Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի համար միևնույն է` ԱԺ նիստերը եռօրյա, թե քառօրյա ձևաչափով կլինեն: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը հավաստիացրեց, որ խորհրդարանական գործունեության տասը տարիների ընթացքում ինքը երկու ձևաչափով էլ աշխատել է, բայց երբեք չէ հոգնել:
Նշենք, որ ԱԺ քառօրյա նիստերը եռօրյայով փոխարինելու օրենսդրական նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ «Ժառանգություն» խմբակցությունը:
Էլ ավելի հասկանալի դարձնելու համար իր ասածը, Մարգարյանը մի քանի մաթեմատիկական հաշվարկներ ներկայացրեց: «Մենք եռօրյա նիստերն անցկացրել ենք 3 օր, բայց սկսել ենք ժամը 10-ից, ոչ թե` 12-ից, այսինքն` եթե ամեն օր մեկ նիստ ես գումարում, ստացվում է երեք նիստ` ժամուկես տևողությամբ: Մենք ժամանակին հաշվարկել ենք դա. դու աշխատում ես, երեք օրում 4 նիստ ես գումարում` ժամուկես տևողությամբ, ժամը 10-ին սկսվում է, 11:30 առաջին ընդմիջումն է, այսինքն` մեկ նիստ ավելանում է, ստացվում է, որ մեկ նիստ ավելի աշխատեցին, այդ դեպքում ստացվում է օրն է ծանրաբեռնված: Օրական մեկ նիստ հանի` գումարի 4-րդ օրը` հինգշաբթի օրը գցել ենք մեկ նիստ»,- ասաց պատգամավորը` նկատի ունենալով, որ երկու դեպքում էլ նիստերի քանակը նույնն է լինելու:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն ընդհանրապես դեմ է այդ նախագծին: Ըստ նրա` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, որպես օրենք, քառօրյա նիստերին կա'մ շատ հազվադեպ են ներկայանում, կա'մ չեն ներկայանում:
«Ընդհանրապես նրանք իրենց աշխատանքը դրսում են տեսնում` բողոքների տեսքով, իսկ ԱԺ-ի դահլիճում համարյա թե չեն լինում ու երևի հոգնում են»,- ասաց նա և հավելեց, որ իր համար անընդունելի է, երբ խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Ժառանգություն» խմբակցության անդամները, առանց խորհրդակցելու այլ ֆրակցիաների հետ, նման հարցադրումներ են անում:
Աճեմյանի կարծիքով` չորրորդ օրն աշխատելը շատ արդյունավետ է, և պատգամավորները չպետք է աշխատանքից խուսափեն: «Չեմ կարծում, որ այնպիսի պայմաններ պետք է ստեղծեն պատգամավորների համար, որ քիչ աշխատեն, ընդհակառակը` մենք պետք է շատ աշխատենք»,- հավելեց նա: