Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկահայ բարերար, Հայ Յեղափոխական Դաշնակցության աջակից, դոկտոր Մայք Սարյանը Բրյուսելում Հայ Դատի հանձնախմբի համար գրասենյակ գնելու նպատակով տվել է 300 հազար ԱՄՆ դոլար նվիրելու խոստում:
«Դոկտոր Մայք Սարյանը Կալիֆոռնիայի գաղութի այն բարերարներից է, որն իր լուման է բերում մեր ազգի իրավունքների պաշտպանության հարցում: Հայոց ցեղասպանության հետապնդման ճանապարհին Հայ դատին կատարած՝ Մայք Սարյանի այս ներդրումն իր դրական անդրադարձը կունենա մեր պահանջատիրական աշխատանքներում»,- հաստատեց Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրյանը:
Մայք Սարյանը նաև տեսաուղերձով հաջողություն է մաղթել փետրվարի 28-ին Հայաստանում մեկնարկած Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին: Անդրադառնալով հայության առջև ծառացած դժվարություններին, մասնավորապես՝ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցած մեծ կորուստներին, ամերիկահայ բարերարը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքով հնարավոր կլինի կերտել ավելի լավ ապագա՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Այս առաքելության մեջ նա առանձնահատուկ կարևորել է Դաշնակցության դերը, որն առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է Ընդհանուր ժողովում բյուրեղացնի իր որոշումներն ու անելիքները:
«Դաշնակցությունն ուժեղ է իր աջակիցներով, որոնք տարբեր միջոցներով նպաստում են մեր՝ համազգային ընդգրկում ունեցող աշխատանքներին: Հայ դատի հետապնդման ջանքերը, մասնավորապես, մշտապես կարիք ունեն ուշադրության և ներդրումների, կամավոր և մասնագիտական ներուժի ներգրավման: Այս նվիրական գործունեությանն իրենց նպաստն են բերում բազմաթիվ բարերարներ, մասնագետներ, երիտասարդներ: Դոկտոր Մայք Սարյանի նվիրատվության այս նախաձեռնությունը, անշուշտ, էապես կնպաստի Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքներին և կլինի դրական նոր ազդակ՝ նմանատիպ աջակցությունների համար: Շնորհակալություն մեր համազգային դատի հետապնդման աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին հաջողություն մաղթելու համար»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: