կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-07 16:26
Առանց Կատեգորիա

Հայդե՜` այնտեղ, ուր ձմեռ կա

Հայդե՜` այնտեղ, ուր ձմեռ կա

Առջեւում ձմեռ է,  կանգառներում այլեւս քնել չի լինի: Ձմռանը սկսում ենք կռիվ տալ կատուների հետ. ով շուտ հասավ տանիք, նա էլ գիշերելու տեղ ունի: Ձմռանն ամենից հաճախ ես հիշում ընտանիքդ, ավելի հաճախ ու ավելի թունդ հայհոյում քեզ տնից դուրս շպրտողներին, ավելի շատ խմում, ավելի քիչ խոսում: Բայց ձմեռը տարվա միակ եղանակն է, որի ժամանակ սպասում ես, սպասում ես եղանակները տաքանան` հույսով, որ… Չէ, ոչ մի բանի հույսով, ուղղակի սպասում ես եղանակների բացվելուն: Անձրեւները տանելի են. դառնում ես խլուրդ ու հոտոտելով, ձեռքերդ առաջ պարզած փնտրում չոր կանգառներ: Մոռացա` ձմեռը մի առավելություն էլ ունի. աղբամաններն այլեւս չեն բուրում, հանգիստ կարող ես ինչ-որ բան որոնել, բայց, դրան զուգահեռ, ձմռանը մարդիկ նստում են ընդեղենի վրա, իսկ ավել մնացած ճաշը թափելու համար ալարում հասնել մոտակա աղբամանին` կոյուղին կա ու կա: Ձմռան հագուստ միշտ էլ գտնվում է, փառք Աստծո, հայ կանայք ուրիշ են` հագուստեղենը չեն նետում աղբարկղը, տոպրակով դնում են աղբամանի կողքը: Տեսած կլինեք, որ բոմժերն ամռանը տաք են հագնվում. չէ, չենք մրսում, ուղղակի շորերդ պահելու տեղ չունես, մյուսները կգտնեն ու կգողանան:

 

Տիգրան Մեծ փողոցում մի բարձրահարկ շենք կա, ամենից հարմարը դրա տանիքն է: Վերջին հարկում ունեւորներ են ապրում, տունն էնպես են տաքացնում, որ մեկ-մեկ գնում-կպնում եմ դրսի պատերին` մարմինս տաքացնելու համար: Լավ մարդիկ են, մի անգամ, հա, ծեծել են ինձ, բայց ես էի մեղավոր: Գիշերով տանիք էի բարձրանում, աղջիկն էլ տուն էր վերադառնում, ինձ տեսավ` ձայնը գլուխը գցեց` գիտեր գող եմ: Հորիցս հետո առաջին ծեծն էր: Վախեցրին, թե կսպանեն, եթե էլի տանիքում տեսնեն, բայց ճար չունեի: Հետո կամաց-կամաց ընտելացան ինձ, տեսան, որ անշառ եմ ու սեզոնային /միայն ձմեռն եմ տանիքում քնում/: Խմում-քնում էի: Մեկ-մեկ, որ տեսնում են տանիք եմ բարձրանում, կինը տաք-տաք ճաշ է լցնում պլաստմասսայից ամենի մեջ ու դնում աղբատար խողովակի կողքը: Բայց գդալ մոռանում է տալ:

 

Գիտեմ` վրայիցս հոտ է գալիս. ամսվա մեջ մեկ անգամ եմ գնում բաղնիք, եթե բախտս բերում է ու հին ածելի եմ գտնում, տեղում միրուքիս հարցերը լուծում եմ: Չնայած էլ ինչ բոմժ, որ միրուք չունենա: Երբեք ձեռքս չեմ պարզում ու «հացի փող տվեք» ասում: Ինձ արդեն ճանաչում են, գիտեն, որ խմող եմ, բայց, մեկ է, շատերն են գումար տալիս: Անգամ բարեւողներ ունեմ:

 

Թոռանս շատ եմ կարոտում, ձմռանը կարոտն անտանելի է դառնում: Մի օր հավաքած փող ունեի, Ֆիրդուսու տոնավաճառից փոքր ավտո գնեցի, գնացի մանկապարտեզի մոտ, ծնողներից մեկին խնդրեցի, որ տա թոռանս ու ասի, որ պապին ա տվել: Էդ օրը կանգնել էի հեռվում ու սպասում էի, որ թոռս դուրս գա` ձեռքին իմ տված խաղալիքը: Ուղղակի պիտի տեսնեի` հեռվից: Տղաս եկավ, որ երեխուն տուն տանի: Տեսավ ինձ` հեռվում կանգնած: Երեխուն գրկած դուրս եկավ մանկապարտեզից, հետո երեխու ձեռքից խլեց խաղալիքը ու ցուցադրաբար շպրտեց գետնին: Թոռս լացում էր… Իմ տված խաղալիքի համար էր լացում, չնայած հիմա հասկանում եմ, որ երեխա է` ինչ խաղալիք էլ ձեռքից վերցնես, լացելու է:

 

Երբեք չեմ սիրել տոները, պարադները: Իրականում դրանց իմաստը մեկն է` ձեւը` ցուցադրական բաներ կան դրանց մեջ: Բայց հիմա տոն օրերը տոն են ինձ համար` գարեջուր հյուրասիրող ջահել տղերք` լիքը, ծխախոտի անսպառ պաշար, չհաշված` ադի-բուդին: Բացօթյա համերգների ժամանակ գնում-շարքերով պտտվում եմ, ժամը մեկ հավաքածս բերում ու մի տեղ թաքցնում ու կրկին դուրս գալիս որսի: Համերգները համերգի նման չեն, ճիշտ է, բայց համերգի եկողները հազար համերգ արժեն ինձ համար:

 

Բոլոր գրպանահատներին ճանաչում եմ, իրենք էլ` ինձ: Վատ տղերք չեն, մեկ-երկուսն են խուժան: Չեմ արդարացնում, բայց էս ժողովրդին հասնում է: Պայքարող չեն, պայքարող չենք: Հայի սովորություն է` «է՜հ» ասել ու ձեռքը թափ տալ, երբեմն` հպարտությունից դրդված, իսկ հետո բոմժի կամ գողի կյանք վարել` հպարտորեն:

 

 ***

Ռուսաստանում ինձ համար հանգիստ աշխատում էի, կանչեցին, թե` պա'պ, արի, արդեն մեծ ես, արի քեզ տիրություն կանենք: Տունս տղայիս անունով արեցին, իսկ որոշ ժամանակ անց կամաց-կամաց սկսեցին ինձ դիտել որպես ավելորդ իր` սեփական տան մեջ: Հերթական կռվի ժամանակ տղես թեւերիցս բռնեց ու հայդե` այնտեղ, ուր ձմեռ կա:

 

***

Ոչ մի պետական մարմին չգիտի, թե Հայաստանում քանիսն են անտունները, պարզ է միայն, որ, 2013թ. առաջին կիսամյակի տվյալներով, ՀՀ-ում 2012թ. ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 16 մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա: Ի դեպ, օրերս պարզ դարձավ, որ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված` Նունե Եսայանի տոնական համերգը ՀՀ պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ