Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր գումար հատկացրեց Մինաս Ավետիսյանի` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող «Հայաստան» որմնանկարի ամրակայման եւ վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Ըստ այդմ` 22 միլիոն 526.8 հազ. դրամ, նվիրաբերության կարգով, կտրամադրվի «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին:
«Պետք է նշեմ, որ 2012 թվականին Քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվել է կապիտալ վերանորոգման աշխատանքներ երկրաշարժից դեռեւս տուժած մշակույթի տան, եւ այն տարիներին այդ որմնանկարը զմռսվել էր եւ,ըստ էության, չէին կարողացել որեւէ ձեւով մոտենալ որմնանկարին` ընդհանուր կառույցի վթարային վիճակում գտնվելու պատճառով»,- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա ընդամենը տեղեկության համար հիշեցրեց, որ սա թվով 9-րդ որմնանկարն է, որը վթարային տարածքներում ամրակայվում է, տեղափոխվում ու վերականգնվում նոր տարածքներում: Վերջին որմնանկարները տեղափոխել են հենց Շիրակի մարզի տարածք:
«Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործընթացին միացել է նաեւ մասնավոր հատվածը, մասնավորապես` օրերս մեկնարկել է ԱՄՆ դեսպանի կողմից տրամադրված դրամաշնորհով Ռաֆայել Աթոյանի մի որմնանկարի նույնատիպ աշխատանքները` նույն գումարային ծավալով, ըստ էության, մենք արդեն ունենք մնացյալ 4 որմնանկարների խնդիրը, որոնք եւս փորձում ենք լուծել դրամաշնորհային միջոցների հայթայթման միջոցով»,- կառավարությանը տեղեկացրեց Հասմիկ Պողոսյանը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե 4 որմնանկարներն էլ Մինասի՞նն են արդյոք, ինչին մշակույթի նախարարը պատասխանեց, որ դրանցից մեկն է Մինասի աշխատանքը, որը գտնվում է շատ վատ վիճակում, եւ ընդհանրապես` տեղափոխման հետ կապված մեծ խնդիրներ կան. այդ որմնանկարը գտնվում է «Էլեկտրատեխնիկական» գործարանի տարածքում, որտեղից արդեն 3 որմնանկար տեղափոխել են: Իսկ մյուս երեք աշխատանքները Ռաֆայել Աթոյանի որմնանկարներն են: