդ ելույթից հետո: Նախագահը, վարչապետը եւ կամ գյուղնախարարը տեղյա՞կ են, արդյոք, որ ամեն ուսումնական տարին սկսվում է մի քանի գյուղական դպրոցով պակաս' աշակերտների քանակի նվազման պատճառով, տեղյա՞կ են, որ հողի մշակը օտարանում է հողից եւ գալիս Երեւան' էլիտար շենք սարքելու կամ ՌԴ-ում ասֆալտ անելու: Մեկնեք մարզեր ու կտեսնեք, թե հատկապես Արարատյան դաշտավայրում որքան հողերի վրա է տեղադրված «վաճառվում է» ցուցանակը: Իսկ լեռնային շրջաններում այդ ցուցանակն անգամ չկա. այնտեղ հող չեն գնում...
«Սիրելի' երկրագործներ, ձեր քրտնաջան աշխատանքի եւ պետական նպատակաուղղված քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտը թեւակոխեց զարգացման նոր միջավայր՝ գյուղն ու գյուղատնտեսությունը, գյուղմթերքի արտադրությունն ու իրացումը ձեր ջանքերով դարձավ մեկ ամուր արժեշթղա։ Դուք եք երկրի կերակրող ձեռքը, եւ Հայաստան երկրի շնորհակալ հողը միշտ վարձահատույց է լինելու ձեզ՝ օր օրի բարելավելով բոլորիս կյանքի որակը, բարձրացնելով մեր պետության պարենային անվտանգության մակարդակը։ Ես հավատում եմ ձեր ուժերին, մեր հողի զորությանը ...»: Մեջբերված հատվածը գյուղնախարարի շնորհավորական ուղերձից է: Նույն «copy-past» արած տեքստը նախորդ շնորհավորանքներից: Բայց իրականությունն ինքը փաստում է, որ այս կառավարությունը վարում է հակագյուղացիական քաղաքականություն, գործունեության ծրագիրը տապալել է նաեւ գյուղատնտեսության մասով:
Եվ հիմա ինչների՞դ վրա եք համերգ անում:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` mediamax.am-ից